կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-31 18:05
Աշխարհ

Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը

Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը

Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրի» շրջանակներում ստեղծված ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեն իր անդրանիկ նիստն է անցկացնում Ստամբուլում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի հյուրընկալությամբ անցկացվող բարձրաստիճան հանդիպմանը նախատեսվում է երեք երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբի պետերի մասնակցությունը։ Մասնավորապես, նիստին ներկա կգտնվեն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Սելջուք Բայրաքթարօղլուն, ինչպես նաև նրանց պակիստանցի և սաուդցի գործընկերները։

Օրակարգի առանցքային թեմաներն են միջազգային անվտանգության խնդիրները, պաշտպանական կարողությունների զարգացումը, երեք երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության խթանումը, ռազմարդյունաբերության ոլորտում (ներառյալ համատեղ արտադրությունն ու հետազոտությունները) համագործակցության խորացումը և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը։ Նախատեսվում է նաև նախանշել հետագա քայլերի ճանապարհային քարտեզը և ստեղծել աշխատանքները համակարգող հատուկ քարտուղարություն։

Հիշեցնենք, որ «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրը» ստորագրվել էր 2026-ի օգոստոսի 7-ին Մեքքայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից։ Համաձայնագրի կարևորագույն դրույթներից մեկի համաձայն՝ դաշնակից երկրներից որևէ մեկի դեմ իրականացված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր մասնակից պետությունների վրա։