կարևոր
1129 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-31 22:17
Հասարակություն Տնտեսական

«Wildberries»-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են հասցրել նաև հայ գործարարներին

«Wildberries»-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են հասցրել նաև հայ գործարարներին

«Wildberries» ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերության պահեստների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով միլիարդավոր վնասներ են կրել արտասահմանցի գործարարներ, այդ թվում՝ Հայաստանից։

Կորուստներ են ունեցել նաև Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Չինաստանի գործարարները։

Կիմը նշել է, որ «Wildberries»-ը նախատեսում է հանդիպումներ անցկացնել հարձակումներից առավել տուժած շրջանների ձեռնարկատերերի հետ և վերակազմավորում է լոգիստիկ գործընթացները՝ առաքումների արագությունը պահպանելու համար։

Նրա խոսքով՝ «Wildberries»-ի պահեստների վրա իրականացված հարձակումները համարվում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժոր) հանգամանքներ, և օրենքի համաձայն՝ այդ կորուստները փոխհատուցման ենթակա չեն։

«Այս կետի առկայությունը կամ բացակայությունը օֆերտաներում որևէ նշանակություն չունի, ուստի, օրենքի համաձայն, այդ վնասները ենթակա չեն փոխհատուցման։ Ցավոք, համացանցում հայտնվել են բազմաթիվ խարդախներ և իրավաբաններ, որոնք փորձում են շահույթ ստանալ մեր ընդհանուր դժբախտությունից՝ օգտվելով իրավիճակից և մարդկանց անտեղյակությունից՝ առաջարկելով իրենց ծառայությունները խնդիրները լուծելու համար։ Այդ պատճառով դիմում եմ մեր բոլոր վաճառողներին։ Հարգելի գործընկերներ, վստահեք միայն հաղորդակցության պաշտոնական ալիքներին, մեր ընկերությանը և պետությանը։ Ներկա իրավիճակում ձեզ կարող ենք օգնել միայն մենք և պետությունը։

Պատմեմ, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում այժմ։

Մենք հանդես ենք եկել որպես փոքր և միջին բիզնեսի շահերի ներկայացուցիչ և արդեն երկրի կառավարության հետ քննարկել ենք տուժած բոլոր ձեռնարկատերերին աջակցելու համալիր միջոցառումները։ Այժմ մշակվում է միասնական համակարգ, որի շրջանակում օգնություն կստանա յուրաքանչյուր տուժած։ Առաջիկա օրերին այդ միջոցառումների ամբողջ փաթեթը կհրապարակվի։

Մինչ այդ համակարգը մշակվում է, մենք արդեն իրականացրել ենք աջակցող վճարումների երկու փուլ այն վաճառողների համար, որոնց ապրանքները տուժել են հարձակումների հետևանքով։ Երկրորդ փուլում ընդգրկվել է փոքր և միջին բիզնեսի գրեթե 100 հազար ներկայացուցիչ, որոնցից շատերն արդեն ստացել են համապատասխան վճարումները։

Մեր խոշոր գործընկերների համար մենք մեր հաշվին ավելացրել ենք մշտական գնորդի զեղչը նրանց ապրանքների նկատմամբ, տրամադրել ենք վարկային արձակուրդներ մեր բանկում, ինչպես նաև ներդրել ենք աջակցության մի շարք այլ միջոցներ։

Հաջորդ շաբաթվանից նախատեսում ենք կազմակերպել առկա հանդիպումներ առավել տուժած տարածաշրջանների ձեռնարկատերերի հետ, որպեսզի հասցեական լուծենք ստեղծված իրավիճակից բխող նրանց հրատապ խնդիրները»,-նշել է ընկերության հիմնադիրը։