կարևոր
1054 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 12:17
Աշխարհ

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

Ուկրաինական ուժերը հուլիսի 22-ի գիշերը հարվածներ են հասցրել Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Wildberries-ի ղեկավար Տատյանա Կիմը Telegram-ում։

Նա նշել է, որ հարվածի են ենթարկվել լոգիստիկ կենտրոնները Կրասնոդար և Նևինոմիսկ քաղաքներում, կան վիրավորներ։

Ընկերությունից հայտնել են, որ երկու կենտրոնների աշխատանքը դադարեցվել է։

Իր հերթին, Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ Նևինոմիսկի պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է. նրանցից երեքի վիճակը ծանր է։ Իսկ Կրասնոդարի պահեստային համալիրում, ըստ իշխանությունների, վիրավորվել է 10 մարդ։

Հուլիսի 18-ի գիշերը ևս Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում Wildberries-ի պահեստները ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի հարձակման: Կոտովսկում զոհվել է յոթ մարդ, Էլեկտրոստալում՝ մեկ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերին հարվածները։ Telegram-ում գրառման մեջ նա նշել է, որ երկրի Զինված ուժերը հաջողությամբ հարվածել է «լոգիստիկ կենտրոններին, որոնք ներգրավված են ռուսական բանակին անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներով, նավիգացիոն սարքերով և սարքավորումներով մատակարարելու մեջ»։

Զելենսկին նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերը խոցել են «հերթական նավթաբազան», ինչպես նաև ռուսական ստվերային նավատորմի մեկ լցանավ և չորս չորաբեռնատար նավ։

Ըստ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի՝ Արմավիր քաղաքում նավթաբազային հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի 16 տարածաշրջանում խոցվել է ուկրաինական 242 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինան էլ հայտնել է, որ Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է 1 բալիստիկ հրթիռ, երեք կառավարվող ավիացիոն հրթիռ և 216 ԱԹՍ։ Օդեսայի մարզում կա 1 զոհ։ Կիևի մարզում 5 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 1 երեխա։