|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում անդունդի եզրին էին կանգնած, իսկ հիմա գլորվում են դեպի անդունդը:
Լրատվամիջոցների հետ զրույցում այսպիսի է տեսակետ հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանն՝ անդրադառնալով գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության և հնարավոր տնտեսական վտանգներին:
Գնահատելով ներկայիս իրավիճակը՝ Աբովյանն ասել է, որ գործող իշխանությունն իր վերարտադրվելու համար նժարին է դրել Հայաստանի Հանրապետության գոյության հարցը։
«Այս իշխանության հակառուսական, հակաչինական կամ հակաիրանական քայլերը նկատելու համար բավական է ընդամենը ծանոթանալ այն փաստաթղթին, որը ստորագրվել է Հայաստանում տեղի ունեցած եվրոպական գագաթնաժողովի շրջանակում։ Մենք կրկնում ենք նույն վրացիների, մոլդովացիների, ուկրաինացիների սխալը․ Հայաստանը չի գնում դեպի Եվրոպա: Այլ խոսք, որ Հայաստանին այդպես են ներկայացնում եվրոպացիները, բայց մի լավ արտահայտություն կա՝ ամուսնանալ և ամուսնանալու խոստում տալը տարբեր բաներ են: Մեզ խոսք են տվել, որ կամուսնանանք իրար հետ, բայց դա չի լինի շատ պարզ պատճառով: Հիշենք՝ Եվրոպական միության թերևս երկու տարի առաջ ընդունված որոշումը, համաձայն որի՝ Եվրոպայի ընդլայնումը անորոշ ժամանակով դադարեցվում է, իսկ այդ անորոշ ժամանակը կարող է լինել 50-ից 100 տարի»,- ասել է Աբովյանը:
Անդրադառնալով եվրոպական երկրների ղեկավարների Հայաստան կատարած այցին և եվրոպական հեռանկարներին՝ Աբովյանն ասել է.
«Իշխանությունը ոչ թե եվրոպամետ, այլ՝ թուրքամետ, ադրբեջանամետ քաղաքականություն է վարում՝ գեղեցիկ եվրոպական փաթեթավորմամբ քաղաքականություն: Հայաստանի ներկայությունը ԵԱՏՄ-ում հակասում է այն փաստաթղթին, որն այս իշխանությունը ստորագրեց եվրոպական գագաթնաժողովի շրջանակում»։
Հարցին, թե արդյո՞ք Եվրոպան պատրաստ է բացել իր շուկան Հայաստանի առջև, Արման Աբովյանը բացասական պատասխան է տվել։
«Եվրոպան բացո՞ւմ է Հայաստանի առջև իր շուկան։ Ո՛չ։ Ասեմ ավելին՝ եվրոպական շուկան մասնակի բաց է 2015 թվականից։ Մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, խնդրեմ՝ ձեր ապրանքները տարեք Եվրոպայում վաճառեք։ Ինչի՞ չեն տանում. շատ պարզ պատճառով՝ բացի եվրոպական ստանդարտներից, այնտեղ գործում է քվոտավորման խստագույն համակարգ, որը ներում-բեկում չունի։ Վրացիները էդքան խելք չունեի՞ն, որ որոշեցին դիվերսիֆիկացնել իրենց քաղաքականությունը դեպի ԵԱՏՄ, կամ նույն Ուկրաինան, որին պատերազմի ընթացքում փողով ու զենքով զինում է Եվրոպան, բայց ոչ մի ուկրաինական ապրանք չի մտնում Եվրոպա»,- ասել է պատգամավորի թեկնածուն:
Վերլուծելով տնտեսական հնարավոր հետևանքները՝ Արման Աբովյա եզրափակել է.
«Մենք պետք է շատ հստակ և պարզ հասկանանք, որ այսպես ունենալու ենք տնտեսական կոլափս, որը կրկին այս իշխանությունները մեղսագրելու են ռուսների վրա՝ ասելով՝ տեսեք, ռուսները փակեցին սահմանը: Այն պարագայում, երբ ռուսն ասում է՝ ուզո՞ւմ ես գնաս Եվրոպա՝ գնա, ես դեմ չեմ, բայց դու չես գնա Եվրոպա իմ ռեսուրսների հաշվին»։