|
Փոխարժեքներ
13 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Բժիշկ-վիրաբույժ Ալեքսան Թորոյանի համար յուրաքանչյուր աշխատանքային լուսաբաց ոչ թե սովորական օրվա սկիզբ է, այլ նոր հաղթանակ՝ հանուն ամենաթանկի՝ մարդկային կյանքի։ Տարիների ընթացքում կատարված բարդ ու պատասխանատու վիրահատությունները ոչ միայն կատարելագործել են նրա մասնագիտական վարպետությունը, այլև կոփել ամուր կամքն ու անսահման նվիրումը։
Մանկության երազանքից սկիզբ առած սերը դեպի բժշկությունը ժամանակի հետ վերածվել է սուրբ առաքելության՝ դառնալով նրա կյանքի գլխավոր հիմնասյունն ու մասնագիտական պատիվը։
Ալեքսան Թորոյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում՝ Ալյոշա և Աշխեն Թորոյանների համեստ ընտանիքում: Չնայած ընտանիքում բժիշկներ չկային, փոքրիկ Ալեքսանը հաստատակամորեն գնում էր իր երազանքի հետևից: 1975 թվականին, գերազանց առաջադիմությամբ ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, նա առանց վարանելու ընտրեց բժշկի բարդ, բայց պատվաբեր ուղին՝ գիտակցելով այս մասնագիտության կարևոր դերը հասարակության մեջ:
Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով նա մեկնեց Ռուսաստանի Դաշնություն և ընդունվեց Բլագովեշչենսկի բժշկական ինստիտուտ, որն ավարտեց 1981 թվականին: Ուսանողական տարիներին նա աչքի է ընկել մեծ ակտիվությամբ. դեռ 3-րդ կուրսից զբաղվել է վիրաբուժությամբ և ղեկավարել ինստիտուտի վիրաբուժական խմբակներից մեկը:
Ուսումնառությունից հետո Թորոյանը շուրջ 5 տարի որպես վիրաբույժ աշխատել է Խաբարովսկի մարզի Կոմսոմոլսկ-նա-Ամուրե քաղաքում: Սակայն հայրենիքի կանչն ավելի զորեղ էր, և 1984-ին նա որոշում է թողնել ամեն ինչ ու վերադառնալ հարազատ գյուղ:
Աշխատանքի անցնելով Ախալքալաքի հիվանդանոցում նա իր բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ 1985-ին նշանակվում է գլխավոր բժշկի տեղակալ, իսկ 1986-ից առ այսօր (արդեն 40 տարի) հանդիսանում է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի տնօրենը:
2007 թվականին Ալեքսան Թորոյանը պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան (որը Վրաստանի գործող օրենսդրությամբ համապատասխանում է դոկտորի աստիճանին): Իր 45-ամյա գործունեության ընթացքում նա կատարել է ավելի քան 5000 վիրահատություն: Նույնիսկ այն ժամանակներում, երբ պայմանները նվազագույն էին, իսկ վտանգը՝ առավելագույն, նա առանց վարանելու վերցրել է նշտարը։ Յուրաքանչյուր վճռորոշ վայրկյան նրա ձեռքերում դառցել է փրկության հնարավորություն՝ ապացուցելով, որ անհնարինը հնարավոր է։
Չնայած իր բարձր դիրքին և վաստակած հեղինակությանը՝ Ալյոշովիչը, ինչպես նրան մտերիմաբար դիմում են գործընկերները, մնացել է նույն պարզ ու մարդամոտ անհատը: Նա միշտ պատրաստ է օգնել մարդկանց թե՛ մասնագիտական խորհրդով, թե՛ մարդկային աջակցությամբ:
Ալեքսան Թորոյանը հաջողակ է նաև ընտանիքում, ունի երկու որդի և երեք թոռնիկ: Նրա փոքր որդին՝ Ալյոշա Թորոյանը, որոշել է շարունակել հոր ուղին: Կրտսեր Թորոյանը հպարտությամբ է նշում, որ երջանիկ է հոր պատվաբեր գործը շարունակելու հնարավորության համար:
Բժիշկ Թորոյանի հետ Georgia Javakheti-ի հարցազրույցն անցավ ջերմ ու բովանդակալից մթնոլորտում՝ ևս մեկ անգամ փաստելով, որ նա ոչ միայն հմուտ վիրաբույժ է, այլև իր տարածաշրջանի նվիրյալ զավակը:
-Ինչո՞ւ որոշեցիք Ռուսաստանից վերադառնալ հայրենիք և աշխատել Ախալքալաքում, այն էլ՝ այդ դժվարին տարիներին։
- Վերադարձիս հիմնական շարժառիթը հայրենիքի կանչն ու ծնողներիս խնդրանքն էր։ Ինձ համար առաջնային էր օգտակար լինել իմ ժողովրդին ու հարազատներին։ Մինչ օրս փորձում եմ ուժերիս ու գիտելիքներիս չափով գիշեր-ցերեկ ծառայել մեր բնակչությանը։
-Ձեր ընտանիքում բժիշկներ կա՞ն։
-Այո, կրտսեր որդիս՝ Ալյոշա Թորոյանը, շարունակել է ուղիս։ Նա ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ և վիրաբույժ է, աշխատում է Երևանի «Սլավմեդ» ԲԿ-ում և Հանրապետական ծննդատանը։ Կինս մասնագիտությամբ ֆինանսիստ-հաշվապահ է։ Ունեմ նաև չորս թոռնիկ։
Դուք մասնագիտությամբ վիրաբույժ եք, այսօր կարողանում եք համատեղել հիվանդանոցի մենեջերի աշխատանքը վիրաբույժության հետ։
-Ի սկզբանե լինելով վիրաբույժ՝ ես առ այսօր հավատարիմ եմ իմ կոչմանը։ Ինձ համար անհնար է պատկերացնել կյանքն առանց վիրահատարանի, չէ՞ որ փրկված յուրաքանչյուր կյանք այն առաքելությունն է, որով շնչում ու ապրում է բժիշկը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մասնագետներին, ովքեր չեն ցանկանում վերադառնալ հայրենիք։
-Դա ցավոտ հարց է։ Մենք նոր ուժի և երիտասարդ կադրերի խիստ կարիք ունենք։ Ես ոչ միայն խորհուրդ եմ տալիս, այլև գործնական քայլեր եմ անում նրանց ներգրավելու համար։ Այսօր մեր հիվանդանոցում ունենք 7-8 կրտսեր բժիշկ, ում փորձում եմ անձամբ կրթել և ոգեշնչել։ Նրանք խոստացել են մնալ և ծառայել մեր ու Նինոծմինդայի հիվանդանոցներում։ Մենք համագործակցում ենք հարևան շրջանի հետ՝ թեթևացնելու մեր հայրենակիցների հոգսը, օրինակ՝ դիալիզի և ամբուլատոր ծառայությունների հարցում։
- Իսկ ի՞նչ նոր ծրագրեր կան բժշկական ծառայությունների ընդլայնման, օրինակ՝ ՄՌՏ-ի (MRI) հետ կապված։
- Մեր հիվանդանոցում արդեն տեղադրված է 2024 թվականի արտադրության «Toshiba» ֆիրմայի ժամանակակից համակարգչային տոմոգրաֆ (CT)։ Սա մեծ ձեռքբերում է, որը թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշում իրականացնել։ Մեզ մոտ են գալիս ոչ միայն տեղացիները, այլև հիվանդներ Ասպինձայից, Բորժոմից և Ադիգենից։ Ապագայում մտադիր ենք տեղադրել նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ (MRI)։
- Մոտավորապես քանի՞ վիրահատություն և ծննդաբերություն է իրականացվում տարեկան։
- 90-ականներին տարեկան կատարում էինք մինչև 1500 վիրահատություն, իսկ վերջին տարիներին՝ 350-400, ինչը դարձյալ զգալի թիվ է։ Ցավոք, ծնելիությունը նվազել է. եթե առաջ ունենում էինք 1500 ծնունդ, ապա հիմա Ախալքալաքում տարեկան մոտ 350 է, իսկ Նինոծմինդայում՝ 150-170։ Շատերը գնում են այլ քաղաքներ, սակայն հաճախ բարդություններով վերադառնում են մեզ մոտ՝ զղջալով, որ ի սկզբանե չեն վստահել տեղի մասնագետներին – եզրափակեց իր խոսքը Ալեքսան Թորոյանը։
Աղբյուրը՝ Georgia Javakheti