Միասին կարող ենք
կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-13 09:32
Հասարակություն

Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ»

Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում պետական համակարգն արդեն փաստացի լծված է քաղաքական գործընթացներին։ Նախարարները տարբեր ձևաչափերով ներգրավված են քարոզչական արշավներում, մարզային այցելություններում ու քաղաքական ակտիվության մեջ, հիմնականում արձակուրդում են։ Տարբեր գերատեսչություններում գործում են ժամանակավոր կառավարման ռեժիմով։

Այս օրերին Լենա Նանուշյանն է իրականացնում առողջապահության նախարարի ժամանակավոր պարտականությունները։

Ասել է թե՝ առողջապահության համակարգի ղեկավարումը վստահվել է մի պաշտոնյայի, որի շուրջ իշխանության ներսում ու հանրային դաշտում վաղուց հարցեր են կուտակվել։

Նախ՝ կերպարային ու քաղաքական ընկալումների տեսանկյունից Նանուշյանը դժվար է ասոցացնել ՔՊ-ի այն հիմնական թեզերի հետ, որոնք իշխանությունը տարիներ շարունակ առաջ է տարել։ Մասնավորապես՝ հանրային քննարկումների առարկա է դարձել այն հանգամանքը, որ նրա որդին բանակում չի ծառայել՝ առողջական պատճառաբանությամբ։ Այս թեմայի մասին տարբեր հրապարակումներ ու քննարկումներ են եղել մեդիայում, հատկապես այն ֆոնին, երբ նույն իշխանության ներկայացուցիչները մշտապես խոսում են հավասար պարտավորությունների ու ծառայության կարևորության մասին։ Ընդ որում, նախարար Ավանեսյանի երկու որդիները ներկայումս ծառայում են բանակում։

Մյուս կարևոր հանգամանքը վերաբերում է առողջապահական ապահովագրության ծրագրին։ Տարիներ շարունակ հենց Լենա Նանուշյանն էր համարվում ոլորտի պատասխանատուներից մեկը, սակայն գործընթացն այդպես էլ չհասավ գործնական իրականացման, և իշխանության ներսում անգամ այն գնահատվում էր որպես ձախողված ուղղություն։ Միայն այն բանից հետո, երբ նախարար Ավանեսյանը նախաձեռնությունն ամբողջությամբ վերցրեց իր վերահսկողության տակ և սկսեց անձամբ առաջ մղել նախագիծը, իշխանական շրջանակներում սկսեցին խոսել «առաջընթացի» մասին ու գովեստի խոսքեր հնչեցնել նախարարի հասցեին։

Իշխանական համակարգում նաև չեն մոռանում, որ Նանուշյանը համարվում է նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մերձավոր թիմակիցներից մեկը։ Թորոսյանի ազդեցության թեման առողջապահության համակարգում շարունակում է ակտիվ քննարկումների առարկա մնալ նույնիսկ նրա պաշտոնավարումից տարիներ անց։

Փորձեցինք թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև Լենա Նանուշյանից, մասնավորապես՝ արդյոք իրեն հարմարավետ զգո՞ւմ է նախարարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, և ինչպե՞ս է գնահատում իր հասցեին հնչող քննադատությունները։ Սակայն Նանուշյանը մեր զանգերին չի պատասխանել, և մեկնաբանություն ստանալ չի հաջողվել»։