Միասին կարող ենք
կարևոր
601 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-27 18:44
Քաղաքական

Ե՞րբ է Փաշինյանը Ալիևին «անկլավները» նվիրելու. քաղաքագետի անդրադարձը

Ե՞րբ է Փաշինյանը Ալիևին «անկլավները» նվիրելու. քաղաքագետի անդրադարձը

Ե՞րբ է Փաշինյանը Ալիևին «անկլավները» նվիրելու: Այս մասին հրապարակած տեսանյութին կից գրել է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:

«Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը. նա պնդում է. «եթե մենք չվերարտադրենք մեր իշխանությունը, ապա պատերազմ կսկսվի»: Բացի այն, որ նա շանտաժի է ենթարկում սեփական քաղաքացիներին, այստեղ պետք է արձանագրել մի կարևոր փաստ. ստացվում է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանի համար նախընտրելի վարչապետի թեկնածուն:

Սրանով Փաշինյանը նաև հայտ է ներկայացնում հավերժ իշխելու համար, քանի որ միշտ կարող է ասել՝ «եթե մենք չլինենք, պատերազմ կլինի»: Սակայն այստեղ տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ է Ադրբեջանին անհրաժեշտ հենց Փաշինյանը՝ որպես վարչապետ: Օրինակ՝ որպեսզի նրանք ստանան այսպես կոչված անկլավները: Փաշինյանն ասում էր, թե անկլավների հարցը լուծելու են իրավական ճանապարհով: Իսկ ո՞րն է այդ «իրավական ճանապարհը». այն, ինչ տեսանք Կիրանցում, երբ փաստացիորեն Ադրբեջանին հանձնվեցին մի շարք տարածքնե՞ր:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել, օրինակ, Տիգրանաշենի հանձնումը ադրբեջանական կողմին: Քաղաքացիները նաև քաջ գիտակցում են, թե ինչ նպատակ է հետապնդում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը: Իրականում Ադրբեջանը նախապատրաստվում է նոր էսկալացիայի Հայաստանի դեմ և սեփական ներքին լսարանի համար լեգիտիմացնում է նոր պատերազմական գործողությունները:

Մեր քաղաքացիներն իրականում շատ երևույթներ ճիշտ են ընկալում, և մոտ ապագայում կտեսնենք, թե ինչպես դա կարտացոլվի իրական քաղաքական գործընթացների ժամանակ»: