Միասին կարող ենք
կարևոր
721 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-26 15:59
Աշխարհ

ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ հայտարարություն

ՀԱՊԿ ԽՎ-ն կոչ է անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ հայտարարություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ լարվածության սրման վերաբերյալ։

Հայտարարության մեջ խորին մտահոգություն է արտահայտվում տարածաշրջանում լարվածության արագ սրման կապակցությամբ, որը պայմանավորված է արտատարածաշրջանային ուժերի սադրիչ գործողություններով՝ ուղղված Իրանում իրավիճակի ապակայունացմանը։

Խորհրդարանականները նշել են, որ այդ գործողությունները լուրջ սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Հայտարարությունն ընդգծում է ինքնիշխան պետությունների դեմ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի անթույլատրելիությունը։

ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը բոլոր կողմերին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն և վերսկսել երկխոսությունը՝ առկա վեճերի խաղաղ լուծման համար։ Փաստաթուղթն աջակցություն է հայտնում Իրանի կառավարությանն ու ժողովրդին։

«Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը և կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված երկխոսության, փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերի հաշվառման վրա՝ պահպանելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը»,- ասված է հայտարարության մեջ։