կարևոր
913 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-12 10:27
Հասարակություն

Ոսկեպարի անկլավները հանձնելու ժամանակ գազը կմիացնեն. ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ Աճարկուտում

Ոսկեպարի անկլավները հանձնելու ժամանակ գազը կմիացնեն. ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ Աճարկուտում

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Աճարկուտ բնակավայրն ունեցել է 170 բնակիչ, սակայն հիմա բնակիչների թիվը ստույգ չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդեց Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ գյուղի բնակիչներից կան մարդիկ, որոնք արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան, սակայն նախկինում գյուղացիների զբաղմունքը անտառատնտեսությունն է եղել, իսկ անասնապահությամբ հիմնականում չեն զբաղվում։

«Հիմա ստույգ չեմ կարող ասել քանի հոգին են այս պահին գյուղում, որովհետև կան մարդիկ, որոնք գնացել են Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Այստեղ անասնապահությամբ այդքան էլ չեն զբաղվում, հիմնականում անտառատնտեսությամբ էին զբաղվում, բայց հիմա՝ արտագնա աշխատանքով»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով գյուղում առկա խնդիրներին, Կարեն Ղազարյանը նշում է, որ գյուղի ճանապարհներն առհասարակ շատ վատ են եղել, սակայն անցած տարի Կիրանցի հանձնումից հետո շրջանցիկ ճանապարհ կառուցեցին Աճարկուտում։

«Անցյալ տարի Կիրանցը հանձնելուց հետո էդ շրջանցիկ ճանապարհը սարքեցին Աճարկուտում։ Դե բնական ա, արդեն ճանապարհի խնդիրը լուծվել ա, չնայած վատ բանի համար, բայց ամեն դեպքում լուծեցին ճանապարհի հարցը։ Գյուղը ջրի խնդիր երբեք չի ունեցել»,-հայտնեց վերջինս։

Այս պահի դրությամբ գյուղի գլխավոր խնդիրներից մեկը գազաֆիկացումն է, քանի որ գազի խողովակաշարը կա, սակայն գազը միացված չէ։
«Գազաֆիկացման հարցն է այս պահին։ Անցած տարի Կիրանցը հանձնելու ժամանակ գազի խողովակաշարն անցկացրեցին ու գազը միացված չի։ Էս ժողովուրդը սկսում է նեղվել, թե ինչու գազը չեն միացնում, իրենց էլ զգուշացնում են, որ դա էլ Ոսկեպարի անկլավները հանձնելու ժամանակ կմիացնեն»,- իր խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը։