Միասին կարող ենք
կարևոր
703 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-26 15:45
Հասարակություն

Ֆրանսիացի լրագրողները հանդիպել են Արցախի իշխանությունների հետ

Ֆրանսիացի լրագրողները հանդիպել են Արցախի իշխանությունների հետ

Սույն թվականի մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում ընդունել է ֆրանսիացի երաժիշտ, լրագրող և փիլիսոփայության դոկտոր Ուլիս Մանեսին և ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականի լրագրող Ադրիեն Բրիանին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, գրում է aparaj.am-ը։

«Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը, ինչպես նաև հանրային խորհրդի անդամներ Հերմինե Ավագյանը, Նարե Սիմոնյանը և Ալվարդ Զաքարյանը։

Հյուրերը Հայաստան են ժամանել Ուլիս Մանեսի և Հերմինե Ավագյանի համահեղինակած «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա. Ստեփանակերտ–Փարիզ» գրքի շնորհանդեսի առիթով:

Քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ այս դժվար ժամանակահատվածում Արցախի թեմայի շուրջ իրականացվող գործունեության և հետևողական ուշադրության համար։

Ընդգծվել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծված, և կարևոր է, որպեսզի միջազգային հարթակներում շարունակաբար բարձրաձայնվի Արցախի ժողովրդի իրավունքների հարցը։ 

Զրուցակիցները նշել են նաև, որ ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը դեռևս արցախյան շարժման սկզբնական փուլից անդրադարձել է թեմային, շարունակել և  շարունակելու է հնարավորինս հաճախ ներկայացնել ճշմարտությունը։

Իր հերթին Ուլիս Մանեսը և Ադրիեն Բրիանը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու լուսաբանել Արցախի շուրջ զարգացումները և ներկայացնել առկա իրողությունները միջազգային հանրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։