Միասին կարող ենք
կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-26 09:50
Քաղաքական

Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ»

Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության՝ 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացի ապահովման շրջանակներում կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1953-Ա որոշմամբ ստեղծվել է առողջության ապահովման պետական հիմնադրամ՝ վերապահելով առողջապահության ոլորտում կառավարման բարեփոխումների հայեցակարգային փաստաթղթերով նախանշվող միջոցառումներին համապատասխան գործառույթներ, ինչը էականորեն նպաստում է առողջապահական համակարգում կառավարման (այդ թվում՝ ֆինանսական) արդյունավետության բարձրացմանը, պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն և սպասարկում ստացող քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը:

Հիմնադրամի ստեղծմամբ անհրաժեշտ է դադարեցնել առողջապահության նախարարության կազմում գործող պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) գործունեությունը: Հաշվի առնելով, որ փոփոխությունները կատարվում են Առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծման գործընթացին զուգահեռ, նախագծերով նախատեսվում է որպես դրանց ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել Առողջապահության նախարարության ՊԱԳ գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի կողմից ՊԱԳ և Առողջության ապահովման պետական հիմնադրամի միջև հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելու վերաբերյալ համապատասխան ակտի ստորագրման օրվան հաջորդող օրը:

ՊԱԳ-ի գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ առաջարկվում է վերջինիս ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված գումարների նվազեցում չկատարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դադարեցման արդյունքում դեռևս նախատեսվում են ծախսեր, մասնավորապես կարճաժամկետ ռեզերվում գտնվողների վարձատրման, ինչպես նաև վերջնահաշվարկների համար: Ներկայումս նշված ծախսերը հնարավոր չէ կանխատեսել, քանի որ հստակեցված չեն: Առաջարկվում է նվազեցումները իրականացնել ՊԱԳ-ի գործունեության դադարեցմամբ պայմանավորված բոլոր գործողությունները իրականացնելուց հետո: Բացի այդ, առողջապահության նախարարությանը տրամադրվող 6 նոր հաստիքների համար աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների մասով տարեկան ծախսը կազմում է 30,1 մլն դրամ: