Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին Հնարապետության և Սիմոն Վրացյանի տնկած շիվը դարձել է 100-ամյա հաստաբուն կաղնի: Այսօր՝ դեկտեմբերի 18-ին լրանում է «Արմենպրես» լրատվական գործակալության 100-ամյակը:
1918 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի առաջին Հանրապետության խորհուրդը որոշում ընդունեց ստեղծել Հայկական հեռագրական գործակալությունը: Գործակալության ստեղծման գործում առանցքային դերակատարությունը վերապահվեց Սիմոն Վրացյանին:
Մինչ Հայկական հեռագրային գործակալության հիմնադրումը, տեղեկատվություն ստացվում էր «Կավրոստայից», որը Ռուսաստանի հեռագրական գործակալության անդկովկասյան բաժանմունքն էր։ Փաստորեն որոշումը հիմնականում պայմանավորված էր օբյեկտիվ ինֆորմացիայի ապահովման անհրաժեշտության հանգամանքով, միտված էր ապագային և ուներ քաղաքական նշանակություն: Եվ իզուր չէր, որ օրենքում ամրագրված էր որոշակի պահանջներ. բոլոր գերատեսչությունները պարտավոր էին տեղեկատվություն տալ հիշյալ գործակալությանը։ Ավելին՝ օրենքով արգելվում էր մասնավոր անձանց կամ հաստատություններին ինֆորմացիա տրամադրել նախքան գործակալության լուր-հաղորդումների տարածմանը։
Ոչ պակաս կարևոր և հետաքրքիր է այն հանգամանքը, որ այն օրերին, երբ երկիրը կանգնած էր ամենատարբեր բնույթի մեծ ու փոքր, կարևոր ու երկրորդական մարտահրավերների դեմ հանդիման, նման նախաձեռնությունը կարող էր նաև տեղ չունենալ Հայաստանի այն օրերի իշխանությունների առաջնահերթություններում: Առօրյա, կենցաղային հոգսերն այնքան շատ էին, որ ոչ ոք չէր քննադատի նրանց, եթե այն օրերի բարդագույն պայմաններում, ժամանակավորապես ուշադրություն չդարձնեին ժողովրդի լուսավորության գործին:
Սակայն, ինչպես ընդունված է ասել, Հանրապետության հիմնադիր այրերն ապրում ու գործում էին «ոչ միայն հացիվ» սկզբունքով: Նրանք գիտակցում էին, որ ապագա ունենալու համար, ժողովրդի կենցաղային-առօրյա հոգսերի ապահովման կողքին, առաջնային նշանակություն ունի նաև հոգևորի, լուսավորի ապահովումը: Հայկական հեռագրական գործակալության հիմնադրման որոշումը պետք է դիտարկել նաև այդ տրամաբանության շրջանակում, որը կոչված էր նպաստելու նաև հանրության լուսավորման գործին: Չէ՞ որ բորոր ժամանակներում հասարակության մտային զարգացման, ինտելեկտուալ առաջընթացի ապահովման գործում առանցքային դեր է վերապահված ինֆորմացիայի տարածմանը:
Այնպես որ արժանին պետք է մատուցել Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր այրերին ու իշխանություններին՝ նման նախաձեռնության համար:
Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:
2017թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու որոշում ընդունեց:
Գործակալությունն օրական հրապարակում է մի քանի հարյուրի հասնող լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն լեզուներով: «Արմենպրես»-ն ակտիվորեն գործում է սոցիալական գրեթե բոլոր հարթակներում։ Այն Հայաստանում եզակիներից է, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, որն ինդեքսավորվում է News google.com և Bing news միջազգային համակարգերի և «Յանդեքս» նորությունների կողմից: Գործակալության կայքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և հասանելի է թե համակարգիչների, թե «խելացի» հեռախոսների համար:
«Արմենպրես»-ն ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Արմենպրես»-ի բաժանորդների թվում զանգվածային լրատվության միջոցներից զատ դեսպանատներն են, միջազգային կազմակերպությունները, բանկերը, վերլուծական կենտրոնները և այլն:
«Երկիր»-ի խմբագրությունը ջերմորեն շնորհավորում է իր գործընկերներին: