|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Վերջին օրերին Ազգային ժողովում տեղի ունեցողը վաղուց դուրս է եկել մեկ պաշտոնյայի կամ մեկ քվեարկության սահմաններից։
Սա արդեն քաղաքական գործընթաց չէ միայն։ Սա փորձ է՝ վերաձևակերպելու մեր պատմական հիշողությունը՝ այն հարմարեցնելով ներկա իշխանության օրակարգին։
Այսօր թիրախում Դաշնակցությունն է։ Վաղը՝ ցանկացած ուժ, որը կրում է ազգային ինքնության որևէ շերտ։
Եվ այստեղ պետք է հստակ ասել մի բան, որը շատերը փորձում են շրջանցել։
Այո՛, Դաշնակցությունը մեր քաղաքական մրցակիցն է։ Այո՛, առաջիկա ընտրություններում մենք մրցելու ենք։
Բայց Դաշնակցությունը նաև մեր պատմական հիշողության կրողներից է։ Մեր պետականության ձևավորման առանցքային դերակատարներից։ Մեր ազգային պայքարի գաղափարական հենասյուներից։
Եվ երբ այդ ամենը դառնում է քաղաքական թիրախ՝ խոսքը այլևս մրցակցության մասին չէ։ Խոսքը սեփական հիմքերի նկատմամբ վերաբերմունքը փայփայելու մասին է։
Այս գործընթացը վտանգավոր է ոչ թե նրանով, որ քննադատում են Դաշնակցությանը։ Քննադատությունը քաղաքական կյանքի բնական մաս է։ Վտանգավորն այն է, որ փորձ է արվում քաղաքական տեխնոլոգիայի միջոցով արժեզրկել ազգային ինստիտուցիոնալ և գաղափարական հենարանները։
Մենք արդեն տեսել ենք նույն տրամաբանությունը՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեպքում, ազգային այլ ինստիտուտների դեպքում, ինքնության տարբեր շերտերի դեպքում։
Սա առանձին դրվագ չէ։ Սա մեթոդ է։ Մեթոդ՝ թուլացնելու հիշողությունը, մաշելու ինքնությունը, և արդյունքում ձևավորելու ավելի կառավարելի, բայց ավելի դատարկ իրականություն։
Ու այստեղ ամենակարևորը` հասկանալն է, որ այսօրվա իշխանությունների կառուցվող «ապագան» ոչ միայն չի հակասում անցյալը վարկաբեկելու տրամաբանությանը, այլ` ճիշտ հակառակը, այդ ապագան հենց կառուցվում է անցյալից կտրվելու, ազգային հիշողությունը նսեմացնելու, և ինքնությունը երկրորդական դարձնելու հաշվին։
Սա արդեն ոչ թե սոսկ սխալ է, այլ` նպատակադրված ուղղություն: Եվ այս պայմաններում լռելը կամ «կողքից հետևելը» այլևս չեզոքություն չէ։ Դա անուղղակի համաձայնություն է։
Ի վերջո, հարցը մեկ կուսակցության մասին չէ։ Հարցը այն է, թե արդյո՞ք մենք պատրաստ ենք հանդուրժել մի իրականություն, որտեղ նեղ խմբային շահը, կամ դրսից թելադրված նարատիվը, կամ քաղաքական նպատակահարմարությունը վեր է
ազգային հիշողությունից։
Թե՞ դեռ ունենք այն ներքին առանցքը,
որի վրա ոչ միայն կարելի է, այլև պարտավոր ենք հենվել ամենածանր ժամանակներում»։