կարևոր
271 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-12 10:58
Աշխարհ

Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը

Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները փետրվարի 12-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստվելու Անկարայում կայանալիք գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախօրեին կայացած ասուլիսում հայտնել է, որ այս հանդիպումը կկենտրոնանա այն հարցի վրա, թե ինչպես է դաշինքը նախատեսում հետագայում ավելացնել պաշտպանական ծախսերը։

«Մենք ընդլայնում ենք մեր պաշտպանական արդյունաբերական բազան։ Մենք պետք է ավելին արտադրենք։ Սա նշանակում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր, ավելի շատ զինամթերք և ավելի ուժեղ մատակարարման շղթաներ դաշինքի ներսում», - շարունակեց Ռյուտեն։

Նա հայտնել է, որ հանդիպմանը քննարկվելու է նաև Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցության հարցը։ «Ուկրաինան չի կարող միայնակ դիմակայել այս պայքարին կամ ապահովել խաղաղությունը։ Եվ այդ պատճառով դաշնակիցները աջակցել են Ուկրաինային գործողություններով, այլ ոչ թե միայն խոսքով։ Ուկրաինային տրամադրվող ամբողջ ռազմական աջակցության 99 տոկոսը գալիս է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից և գործընկերներից, ՆԱՏՕ-ն շարունակում է ամրապնդել այս աջակցության համակարգումը և տրամադրումը», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

Նրա տեղեկացմամբ՝ Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը ևս կմասնակցի հանդիպմանը, ինչպես նաև հանդիպմանը ներկայացված կլինի Եվրամիությունը։ «Եվրամիությունը ՆԱՏՕ-ի ամենակարևոր գործընկերն է։ Մեր համագործակցությունը, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու հարցում, կարևոր է մեր համատեղ անվտանգության համար», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ռուտտեն ընդգծել է նաև, որ Արկտիկան և Հյուսիսը գնալով ավելի կարևոր են դառնում ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության համար, և, հետևաբար, դաշնակիցները մեծացնում են իրենց ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ։ Այս համատեքստում նա հայտնել է «Արկտիկական պահապան» զորավարժությունների մեկնարկի մասին։ «Սա հստակորեն կցույց տա մեր հանձնառությունը՝ ապահովելու Արկտիկայի, և, իհարկե, ամբողջ դաշինքի անվտանգությունը», - եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։