կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-03 22:13
Քաղաքական

ՀՀ կառավարությունը սաստկացրել է Հայ եկեղեցու դեմ արշավը․ «FOREF Europe»–ի զեկույցը

ՀՀ կառավարությունը սաստկացրել է Հայ եկեղեցու դեմ արշավը․ «FOREF Europe»–ի զեկույցը

ՀՀ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի շարք ագրեսիվ քայլերով ակտիվացրել է Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Այս մասին ասված է «Եվրոպայում կրոնական ազատությունների ֆորում» (FOREF Europe) իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Ըստ զեկույցի` այն, ինչ կատարվում է, կրոնական համոզմունքների և հավատքի ազատության խախտումների վերաբերյալ լուրջ ահազանգեր է հնչեցնում մի երկրում, որը մշտապես հպարտանում է նրանով, թե քրիստոնությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն է։

Զեկույցում անդրադարձ է կատարվում ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայության փաստացի լուծարմանը, այն տեղեկություններին, որ գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրվել կաթողիկոսին դեմ դուրս գալու և կառավարության «եկեղեցական բարեփոխումների» օրակարգին միանալու համար։ Առանձին անդրադարձ է կատարվում նաև ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթին, բարձրաստիճան մի քանի հոգևորականների նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքին, որով խոչընդոտվում է նրանց մասնակցությունը Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովին։ Ինչ վերաբերում է ՔԿ վարույթին՝ «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու» մեղադրանքով, այն, ըստ զեկույցի, դիտվում է որպես քաղաքական դրդապատճառներով միջամտություն եկեղեցու կառավարմանը։

Զեկույցում հիշեցնում են, որ 4 սրբազաններ, որոնց վերագրվող մեղադրանքները շինծու են որակվում, շարունակում են մնալ կալանավորված։ Հետապնդումների է ենթարկվում նաև գործարար, հայ եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանը։ Միաժամանակ կառավարությունը հրապարակավ պահանջել է կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը՝ նրան մեղադրելով ապօրինությունների մեջ և հայտարարելով եկեղեցու բարենորոգման անհրաժեշտության մասին։

«Պաշտպանները զգուշացնում են, որ այս քայլերը պետության կողմից աննախադեպ միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը, որը հիշեցնում է խորհրդային դարաշրջանի մարտավարությունը՝ կրոնական հաստատություններին ենթարկեցնելու համար։ Հակամարտությունը վտանգում է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը, մշակութային ժառանգությունը և կայունությունը տարածաշրջանային լարվածության պայմաններում»,- նշված է զեկույցում։

«FOREF Europe»-ի նախագահ, սլովակ քաղաքական գործիչ Յան Ֆիգելը դատապարտել է այս գործողությունները։

«Մենք ականատես ենք լինում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ ուղղված անօրինական գործողությունների Հայաստանում… Հայ առաքելական եկեղեցու դեմ գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական և էթիկական առումներով․․․ Սա վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի և ամբողջ ազգի համար»,- ասել է Ֆիգելը։

«FOREF Europe»-ը դատապարտում է Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումները՝ որպես կրոնական համոզմունքների և հավատքի ազատությանն ուղղված գործողություններ։ Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել միջամտությունը եկեղեցական գործերին, ազատ արձակել կասկածելի մեղադրանքներով կալանավորվածներին և վերականգնել հոգևոր աջակցության մեխանիզմները պետական հաստատություններում։ Շեշտում է՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ժողովրդավարական կառույցները, կրոնական առաջնորդները, պետք է առաջնահերթություն տան այս հարցին՝ Կովկասում կրոնական ազատության հետագա քայքայումը կանխելու համար։