կարևոր
325 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-03 19:11
Քաղաքական

Եկեղեցու դեմ արշավում իշխանությունն ունի ուժի կիրառման բացարձակ մենաշնորհ․ Ռաֆայել Իշխանյան

Եկեղեցի-պետություն առճակատման մեջ չկա երկու կողմ, մրցակցություն, հակամարտություն․ կա պետություն՝ ահռելի պետական ապարատով, իր լծակներով, ուժի կիրառման մենաշնորհով. այս մասին Christian Solidarity International (CSI)-ի և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ)-ի կողմից հրավիրված ասուլիսին, որի ընթացքում ներկայացվեցին կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ, ասաց Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը։

«Երբ խոսում ենք մարդու իրավունքներից՝ մի կողմից պետության՝ ի դեմս իշխանության, եկեղեցու դեմ արշավը և եկեղեցու ու նրա սպասավորների աջակիցների դեմ գործողությունները հաճախ մեկնաբանվում են որպես հակամարտություն։ Սա հավասարության պատրանք է ստեղծում, ինչը բոլորովին այդպես չէ։ Պետությունն ունի ահռելի պետական ապարատ, լծակներ, ուժի կիրառման մենաշնորհ, չեմ էլ խոսում անսահման ռեսուրսների մասին։ Մյուս կողմից օրենքի տեսանկյունից եկեղեցին ընդամենը մեկ կրոնական կազմակերպություն է»,- ասաց նա։

Ըստ Իշխանյանի՝ իրադարձությունների մեկնարկը դրվել է 2025 թվականի մայիսին, երբ կաթողիկոսը անդրադարձավ արցախահայերի խնդիրներին, ինչպես նաև Բաքվում պահվող հայերի հարցին։ «Սա դարձավ ձգան, որը սկիզբ հանդիսացավ արշավի։ Անմիջապես հետևեցին վարչապետի ակնարկները, ապա ավելի հայհոյախառն արձագանքները եկեղեցու սպասավորներին, հետո տարբեր խմբերի, գործարար Սամվել Կարապետյանի և թեմերի առաջնորդների նկատմամբ, ինչի հետևանքով ծավալները մեծացան։

Այս պահին, եթե նայենք՝ որտեղ է հասել արշավի ծավալը, կտեսնենք ոչ թե քանակական, այլ որակական փոփոխություն։ Եթե սկզբում այն առավել հաճախ ուղղված էր առանձին գործիչների դեմ, ապա այժմ արդեն ուղղված է ամբողջ եկեղեցու դեմ՝ մինչև վարչապետի կողմից կաթողիկոսին փոխելու հարցի բարձրացում, ինչպես նաև եկեղեցական կարգի փոփոխությունների հարցի առաջադրում»,-ասաց նա։

Իշխանյանը նշեց, որ եթե բացենք որևէ միջազգային փաստաթուղթ, որը Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում, դժվար կլինի գտնել մի իրավունք, որը եկեղեցու դեմ արշավի ընթացքում չի սահմանափակվել կամ խախտվել։ «Բնականաբար առաջին հերթին խոսքը ազատության և արդար դատաքննության իրավունքի մասին է։ Կալանքը դարձել է ամենահաճախ կիրառվող միջոցը՝ առանց որևէ հանցավոր արարքի հիմնավորման։

Արդար դատաքննության տեսանկյունից մենք տեսել ենք Սրբազան շարժման անդամների գործերում կեղծված փաստեր, փոփոխված ձայնագրություններ, լսումներ, որոնք նպատակ ունեն հասարակության մեջ պատկեր ձևավորել, թե խմբի անդամները բռնություն են կիրառել մարդկանց նկատմամբ։ Ոչ պակաս կարևոր է անմեղության կանխավարկածի բացարձակ անտեսումը»,-ասաց նա։ 

Նա նաև անդրադարձավ դատարանների կողմից եկեղեցական պաշտոնում անձանց վերականգնելու փորձերին, որոնք հեռացվել են տվյալ կրոնական կազմակերպության կանոնների համաձայն՝ դրանք մեկնաբանելով աշխատանքային իրավունքի տեսանկյունից։

Իշխանյանը հղում արեց ՄԻԵԴ-ի դատական նախադեպերից մեկին, երբ ՄԻԵԴ-ն ընդգծել էր, որ կրոնական կազմակերպության ներքին կառուցվածքը պետք է դիտարկել որպես գործիքներ, որոնք իրացվում են կրոնի ազատության իրավունքի շրջանակում։

Մանրամասն՝ տեսանյութում: