կարևոր
763 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-02 09:54
Քաղաքական

Հայաստանը համաշխարհային գործընթացների պրիզմայով

Հայաստանը համաշխարհային գործընթացների պրիզմայով

Աշխարհն ավելի ու ավելի է ընկղմվում քաոսի մեջ՝ պատերազմներ, պատժամիջոցներ, նախագահների առևանգումներ, ինքնիշխան տարածքների հանձնման պահանջներ, երկրների զավթում ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Անընդհատ սպասում ես՝ էլ որտե՞ղ կբռնկվի հաջորդ հրդեհը։ Գրենլանդիա՞, Կուբա՞, Թայվա՞ն, թե՞ Եմեն։

Հայաստանը նույնպես տատանվում է։ Իրանում վերջերս տեղի ունեցած 12-օրյա պատերազմը և այդ երկրի շուրջ քաղաքական իրավիճակի բարդացումը մեր առջև մի շարք հարցեր են ծառացրել։ Մենք ունենք ընդհանուր սահման, հաստատված տնտեսական համագործակցություն՝ արտադրվող էլեկտրաէներգիայի դիմաց ստանում ենք գազ։ Սակայն Թրամփն օրերս հայտարարեց Թեհրանի հետ համագործակցող երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար 25%-անոց մաքսատուրքեր սահմանելու մասին։ «Ուրախ» հեռանկար է։ Ամերիկյան պատժամիջոցների վտանգը Հայաստանին սպառնում է զրկել Իրանին իր արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիան վաճառելու հնարավորությունից։ Մեր տնտեսության համար սա հղի է լուրջ խնդիրներով։

Այնուամենայնիվ, Ամերիկայի նախագահի ախորժակն այնպիսին է, որ նա պատրաստ է կուլ տալ հենց Իրանը՝ աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանողներից մեկին, ինչը նշանակում է՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար համեղ թիրախ։ Իզուր չէր, որ Վաշինգտոնը Starlink արբանյակային ինտերնետն անվճար դարձրեց իրանցի «մայդանականների» համար և նրանց մատակարարեց հարյուրավոր կայաններ։ Այստեղից էլ՝ գործողությունների համակարգումն ու ջարդերը։ Փաստը տեսանելի է. Ամերիկայի կառավարության կողմից Starlink արբանյակային տերմինալների մատակարարումը իրանցի ցուցարարներին ուղղակի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։ Իրանական ընդդիմության գործողությունները համակարգվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների կողմից, որոնք փորձում էին խաղալ արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված և «տասներկուօրյա պատերազմից» հետո սրված տնտեսական ճգնաժամից մարդկանց հոգնածության վրա։ Գործի դրվեց սովորական կաշառքը։ Իրանական հեռուստատեսությամբ նույնիսկ հնչեցվեցին բողոքի ցույցերի մասնակիցների համար սահմանված սակագները։ Օրինակ՝ սպանության համար նախատեսված էր 3,5 հազար դոլար, դիվերսիաների և վանդալիզմի համար՝ 100։ Միաժամանակ, արևմտյան լրատվամիջոցները միտումնավոր չափազանցնում էին Իրանում բողոքի ակտիվությունը և ցուցարարներին դրդում բռնի մեթոդների կիրառման՝ հրապարակելով կեղծ տեղեկություններ Իրանի կառավարության գործողությունների, ինչպես նաև ցուցարարների կողմից վարչական շենքերի և քաղաքների փողոցների զավթման մասին։

Ինչպես ավելի ուշ հայտարարեց Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Խամենեին, Թեհրանում և որոշ այլ քաղաքներում «մի խումբ սադրիչներ վնաս են հասցրել իրենց երկրին պատկանող շենքերին՝ ԱՄՆ նախագահին ուրախացնելու համար»։

Եվ այնուամենայնիվ, ո՞ր ցուցարարների վրա էր դրված խաղադրույքը։ Իրանական այն ընդդիմությա՞ն, որը վաղուց հաստատվել է արտերկրում և իր մասին հիշեցնում է միայն մեդիահարթակներում՝ քննադատելով գործող իշխանությանը։ Հազիվ թե։ Ամենայն հավանականությամբ՝ Իրանի ներսում գտնվող սփյուռքների (էթնիկ խմբերի) վրա։ Ամերիկամետ կողմնորոշում ունեցող քրդերի, որոնք երկրում մի քանի միլիոն են, և ադրբեջանական համայնքի վրա, որոնց թիվը, ամենահամեստ հաշվարկներով, անցնում է 12 միլիոնից։ Հենց այս համայնքների առաջնորդները կոչ արեցին քաղաքացիներին միանալ Իսլամական Հանրապետությունում ընթացող բողոքի ցույցերին։ Իսկ դատելով այն բանից, թե ինչպես են Ադրբեջանի լրատվամիջոցները լուսաբանում Իրանի իրադարձությունները, ստացվում է, որ բողոքի հրդեհը բորբոքողներից մեկը Բաքո՞ւն է։

Իմ կարծիքով իրավունք ունի գոյություն ունենալ այն տեսակետը, որ ԱՄՆ-ին և Իսրայելին կհաջողվի Իրանը ծնկի բերել միայն այն դեպքում, եթե երկրի իշխանության դեմ դուրս գան իրանցի ադրբեջանցիները։

Ինչո՞վ է սա հղի Հայաստանի համար։ Նախ՝ թյուրքական դիրքերի հզորացումը, որոնք այլևս չեն զսպվի պարսկական գործոնով, բավականին տագնապալի է մեր երկրի համար, քանի որ կփոխի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Երկրորդ՝ Ադրբեջանի դեմագոգիկ տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ կարող են ստանալ արդեն իրական տեսք՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։ Երրորդ՝ հայ-իրանական տնտեսական կապերի խզումը հսկայական խնդիր կդառնա մեր երկրի բյուջեի համար։ Այնպես որ, տագնապի պատճառները մեզ մոտ բավականաչափ են։

Ինչ վերաբերում է Խամենեի վարչակարգին, ապա այն տապալել դեռևս չի հաջողվել նույնիսկ Վաշինգտոնի «թևքից հանած» հաղթաթղթի՝ թագաժառանգ արքայազնի օգնությամբ։ Տասնամյակներ շարունակ ապրելով Ամերիկայում՝ նա, ըստ ամենայնի, այնքան է տոգորվել արևմտյան արժեքներով, որ իրանցի ժողովրդին կոչ արեց ապստամբության, իսկ ամերիկյան վարչակազմին՝ ակտիվ միջամտության Իրանի ներքին գործերին։ Պարզ է՝ Փահլավիների դինաստիայի թագաժառանգը, որը հուշարարից կարդում է «ամպագոռգոռ հեղափոխական ճառը», Սպիտակ տան կողմից օգտագործվում է որպես իրավիճակը շիկացնելու գործիք։

Ամեն ինչ այնպես է, ինչպես սիրում է պարոն Թրամփը՝ կառավարելի անկայունություն։ Հանուն սեփական աշխարհաքաղաքական շահերի ամոթալի չէ խաղարկել մարդկանց ու երկրները, ներսից քայքայել նրանց հասարակարգը, զինել ահաբեկիչներին և անմիջապես հետո սեղմել նրանց դեմ պայքարողների ձեռքը... Կեղծավորություն, երկակի ստանդարտներ, կաշառք և գունավոր հեղափոխություններ. ահա այն գիշատչի մեթոդները, որը լկտիաբար ու անպատիժ քայլում է մոլորակով՝ միջուկային զենքը գրպանում։

Օգտվելով Վենեսուելայի գնդակոծության և այդ երկրի նախագահի առևանգման նկատմամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի արձագանքի բացակայությունից՝ ԱՄՆ-ը սպառնում է հարված հասցնել Իրանին, ինչը վտանգի տակ է դնում նավթ արդյունահանող բոլոր այն երկրները, որոնց քաղաքականությունը հակասում է Վաշինգտոնի գծին։ Եվ որևէ մեկի կարծիքն այդ հարցում Ամերիկային չի հետաքրքրում։ Վերջակետ։ Ինչպես հայտնի ասացվածքում է՝ «Ինչն իմն է՝ իմն է, ինչը քոնն է՝ նույնպես իմն է»։ Արդյո՞ք Հայաստանի համար նման ճակատագիր էր կամենում արևմտյան դրածո Նիկոլ Փաշինյանը։ Հարցը հռետորական է...

Ս.Ս.