կարևոր
277 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-30 17:40
Աշխարհ

Մոսկվան խոստացել է միջոցներ ձեռնարկել ռուսական դրոշի ներքո նավարկող նավերը պաշտպանելու համար

Մոսկվան խոստացել է միջոցներ ձեռնարկել ռուսական դրոշի ներքո նավարկող նավերը պաշտպանելու համար

Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի ռուսական դրոշի ներքո նավարկող նավերը պաշտպանելու համար, եթե դրանց նկատմամբ խախտվեն միջազգային իրավունքի նորմերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հունվարի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Զախարովան ընդգծել է, որ «նավարկության ազատության դեմ ոտնձգություններն անընդունելի են»։

«Եվրամիության պատժամիջոցներին հղումները, որոնք Ֆրանսիայի ղեկավարությունը շինծու կերպով անվանում է միջազգային՝ որպես հիմք ցանկացած լցանավի նկատմամբ հարկադրական գործողությունների համար, միանգամայն անհիմն են», - նշել է Զախարովան՝ մեկնաբանելով Միջերկրական ծովում ֆրանսիացի զինվորականների կողմից նավթատար «Գրինչ» լցանավի կալանումը։

Նա հավելել է, որ «միակողմանի սահմանափակող միջոցները հակասում են միջազգային իրավունքին և ցանկացած դեպքում չեն կարող հիմք հանդիսանալ բաց ծովում իրավասություն իրականացնելու և նավերը կալանելու համար»։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ Միջերկրական ծովի արևմտյան մասում գործողություն են իրականացրել Ռուսաստանից մեկնած 249-մետրանոց լցանավի նկատմամբ։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ զինծառայողները գործել են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։