կարևոր
958 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-14 18:43
Հասարակություն

Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը․ դատական նիստ է նշանակվել

Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը․ դատական նիստ է նշանակվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։ Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։

Նշենք, որ գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին։ Վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իրեն փաստաբանական արտոնագիր տվել է նշված գործով պաշտպան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ընդ որում, իրավապահներն այս խափանման միջոցները կիրառել են՝ Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ՝ փորձելով տապալել այն։ Այդուհանդերձ, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան