կարևոր
4609 դիտում, 19 ժամ առաջ - 2026-01-04 18:51
Քաղաքական

Օսկանյանն ընդդիմադիրներին առաջարկում է դիմել եվրոպացի առաջնորդներին՝ Երեւանում սպասվող գագաթնաժողովը հետաձգելու համար

Օսկանյանն ընդդիմադիրներին առաջարկում է դիմել եվրոպացի առաջնորդներին՝ Երեւանում սպասվող գագաթնաժողովը հետաձգելու համար

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդդիմադիր ուժերին առաջարկում է համատեղ նամակով դիմել Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը եւ անդամ պետություններին՝ խնդրելով Երեւանում մայիսին սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը երկու ամսով հետաձգել եւ անցկացնել սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո։  

«Փաշինյանը շարունակում է մնալ Եվրոպայի համար հարմար գործակից, մասնավորապես՝ հաշվի առնելով նրա պատրաստակամությունը իրականացնել այն, ինչ դեռ ավարտված չէ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններ եւ Ադրբեջանի օգտին տարածքային նոր զիջումներ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներում։ Այս քայլերը, թեեւ ժամանակավորապես հետաձգված, կազմում են նրա հետընտրական օրակարգի առանցքը։ Վերընտրվելը գործընթացի ավարտը չէ․ այն դրա շարունակման նախապայմանն է։

Եվրոպացի առաջնորդների բարձր մակարդակի հավաքը Երեւանում ընտրություններից անմիջապես առաջ անխուսափելիորեն կներկայացվի ներքին լսարանին որպես Փաշինյանի իշխանության միջազգային հավանություն։ Արդեն իսկ իշխանության խիստ վերահսկողության տակ գտնվող մեդիա միջավայրում նման պատկերները կօգտագործվեն լեգիտիմություն, անխուսափելիություն եւ արտաքին աջակցություն ներշնչելու համար։ Անկախ մտադրություններից՝ այդ ազդեցությունը կհանդիսանա արտաքին միջամտություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացին։ Քվեարկությունից օրեր առաջ Երեւանում խոշոր քաղաքական միջոցառման անցկացումը վտանգում է արդեն իսկ խաթարված գործընթացի լեգիտիմացումը։ Հետաձգումը կհանդիսանա հարգանքի դրսեւորում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ քաղաքական ուժերի համաձայնության եւ ցանկության դեպքում պատրաստ է տրամադրել նամակի նախագիծը։

«Հավասարապես կարեւոր է, որ նախաձեռնությունն ինքնին կարող է դառնալ ընդդիմադիր համագործակցության խթան։ Միասնական նամակը կցուցադրի լրջություն եւ ժողովրդավարական նորմերի վերականգնման ընդհանուր հանձնառություն։ Այն կդառնա համակարգված ջանքի սկիզբ՝ ուղղված ոչ միայն մեկ անձի պարտությանը, այլ իրական մրցակցային ընտրությունների եւ իշխանության խաղաղ փոխանցման երաշխավորմանը։

Հայաստանի ընտրությունը 2026 թվականին միանշանակ է։ Ներկա պայմաններում շարունակականությունը տանում է դեպի ինստիտուցիոնալ հետագա քայքայում, անդառնալի տարածքային կորուստներ եւ խորացող ավտորիտարիզմ։ Փոփոխությունը կարող է ապահովել Հայաստանի համար հույս եւ տեսլական՝ հիմնված կայուն խաղաղության, արժանապատվության եւ ժողովրդավարական զարգացման վրա»,– նշել է նա։