Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց մեր հետագա հաղթանակները: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Եռատոնի առիթով իր ուղերձում:
«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, Արցախի, Մայր հայրենիքի և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին մայիսյան Եռատոնի առթիվ: Հազարամյակների տարեգրություն ունեցող մեր ժողովրդի համար պատմության ընթացքը չափվում է ոչ այնքան տարիներով կամ դարերով, որքան այդ ընթացքում կերտած սխրանքներով ու փառավոր էջերով: Մայիսյան եռատոնը վերջին հարյուրամյակի մեր սխրանքների գոհարն է և մեր ժողովրդի անպարտելիության վկայությունը: Հարատևում ու փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան: Մեզ դա հաջողվեց մեր ոգու և միասնականության շնորհիվ: 75 տարի առաջ խորհրդային բանակի կազմում հարյուր հազարավոր հայորդիների տարած հաղթանակը վերահաստատվեց արցախյան ազատամարտի օրերին»,-ասել է Ղուլյանը:
Նա նշել է՝ պատմական զուգադիպությամբ մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց ու դարձավ հերոսական Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր:
«Շուշին մեզ համար լոկ կրակակետ չէր, որ պետք էր լռեցնել, և ոչ էլ պարզապես մի բնակավայր, Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց մեր հետագա հաղթանակները: Իսկ ազատության համար պայքարում ծնված բանակը էլ ավելի ամրապնդեց Արցախի և հայկական միասնական տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունը: Մենք հասկացանք, որ խաղաղությունը չի նվիրվում, այն մեծագույն արժեք է, որ ձեռք է բերվում անկոտրում կամքի և աննկուն պայքարի արդյունքում՝ ցավոք պահանջելով նաև անդառնալի կորուստներ: Փառք և խոնարհում մեր բոլոր նահատակներին, որոնց կյանքի գնով իրականություն են դարձել մեր ազգային երազանքներն ու իղձերը»,- հավելել է Ղուլյանը:
Նա վետերաններին, ազատամարտիկներին, պաշտպանության բանակի զինծառայողներին և բոլորին վերստին շնորհավորելով ազգային հպարտության այս տոնի առթիվ՝ մաղթում է ուժ և զորություն՝ հանուն հայրենիքի խաղաղության և բարօրության: