կարևոր
8788 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-10 16:25
Իրավական

Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել

Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել

Օրեր  առաջ ստացել ենք շուրջ հինգ ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը՝ 11 ռազմագետ-փորձագետների կողմից ստորագրված, որոնք միակարծիք եզրակացություն են տվել, որը, կարծում եմ, յուրաքանչյուր իրավաբանի գնահատմամբ առերևույթ վկայում են Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նրա խոսքով՝ այս եզրակացությունը ստանալուց հետո ունեցել են դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում առաջին դրվագով մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ։ Մասնավորապես, 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։

Հակահարվածի դրվագով, մասնավորապես, Ջալալ Հարությունյանին մեղադրում էին, թե իբր ուժերի հարաբերակցությունը հաշվի չի առել, այդ իրադրությունում թշնամու նկատմամբ հարձակում կատարելը չէր կարող կանոնադրության պահանջներից բխել։ Սարդարյանի խոսքով՝ ռազմագետները միանշանակ պատասխանեցին, որ այդ իրադրությունում դա ոչ միայն եղել է օրինական, այլև եղել է անհրաժեշտություն, որը կատարվել է Ջալալ Հարությունյանի կողմից: Այս մասով քրեական հետապնդումը դադարեցվեց, սակայն, Սարդարյանի դիտարկմամբ, երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց, որը, թեև անունով նոր է, բայց այն ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը․ «Կարծես, այս ռազմագիտական փորձաքննությունը ընդհանրապես գոյություն չի ունեցել»։

Սարդարյանի խոսքով՝ երկրորդ դրվագը, որում շարունակում է մեղադրվել Ջալալ Հարությունյանը, վերաբերում է 2020թ. հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին՝ թե մարդկային, թե զրահատեխնիկայի։

«Այստեղ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է նրա համար, որ իբր, երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատել Հարությունյանի տեղակալ Գենադի Բաղդասարյանի հետ, վերջինս Ջալալ Հարությունյանին զեկուցել է, որ խմբավորում է մոտենում, իբր նա ասել է՝ դա յուրային խմբավորում է։ Եւ, իբր այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ մենք ունեցել ենք այդ կորուստները»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ռազմագետներն ասել են, որ դիվիզիոնը մեր համապատասխան ոլորտում գործող կանոնների համաձայն պետք է մի շարք միջոցառումներ իրականացրած լիներ։