կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-03 10:30
Առանց Կատեգորիա

Վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են. Հայկ Ալումյանը դիմել է Կարեն Կարապետյանին

Վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են. Հայկ Ալումյանը դիմել է Կարեն Կարապետյանին

Փաստաբան Հայկ Ալումյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին.

«Հարգելի պարոն վարչապետ, մոտ 10 օր առաջ դժբախտություն ունեցա իմ ավտոմեքենայով ուղևորվելու դեպի Իջևանի մոտակա գյուղերից մեկը: Ճանապարհը, սկսած Դիլիջան քաղաքից, գրական հայերենով անհնարին է նկարագրել:

Արդյունքում, վերադառնալուց հետո, ստիպված եղա ավտոմեքենայից վերանորոգման համար վճարել շուրջ 80.000 ՀՀ դրամ: Հասկանում եմ, սա Ձեզ չի թվա ինչ-որ մի լուրջ գումար, բայց ինձ համար այդ կորուստը շոշափելի էր: Ապրիլի 28-ին որոշեցի մի քանի օրով մեկնել Վրաստան, քանի որ առջևում 3 ոչ աշխատանքային օր կար: Միամտորեն մտածեցի, որ անցած 10 օրերի ընթացքում ճանապարհը քիչ թե շատ նորոգված կլինի: Ցավոք, Դիլիջանը անցնելուց հետո հասկացա, որ ավելի լավ էր ուղևորությունս չձեռնարկեի, այլ հանգիստս անց կացնեի Երևանում: Ճանապարհը էլ ավելի վատ վիճակում էր, նորանոր փոսեր էին փորվել այն հաշվարկով, որպեսզի ոչ մի հնարավորություն չլինի անցնել գոնե 100 մետր՝ առանց փոսի մեջ ընկնելու: Հասնելով Վրաստան, ստիպված եմ եղել փոխել ավտոմեքենայիս 2 անվադողերը: Վրաստանից վերադառնում էի մայիսի 1-ից լույս 2-ի գիշերը և ճանապարհին մտածում, որ միգուցե փոսերի գոնե մի մասը ասֆալտապատված կլինի:

Ցավոք, հույսերս չարդարացան, հակառակը՝ եղած փոսերը հասկանալի պրոցեսների արդյունքում էլ ավելի էին մեծացել ու դժվարանցանելի դարձել: Բագրատաշենի անցակետից մինչև Երևան իմ ուղևորությունը տևեց 4 և կես ժամ, այսինքն՝ սովորականից մոտ երկու անգամ ավելի երկար: Հավանաբար Ձեզ թվա, թե անկարևոր հանգամանքների մասին եմ գրում. ի՞նչ կարիք կա բազմազբաղ վարչապետի ուշադրությունը հրավիրել շարքային քաղաքացու կորցրած մի քանի ժամի և մի երկու հարյուր հազար դրամի վրա:

Բայց, հարցին նայելով իմ մասնագիտության (փաստաբան եմ) տեսանկյունից, կուզեի նշել, որ այն, ինչ տեղի է ունեցել ու հենց այս տողերը գրելու պահին տեղի է ունենում, ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում հետևյալի համար. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»:

Այսինքն՝ ԵԹԵ որպես հիմք ընդունենք այն կանխավարկածը, որ ավտոճանապարհները (դե՝ գոնե միջպետական կարևորագույն ավտոճանապարհները) պետք է գտնվեն երթևեկության համար պիտանի վիճակում, ապա ակնհայտ կլինի, որ այսօրվա վիճակը ինչ-որ պաշտոնատար անձի կամ անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կամ անփույթ կատարելու հետևանք է:

Միաժամանակ, այդ անփութության հետևանքով ամեն օր հարյուրավոր անձանց պատճառվում է նյութական վնաս, որի հանրագումարը բավարար է, որպեսզի քրեական պատասխանատվության հարց առաջանա այդ հոդվածի 2-րդ մասով: Կարելի է սրանից բացի հաշվի առնել ժամանակի կորուստը (որը հեշտությամբ կարելի կլինի վերածել նյութականի), այն զբոսաշրջիկներին, ովքեր գոնե մեկ անգամ տեսնելով մեր ավտոճանապարհների վիճակը, այլևս ոչ մի անգամ չեն ցանկանալու վերադառնալ Հայաստան և բոլորին խորհուրդ են տալու շրջանցել այս երկիրը: Մնում է գտնել այս իրավիճակի մեղավորներին կամ մեղավորին: Ընդ որում առաջ ընկներով ասեմ, որ մեղավորը չափից ավելի ցուրտ ձմեռը չէր. կան երկրներ, որտեղ ձմեռն անհամեմատ ավելի ցրտաշունչ և երկարատև է լինում, սակայն ավտոճանապարհները գերազանց վիճակում են:

Չգիտեմ Դուք ոնց, բայց ես նկատել եմ, որ կա մի հստակ օրինաչափություն. որքան ավելի ճոխ են ճանապարհների համար պատասխանատու պաշտոնյաների առանձնատները, այնքան ավելի վատ վիճակում են այդ ավտոճանապարհները: Մի շարք պատճառներով Հայաստանի բնակչության զգալի մասը (այդ թվում նաև այս տողերի հեղինակը) մեծ խանդավառությամբ ընդունեց Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու լուրը: Սակայն կարծում եմ, որ երբ (կարճ ժամանակ հետո) անցնի սկզբնական էյֆորիան, Ձեր գործունեությունը գնահատվելու է ոչ թե Կառավարության նիստերի ընթացքում տեղին արված սրամիտ հայտարարություններով, այլ՝ մեր ավտոճանապարհների վիճակով: Ճիշտ կլիներ ասել՝ վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են:

Հ.Գ. պատրաստվում եմ հաջորդ շաբաթ կրկին մեկնել Վրաստան: Վերադառնալուն պես կգրեմ»: