|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Հունիսի 3-ին Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում մկրտվեց մեր սիրելի հայրենակից Կարոտ Սասունյանը, ով երկար տարիներ է, ինչ բռնել էր հայկական ինքնությանը վերադառնալու ուղին։
Կ. Սասունյանը ծնվել է Սասուն աշխարհի Փասուր գյուղում՝ Խոլփի գավառակ: Բնակվում է Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում, զբաղվում է լուսանկարչությամբ և թղթակցում է մեր կայքին։ Հետամուտ լինելով սեփական ակունքների որոնմանը՝ նա տարիներ շարունակ զբաղված է Սասուն գավառի հայկական եկեղեցիներ և այլ հուշարձաններ հետազոտելով և դրանք լուսանկարելով: Երազում է առաջիկայում դրանք հրատարակել առանձին գրքով:
-Վաղուց էի որոշել մկրտվել, արդեն ժամանակն էր, – ասում է նա, – սակայն իմ ծննդավայրի եկեղեցին, որտեղ ուզում էի մկրտվել, ցավոք խոնարհված վիճակում է, ուստի որոշեցի Հայաստանում իրականացնել իմ վաղեմի երազանքը։
Մաղթենք, որ մեր հայրենակցի այս քայլը հույսի և լույսի կանթեղներ վառի մեր մյուս տարաբախտ ազգակիցների սրտերում՝ դեպի իրենց ինքնություն վերադարձի դժվարին ճանապարհին:
Տիգրան Չանդոյան