կարևոր
1201 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-21 21:34
Աշխարհ Քաղաքական

Շտապ կոչ՝ ստորագրահավաք, ԵԱՀԿ-ին. պաշտպանե՛ք Բաքվում պահվող հայ պատանդների իրավունքները

Շտապ կոչ՝ ստորագրահավաք, ԵԱՀԿ-ին. պաշտպանե՛ք Բաքվում պահվող հայ պատանդների իրավունքները

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակը մեկնարկել է առցանց խնդրագրի ստորագրահավաքի գործընթաց՝ ուղղորդված ԵԱՀԿ առանցքային պաշտոնյաներին։ Ծավալուն ստորագրահավաքի թիրախային նպատակի 78%-ը արդեն ապահովված է. ստորագրությունների թիվը հասել է 4673-ի, իսկ ստորագրությունների թիրախը՝ 6000-ի:

2020 թ Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից և 2023 թ սեպտեմբերին Ստեփանակերտի կորուստից ի վեր, Ադրբեջանն անօրինական կերպով պատանդ է պահում մի քանի տասնյակ հայորդիների. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ռազմագերիներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց։ Նրանցից շատերը գերի են վերցվել 2020 թ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։

Չնայած Միջազգային դատարանի (ICJ) բազմիցս արգելող որոշումներին և տարբեր մարդու իրավունքների կազմակերպությունների բողոքարկումներին, Բաքուն շարունակում է մերժել նրանց ազատ արձակումը։ Այս կամայական կալանավորումները, որոնք հաճախ ուղեկցվում են խոշտանգումներով և արագացված դատավարություններով, առաջացնում են միջազգային հանրության որոշ հատվածների շրջանում աճող վրդովմունք, սակայն կոնկրետ արձագանքները հապաղում են։

Այս հույժ կարևոր խնդրում միջազգային հանրության նեցուկն ապահովելու նպատակով, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակը մեկնարկել է առցանց խնդրագրի ստորագրահավաքի գործընթաց՝ ուղղորդված ԵԱՀԿ առանցքային պաշտոնյաներին։ Ծավալուն ստորագրահավաքի թիրախային նպատակի 78%-ը արդեն ապահովված է. ստորագրությունների թիվը հասել է 4673-ի, իսկ ստորագրությունների թիրախը՝ 6000-ի:

Այս խնդրագիրը, որը ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի կողմից գլխավորված քաղաքացիական նախաձեռնություն է, կոչ է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ակտիվացնել Մոսկվայի մեխանիզմը՝ Ադրբեջանում հետաքննություն անցկացնելու, Ադրբեջանի կողմից դեռևս պահվող հայ պատանդների ազատ արձակումն ապահովելու համար՝ այդ երկրի վրա ճնշում գործադրելու միջոցով։ Այն նպատակ ունի միջազգային հանրությանը մոբիլիզացնել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի հարգանքի հիմնարար սկզբունքների շուրջ: 

ԵԱՀԿ անդամ պետությունների քաղաքական և բարոյական պատասխանատվությունը

Խնդրագրի կոչի տեքստում ընդգծվում է, որ ԵԱՀԿ անդամ պետությունները, և հատկապես նրանք, որոնք Մինսկի խմբի (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) միջոցով մասնակցել են Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի, հակամարտության միջնորդական գործընթացին, կրում են հատուկ պատասխանատվություն։

ԵԱՀԿ-ն, որին, ի դեմս Մինսկի խմբի, մշտապես ընդունել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության լեգիտիմությունն ու վերջինիս հետ տասնամյակներ շարունակ բանակցություններ է վարել, չի կարող անմասն մնալ և հստակ դիրքորոշում չհայտնել՝ ԵԱՀԿ գործունեության տարածքում մարդու իրավունքների այս կարևորագույն խախտումների վերաբերյալ։

«ԵԱՀԿ համապատասխան առաքելությունը պետք է գնահատի Ադրբեջանի դատաիրավական գործողությունները, հաշվի առնելով այդ պետության որպես ԵԱՀԿ անդամ հանձնառությունները»,- նշված է դիմումում:

Այս նպատակով խնդրգրի կազմակեպիչները դիմում են ԵԱՀԿ բարձր պաշտոնյաներին, որպեսզիվերջիններս «քայլեր ձեռնարկեն՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի, Մարդկային հարթության հանձնախմբի (Human Dimension Committee) և ԵԱՀԿ մասնակից պետությունների աջակցությամբ, 1991 թ Մոսկվայի փաստաթղթի 12-րդ կետով սահմանված գործիքակազմի՝ Մոսկվայի մեխանիզմի կիրառման համար, ինչն արդեն իսկ արվել է ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, ինչպես նաև Բելառուսում»:

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակը նաև հիշեցնում է, որ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի, ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Մինսկի խմբի կողմից ենթադրում է շարունակական բարոյական պարտավորություն՝ ռազմական գործողությունների դադարեցումից անդին, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության և հիմնարար իրավունքների երաշխավորման առումով:

Հետևապես, Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը դիմում է մեր ողջ ազգին՝ թե՛ Հայրենիքում եւ թե՛ սփյուռքում․ «Ադրբեջանում ո՛չ արդարադատություն կա, ո՛չ՝ օրինականություն և ո՛չ էլ իրավունքի գերակայություն։ Այս պարագայում, Ադրբեջանի վրա միջազգային ճնշման շարունակական մեծացումը չափազանց կարևոր է։

ԵԱՀԿ-ն ունի մի շարք գործիքներ, որոնք իրեն թույլ են տալիս իրականացնել անկախ մասնագիտական փաստահավաք առաքելություն իրեն անդամակցող ցանկացած անդամ պետությունում։ Ադրբեջանի դեպքում դա հնարավորություն կտա անցկացնել անկախ մասնագիտական հետաքննություն՝ դատավարությունների օրինականությունը, հայ պատանդների պայմանները և նրանց առողջությունը ստուգելու համար։ Սա հնարավորություն կտա ստանալ անկախ և համապատասխան մասնագիտական կարծիք, որը հետագայում կծառայի որպես ԵԱՀԿ-ի քաղաքական դիրքորոշման հիմք։

Հետևաբար, խնդրում ենք ստորագրել Հայ Դատի հանձնախմբի կենտրոնական գրասենյակի armeniancause.net կայքում կամ այս հղումով տեղադրված խնդրագիրը և նպաստել մեր կոլեկտիվ արժանապատվության և արդարության վերականգնմանը»։

Մինչ օրս Ադրբեջանական կալանքի ներքո գտնվում են 23 հայ ձերբակալվածներ, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասն են կազմում, 6-ը՝ գերեվարված քաղաքացիական անձինք են և 9-ը՝ հայ ռազմագերիներ են։

Ըստ էության, նրանք բոլորն էլ պատանդ են, որոնց Բաքուն օգտագործում է այս կամ այն նպատակին հասնելու համար։

Քաղաքական բանտարկյալներ

Դավիթ Բաբայանը հայ քաղաքական և պետական գործիչ է, քաղաքագետ՝ պատմական գիտությունների դոկտորի կոչումով։

2021-2023 թվականներին նա զբաղեցրել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Ծնվել է 1973 թվականի ապրիլի 5-ին Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (ԽՍՀՄ), Արցախի պահպանողական կուսակցության հիմնադիր նախագահն է և ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում։

2023 թ սեպտեմբերի 28-ին նա պատանդ է վերցվել Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Դավիթ Իշխանյան

Դավիթ Իշխանյանը քաղաքական և պետական գործիչ է, որը զբաղեցրել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) Ազգային ժողովի նախագահի պաշտոնը 2023 թ օգոստոսից ի վեր՝ ադրբեջանական ագրեսիայից մեկ ամիս առաջ։

Դավիթ Իշխանյանը ծնվել է 1968 թ դեկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԽՍՀՄ) Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Նախկինում նա զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոնը։ 2015 թ Դավիթ Իշխանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի անդամ։ Դավիթ Իշխանյանը Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Բյուրոյի անդամ է։

2023 թ հոկտեմբերի 3-ին Դավիթ Իշխանյանը Ստեփանակերտում առևանգվել է ադրբեջանական զորքերի կողմից և տարվել Բաքու։

Արկադի Ղուկասյանը հայ քաղաքական և պետական գործիչ է, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) երկրորդ նախագահը (1997-2007):

Արկադի Ղուկասյանը ծնվել է 1957 թ հունիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԽՍՀՄ) Ստեփանակերտ քաղաքում։ Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարն էր և ՀՀ նախագահի նախկին հատուկ հանձնարարություններով դեսպանը։

2023 թ հոկտեմբերի 3-ին Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում առևանգվել է ադրբեջանական զորքերի կողմից և տարվել Բաքու։

Արայիկ Հարությունյանը հայ քաղաքական և պետական գործիչ է, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) նախկին նախագահը (2020-2023):

Արայիկ Հարությունյանը ծնվել է 1973 թ դեկտեմբերի 14-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԽՍՀՄ) Ստեփանակերտ քաղաքում։ Ունի տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում։ Նախկինում՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը զբաղեցրել է պետական նախարարի պաշտոնը (2017-2020)։

Արայիկ Հարությունյանը առևանգվել է և տարվել Բաքու Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թ հոկտեմբերի 3-ին։

Դավիթ Մանուկյանը գեներալ-մայորի կոչումով հայ զինվորական է։

Դավիթ Մանուկյանը ծնվել է 1971 թ հոկտեմբերի 15-ին Ջերմուկում (Հայկական ԽՍՀ) (ԽՍՀՄ)։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պաշտպանության բանակում (1992-2022) զբաղեցրել է տարբեր զինվորական պաշտոններ։ Որպես Արցախի պաշտպանության բանակի նախկին առաջին հրամանատարի տեղակալ՝ նա 2022 թ թոշակի է անցել զինվորական ծառայությունից։

Դավիթ Մանուկյանը առևանգվել է 2023 թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Արցախի այլ քաղաքացիների հետ Հայաստան մուտք գործելիս՝ Հակարիի կամրջի վրա գտնվող անօրինական անցակետում, որը Ադրբեջանի կողմից տեղադրվել էր Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական շրջափակումից հետո։

Լյովա (Լևոն) Մնացականյանը հայ զինվորական է, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) պաշտպանության նախարար (2015-2018) և գեներալ-լեյտենանտ։

Լևոն Մնացականյանը ծնվել է 1965 թ սեպտեմբերի 14-ին, Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (ԽՍՀՄ)։ Եղել է պաշտպանության բանակի հրամանատար և շտաբի պետի առաջին տեղակալ։ Լևոն Մնացականյանը 2023 թ սեպտեմբերի 29-ին առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից Արցախի այլ քաղաքացիների հետ Հայաստան մուտք գործելիս՝ Հակարիի կամրջի վրա գտնվող անօրինական անցակետում, որը Ադրբեջանի կողմից տեղադրվել էր Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական շրջափակումից հետո։

Բակո Սահակյանը հայ քաղաքական և պետական գործիչ է։ Սահակյանը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) երրորդ և ամենաերկար պաշտոնավարած նախագահն է՝ 2007 հուլիսից մինչ 2020 մայիս։ Կրում է Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայորի կոչում։ Նա ծնվել է 1960 թ օգոստոսի 30-ին Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում (ԽՍՀՄ): Եղել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար և Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն։

Բակո Սահակյանը ադրբեջանական ուժերի կողմից առևանգվել է Ստեփանակերտում 2023 թ հոկտեմբերի 3-ին և տեղափոխվել Բաքու։

Ռուբեն Վարդանյանը հայ գործարար, բարերար, հասարակական և քաղաքական գործիչ է։ Ծնվել է 1968 թ մայիսի 25-ին Երևանում, Հայկական ԽՍՀ (ԽՍՀՄ): 2022 թ նոյեմբերի 4-ից մինչև 2023 թ սեպտեմբերի 27-ը Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) պետական նախարարի (վարչապետի) պաշտոնը։ Ռուբեն Վարդանյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է։

Ռուբեն Վարդանյանը առևանգվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թ սեպտեմբերի 27-ին, երբ նա, արցախցի այլ քաղաքացիների հետ, մտնում էր Հայաստան Հակարի կամրջի վրա գտնվող անօրինական անցակետով, որը տեղադրվել էր Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքի անօրինական շրջափակումից հետո։

Քաղաքացիական կալանավորներ

Մադաթ Բադայան

Ծնվել է 1952 թ սեպտեմբերի 15-ին

Մադաթ Բադայանը՝ 71-ամյա հովիվը, 2023 թ սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո հայտարարված էր որպես անհետ կորած։ 2023 թ նոյեմբերի 2-ին Բաքուն հայտարարեց նրա կալանավորման մասին։

Ռաշիդ Բեգլարյան

Ծնվել է 1962 թ նոյեմբերի 2-ին

Կալանավորվել է 2023 թ օգոստոսի 1-ին, Արցախի ադրբեջանական պաշարման ընթացքում, երբ ոտքով անցնում էր Աղավնո գյուղով, որը դրանից նախորդ տարի անցել էր ադրբեջանական վերահսկողության ներքո։

2024 թվականի հուլիսի 12-ին Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած ձևական դատավարության ժամանակ Բեգլարյանը մեղավոր է ճանաչվել 1990-ականների սկզբին Արցախյան առաջին պատերազմին մասնակցելու համար ռազմական հանցագործությունների մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

Դավիթ Դավթյան

Ծնվել է 1993 թ փետրվարի 5-ին

Մարդասիրական օժանդակության աշխատակիցն առևանգվել է (իր համախոհ Գևորգ Սուջյանի հետ) 2020 թ նոյեմբերի 11-ին (նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո) Արցախի Բերձոր-Շուշի ճանապարհին։

2021 թ հուլիսի 28-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի ունեցած ձևական դատավարության ժամանակ Դավթյանն ու Սուջյանը դատապարտվել են լրտեսության մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

Վիգէն Էօլճեքճեան

Ծնվել է 1979 թ հուլիսի 12-ին

2020 թ նոյեմբերի 10-ին, 2020 թ պատերազմի հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր անց, լիբանանում ծնված ՀՀ քաղաքացի Վիգէն Էօլճեքճեանն առևանգվել է Արցախի Շուշի քաղաքում իր հետ ճամփորդող ընկերուհու՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ։

2021 թ հունիսի 14-ին Յասամալի շրջանային դատարանում կայացած ձևական դատավարության ժամանակ Էօլճեքճեանը մեղավոր է ճանաչվել ահաբեկիչ և վարձկան լինելու մեջ և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։

Գևորգ Սուջյան

Ծնվել է 1989 թ հունվարի 21-ին

Մարդասիրական օժանդակության աշխատակիցն առևանգվել է (իր համախոհ Դավիթ Դավթյանի հետ) 2020 թ նոյեմբերի 11-ին (նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո) Արցախի Բերձոր-Շուշի ճանապարհին։

2021 թ հուլիսի 28-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի ունեցած ձևական դատավարության ժամանակ Սուջյանն ու Դավթյանը դատապարտվել են լրտեսության մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

Վագիֆ Խաչատրյան

Ծնվել է 1955 թ հոկտեմբերի 28-ին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Վագիֆ Խաչատրյանին տարհանում էին Արցախից՝ ՀՀ-ում շտապ բուժօգնություն ստանալու նպատակով, երբ 2023 թ հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները նրան առևանգեցին Լաչինի միջանցքի անցակետից։

Նրա ձևական դատավարությունը իրականացվել է Յասամալի շրջանային դատարանում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ, 2023 թ հոկտեմբերի 13-ին, որտեղ նրան անհիմն մեղադրանք է առաջադրվել 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն» կատարելու մեջ։ Նոյեմբերի 7-ին նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Հետագա բողոքարկումը մերժվել է։

Ռազմագերիներ

Դավիթ Ալավերդյան

Տարիքը՝ 36 տ

Ձերբակալման ժամանակը՝ սեպտեմբեր 2023 թ

Ձերբակալման վայրը՝ Արցախ

Լևոն Բալայան

Տարիքը՝ 46 տ

Ձերբակալման ժամանակը՝ սեպտեմբեր 2023 թ

Ձերբակալման վայրը՝ Արցախ

Վասիլի Բեգլարյան

Տարիքը՝ 31 տ

Ձերբակալման ժամանակը՝ սեպտեմբեր 2023 թ

Ձերբակալման վայրը՝ Արցախ

Էրիկ Ղազարյան

Տարիքը՝ 39 տ

Ձերբակալման ժամանակը՝ սեպտեմբեր 2023 թ

Ձերբակալման վայրը՝ Արցախ

Ալյոշա Խոսրովյան

Տարիքը՝ 56 տ

Ձերբակալման ժամանակը՝ 3 հոկտեմբեր 2020 թ

Ձերբակալման վայրը՝ Արցախ

Ալյոշա Խսորովյանի (և Լյուդվիգ Մկրտչյանի) ձևական դատավարությունը տեղի է ունեցել 2021 թ հունիսին Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։ Ալյոշա Խոսրովյանը դատապարտվել է 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցի պատանդներին խոշտանգելու մեղադրանքով և 2021 թ օգոստոսի 2-ին դատապարտվել 20 տարվա ազատազրկման։

Գարիկ Մարտիրոսյան

Տարիքը՝ 52 տ

Ձերբակալման ժամանակը՝ սեպտեմբեր 2023 թ

Ձերբակալման վայրը՝ Արցախ

Լյուդվիգ Մկրտչյան

Տարիքը՝ 54 տ

Ձերբակալման ժամանակը՝ 20 հոկտեմբեր 2020 թ

Ձերբակալման վայրը՝ Արցախ

Լյուդվիգ Մկրտչյանի (և Ալյոշա Խսորովյանի) ձևական դատավարությունը տեղի է ունեցել 2021 թ հունիսին Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։ Լյուդվիգ Մկրտչյանը դատապարտվել է 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցի պատանդներին խոշտանգելու մեղադրանքով և 2021 թ օգոստոսի 2-ին դատապարտվել 20 տարվա ազատազրկման։

Մելիքսեթ Փաշայան

Տարիքը՝ 53 տ

Ձերբակալման ժամանակը՝ սեպտեմբեր 2023 թ

Ձերբակալման վայրը՝ Արցախ

Գուրգեն Ստեփանյան

Տարիքը՝ 37 տ

Ձերբակալման ժամանակը՝ սեպտեմբեր 2023 թ

Ձերբակալման վայրը՝ Արցախ

Մարիամ Խաթլամաջյան