Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում․ «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան»,- ԱԺ-ում իր ելույթի սկզբում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հակադարձելով ՔՊ-ական պատգամավորների ելույթներին, թե ընդդիմադիր լրատվականներն այսօր համատարած ատելության խոսք են տարածում։
Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթը ամբողջությամբ։
Ելույթս ուղեցույց է բոլոր նրանց, ովքեր դեռ պատրաստ են ամուր պահել պետականության հենասյուները՝ պատմություն, արժանապատվություն, հիշողություն։ Այն հակափաստարկ է բոլոր նրանց, ովքեր ուզում են հայ ժողովրդի հիշողությունը կեղծել, ջնջել։
Խոսքս հանուն պետության և Հայրենիքի է՝ հակափաստարկելով փաշինյանական այն թեզերին, որոնք մեր ազգային գոյությունը և հենց պետականությունն են վտանգում։ Միակողմանի ապազգային տրամաբանության հակադրումը պետություն + հիշողություն = ուժեղ ու կենդանի Հայրենիք հայեցակարգն է:
Նախորդ շաբաթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մենք ականատես եղանք մի ելույթի, որը պաշտոնապես կոչվում էր «զեկույց», բայց իրականում այն քաղաքական մանիֆեստ էր՝ պետականություն առանց հիշողության, իրականություն առանց արմատների, ու ապագա՝ առանց ինքնության։ Այն առաջարկում է հրաժարվել մեր պատմական դասերից, մշակութային կոդերից և ազգային նկարագրից։
Սա բառերի խառնաշփոթ չէր, չգիտակցված պոռթկում չէր։ Սա նախապես ծրագրված գաղափարախոսություն է, որն ունի շատ հստակ նպատակ՝ հայ ժողովրդին զրկել հիշողությունից, արմատներից և ինքնությունից։
Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը մանիֆեստի վերածեց անցնող մի քանի տարիներին արդեն ավանդական դարձած ներազգային կյանքում հակադրումների, թշնամացման, ուրացման, հրաժարման, թշնամական օրակարգի ներդրման ու սպասարկման հերթական թեզը։
Հիշու՞մ եք՝ բաժանումները տարբեր էին՝ սև ու սպիտակ, նախկին ու ներկա, հարկատու ու թալանչի, հայաստանցի եւ սփյուռքահայ, հետո արդեն 2020 ի պատերազմի ժամանակ՝ հայրենանվեր կամավոր ու դիզերտիր, արցախցի խուճապ տարածող, դավաճան ու վարչապետի մարտակոչով առաջնագիծ շտապող որդի։
Նմանատիպ բաժանումները ետպատերազմյան շրջանում այլեւս որքան մեծանում էին թուրք-ադրբեջանական ճնշումները, այդ հակադրում-հարցադրումներն ուղղված հասարակությանն ավելի ցայտուն, ցինիկ, սահման ու բանականություն չճանաչող էին դառնում։
Օվերտոնի պատուհանի սկզբունքով հրապարակ էին ներտվում ամենատարբեր մտքեր, որոնք արժանանում էին նախ համատարած պարսավանքի, դատապարտման, ապա՝ ժամանակի հետ դառնում էին սովորական, մինչեւ որ մի օր դրանք այլեւս իրողություններ էին դառնում։ Դժբախտաբար։
Իսկ հետո ԱՐԱՐԱՏ թե՞ Արագած բաժանումը, ապա Հայրենիք թե՞ պետություն բաժանարարն էր։ Հաջորդիվ արդեն Հայոց Ցեղասպանության շուրջ անառողջ դիսկուրսի հերթն էր։
Ընդ որում ուշադրություն դարձրեք, այդ բոլոր հակադրումները կատարվում էին հագուրդ տալու թուրք-ադրբեջանական ճնշումներին, պահանջներին, ճաշակին։
Անցյալ շաբաթվա ելույթում արդեն Փաշինյանն այլևս նոր դոզա ներարկեց ներհասարակական կյանքում։ Այս ամբիոնից հակադրեց Արցախյան շարժումն ու Անկախության համար պայքարը, այլեւ՝ Արցախյան շարժումը համարեց խոչնդոտ այդ պայքարի համար։ Նա բացահայտ ձևով հակադրում է մեր նորագույն պատմության երկու հիմնասյուները՝ Արցախյան շարժումը և Հայաստանի Հանրապետության անկախության շարժումը։
Սա ոչ թե թյուրիմացություն է, այլ գաղափարական դիրքորոշում։ Դիրքորոշում, որն այսօր պաշտոնական է դարձել այս իշխանության մոտ։
Փաշինյանը միտումնավոր խոսում է, թե իբր մենք ընդամենը հիմա ենք հասել պետականություն կառուցելու իրական շանսի, և թե մինչև հիմա միայն Ղարաբաղի համար ենք ունեցել անկախություն։ Սա ոչ միայն պատմական փաստերի ընտրովի մեկնաբանություն է, այլ նաև վտանգավոր արդարացում՝ վերջին տարիների խորը ձախողումների համար։
Իր խմբագիր եղած ժամանակվա ոճով, ամեն ինչից մի քիչ իմանալով, իբր լուրջ դատողությունների հանգող Փաշինյանը եզրակացնում է, թե մեջբերում եմ «1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար»։
Սուտ, ոչ ճիշտ, ոչ պատմական եզրակացություն։
Արձանագրենք, որ անկախական շարժումը մեր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքում առնվազն 21-րդ դարում զուգահեռաբար զարգացել է երկու տարբեր հատվածներում՝ Սփյուռքում իր ձեւավորումից ի վեր՝ Դաշնակցության ջանքերով, համառությամբ՝ Մայիս 28ն ու Եռագույնը փայփայելուց սկսյալ մինչեւ այդ ոգով սերունդներ կրթելը, ու Մայր Հայրենիքում դեռ 50-ականների վերջ, 60 ականներից՝ Անկախության գաղափարի համար պայքարած, սիբիրյան աքսորներ տեսած, այդ ճամփեքին նաեւ նահատակված նվիյալների մի ողջ փաղանգով։ Ի դեպ, այդ անկախական սերնդի տարածվող գաղափարների մեջ իր մշտական տեղն ուներ Հայոց Ցեղասպանության հարցը։
Հայաստանում Արցախյան շարժման մեկնարկը, որը տրվեց հաժողովրդական շարժման մեկնարկ դարձավ1987 թ-ի աշնանը, իբրեւ հարթակ բնապահպանական շարժումն էր, որի խորքում էլ Արցախի, արցախահայերի խնդիրներն էին, մինչեւ 1988 թվականի փետրվարյան համաժողովրդական շարժումը։ Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ դրա շարժիչ ուժն էր։
Ամեն ինչին մակերեսային տիրապետող Փաշինյանն անգամ չի էլ պատկերացնում կամ իրականում չի էլ ուզում առերեսվել, հաշվի նստել պատմական այն իրողության հետ, որ տիրում էր այդ օրերին Խորհրդային Հայաստանում: Այն մթնոլորտը, որտեղ դեռ ամուր Խորհրդային միության սահմաններում մեր հասարակությունը Արցախյան շարժումը դիտարկում էր ներպետական կանոնակարգումներով որոշվելիք հարց ։ Բայց բնականաբար կար նաեւ 60 ականներից երբեք դադար չառնող անկախական շարժումն ու կրակը։
Փաշինյանը միտումնավոր զրոյացնում է, անտեսում է, այն իրողությունը, որ Ազատության հրապարկն այդ օրերին միասնական միլիոնանոց էր, բայցև բազմաշերտ՝ Գորբաչովին հավատացող դեմոկրատներից մինչեւ Հայ դատի անդամներ, մերձբալթյան ու վրացական, արդբեջանական այլախոհների հետ դաշինք կազմել երազողներից ու դրանով Արցախի հարցի լուծումը տեսնողներից մինչեւ Միացյալ Հայաստանի տասնամյակների երազանքով ապրած, 60-ականներին մեր հողերը վանկարկումներով փողոց իջած տասնյակ հազարավոր հայորդիներ, որոնց իդեալը Դաշնակցությունն էր։
1988 թվականի ժողովուրդը դուրս եկավ ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի համար։ Մարդիկ դուրս եկան արժանապատվության, արժեհամակարգի, հայրենիքի համար։ Եվ այդ շարժումն էր, որ կոտրեց Խորհրդային կայսրության խարխլված պատերը Հայաստանում։
Հայաստանի անկախացման անհաժեշտությունը դարձավ համոզմունք ոչ թե Արցախյան հարցում ելքեր չլինելու պատճառով, այլ ողջ խորհրդային տարածքում մթնոլորտն էր այդպիսին այլեւս՝ Մերձբալթիկայից մինչև Վրաստան։
Եթե անգամ այս հարցում այդ օրվա Հայաստանը ինքնակորույս քայլեր չէր անում, ոչ թե կաշկանդաված էր, այլ՝ պահի լրջությունն էր հասկանում։ Դրա վկայությունն է 1991 թվկանի ԳԿՉՊ-ն։ Պատկերացեք, այդ պայքարի առաջամարտիկը Հայաստանն էր ու հեղաշրջումը հաջողում էր։ Դա փաշինյանական իշխանությունը չէր, որ խելքին փչի ու ինչ ուզի Ստեփանակերտում գոռա, առանց հետեւանքները հաշվի առնելու։
ՈՒ վերջապես Անկախության հռչակում, հանրաքվե, եւ զուգահեռ նույն պրոցեսն արդեն Արցախի Հանրապետությունում էր։
Ողջ աշխարհում էլ ազատագրական շարժումները հաճախ ունեն եւ ունեցել են բազմաշերտ շարժառիթներ, և Ղարաբաղի հարցը եղել է համազգային ինքնության, արդարության և անվտանգության կարևոր բաղադրիչ, որը չէր կարելի անտեսել կամ վերջնականապես փակել առանց հետևանքների։
Այստեղ է աշխարհահայացքային տարբերությունը մեր ու ձեր տեսակետների։
Աշխարհը Հայաստանին, անգամ Խորհրդային Հայաստանին հաշվի առավ, գործակից դիտեց, աշխարհի մայրաքաղաքներում մեր ղեկավարներին ընդունեց, քանի որ Ղարաբաղյան պայքարն էր ուժեղացրել մեր ժողովրդին, երկրին։ Դա էր, որ օրակարգ էր թելադրում, ու ոչ թե թուլացնում մեզ։
Հետագա երեսուն տարիներին, եթե միջագային բեմերում Հայաստանը եղել է ուժեղ ներկայությամբ, եթե իր տարածքով ամենափոքրը լինելով ողջ տարածաշրջանում առանձնացել է, քանի որ ուներ Արցախի Հանրապետություն, քանի որ գործոն էր՝ քաղաքական, ռազմական, դիվանագիտական։
Ու հիմա, Հայաստանի Հանրապետության սահմաններում տիրող իրավիճակը, 200 քառակուսի կիլոմետրի ավել օկուպացված տարածքի փաստը վկայում է, թե Արցախի Հանրապետությունն ինչ կարեւորագույն եւ գնահատելի անվտանգային բարձիկ էին ու գործոն Հայաստանի Հանրապետության համար։
Արցախյան շարժումը պայքար էր հանուն արժանապատվության, ինքնիշխանության և պետականության ամրապնդման, անկախության պայքար էր, ոչ թե պետականության խաթարման։
Ի դեպ, չբացելով փակագծերը, մի անգամ 1991 թ-ի մարտին ՀՀ Գերագույն խորհրդի ընդլայնված փակ նիստում այս մասին եւս խոսվել է՝ Արցախյան շարժման կարեւորագույն արդյունքը Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության համար եղավ։ Եվ եթե այսօր իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք կամ Մասիս, պարտական են այդ շարժմանը, պայքարին։ Կրկնում եմ՝ չբացելով փակագծերը։
Բայց այսօր այդ շարժումը հռչակվում է որպես «խանգարող» հանգամանք։ Դուք ուզում եք մի հասարակություն, որ չի հիշում՝ ինչու սկսվեց Արցախյան շարժումը։ Որ չի հիշում՝ ինչի համար տվեց զոհեր, մոռանա Շուշիի ազատագրումից մինչև Արցախի Հանրապետության կայացումը և զարգացումը։ Որ չհիշի՝ ինչի համար դիմադրեց պատերազմների ու շրջափակման պայմաններում։
Որ չի հիշում՝ թուրքին հայրենիքը չհանձնելու իր վճռականությունը։
Բայց դուք մոռանում եք մեկ բան։ Մոռացությունը ձեր ծրագրում է, բայց մեր արյան մեջ չէ։
Փաշինյանական ելույթում շեշտվում է, որ Ղարաբաղյան շարժման շարունակությունն այսօր կործանարար է։ Այսինքն՝ ոչ միայն անցյալում էր դա սխալ, այլ հիմա էլ՝ պիտի մոռանանք, պիտի վերջ դնենք այդ մտածողությանը։
Սա նոր հարձակման փորձ է՝ մեր հավաքական հիշողության և քաղաքական իմունիտետի դեմ։ Բայց եկեք շատ պարզ հարց տանք՝ ո՞ւմ համար է կործանարար Ղարաբաղյան շարժման շարունակությունը։
Կործանարար է նրանց համար, որոնք ուզում են հաշտեցնել հայ մարդուն իրենց պարտվողականության ու հայրենիքը թշնամուն շարունակաբար զիջելու հետ։
Նախ մի հստակեցում՝ Փաշինյանը հայտարարում է, թե այլեւս չի լինելու Ղարաբաղյան շարժում։ Իրականում Արցախյան շարժումն իր տրամաբանական ավարտին հասավ 1994 թ-ի մայիսին Արցախի ներկայացուցիչների հետ Արդբեջանի կողմից զինադադարի մասին փաստաթղթի կնքումից հետո, դրան արդեն հաջորդեց ինստիտուցիոնալ, դիվանագիտական, քաղաքական կարգավորման մի ողջ 25 ամյակ։
Ու վերջապես Փաշինյանի համաձայն Ղարաբաղյան շարժումը օտար որոշ երկրների ձեռքում գործիք էր Հայաստանի անկախացում թույլ չտալու համար էր։
Այդ պայքարով անկախացած Հայաստանում ինքնիշխանությունից ամենից շատ գոռացող այս քաղաքական ուժը անցնող տարիներին մեր երկրի ինքնիշխանությունն ինչպե՞ս է ապահովում, օտար երկրների դրոշները սահմաններին պարբերաբար տնկելով, մեկ ռուսական դրոշներն էին ամեն քայլափոխի, մեկ Եվրամիությանը դրանք փոխարիներցին։ Հասան այնտեղ, որ մեր սուվերեն տարածքում գործարան կառուցելը պաշտպանելու համար ստիպված էին ԱՄՆ դրոշը տնկել, որն էլ չօգնեց։ Հիմա ո՞վ է ցանկանում ու կործանում է մեր անկախությունը, որն մեր երկրի ծննդյան վկայական Անկախության հռչակագիրը ցանկանում է ջնջել արտաքին պարտադրանքով ու թելադրանքով։
Ի դեպ, ասեմ պարզ, երբ առաջին անգամ Փաշինյանի շուրթերից հնչեց Ղարաբաղյան շարժում թույլ չտալու մասին հայտարարությունը, միանգամից հիշեցի գործընկերներիս հետ Արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկված փաստաթղթի մի հատված, որով պայմանավորվում էր արգելել ցանկացած գործունեություն, որը հավակնություններ կպարունակի։ Ակամայից ԱԳՆ պաշտոնյանին հարցս էր՝ սրանով Դաշնակցությունը փակելու՞ եք։ Պատասխանը ժխտողական չէր։
Սա է մեխը։ Փաշինյանը ոչ թե համոզված է ասում շարժում թույլ չտալու մասին, այլ ի կատար է ածում առայժմ չվավերացրած համաձայնագիրն ու ադրբեջանական հերթական պահանջը։
Արցախյան շարժման արժեքները չեն կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության անկախությանը, ամուր և անվտանգ պետություն ունենալուն։ Ղարաբաղյան շարժման խեղաթյուրված գնահատականներն են խոչընդոտ Հայաստանի պետականության գոյությանը։
Հաջորդ, արդեն տեւական ժամանակ շրջանառվող թեզը, որ Փաշինյանի մանիֆեստի մեխերից էր՝ թե Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ հոգեբանական հեղափոխությունը։ Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են: Ասել է, թե իբրև թե հայ ժողովուրդը, վերջապես, ընկալում է, թե իր հայրենիքը միայն ՀՀ միջազգային ճանաչված սահմաններում է, իր ձեռքի փայլփլուն կտրված քարտեզում։
Այս թեզը՝ ձևով փաթեթավորված, բովանդակությամբ խեղաթյուրված և նպատակով՝ խիստ վտանգավոր է ու կործանարար։ Եվ դրա տակ մի շատ պարզ մեսիջ է՝
«մոռացեք այն ամենը, ինչ դուրս է այս քարտեզից։»
Սա դեկլարատիվ կապիտուլյացիա է մեր պատմության, ինքնության և հիշողության հանդեպ։ Հոգեբանական հեղափոխության քողի տակ դուք իրականում կերտում եք ազգային մոռացում։
Հայրենիքը քարտեզով չեն սահմանում։ Հայրենիքը ստեղծվում է հիշողությամբ, մշակույթով, հաղթանակներով, հանուն հայրենիքի նահատակվածներով։
Պետությունը սահման ունի։ Հայրենիքը՝ հիշողություն։ ՈՒ Երբ հայրենիքը դառնում է բեռ, պետությունը կորցնում է հոգին։
Հայրենիքը սոսկ ներկայի տարածք չէ։ Այն նաև անցյալ է՝ որից գալիս ենք, և ապագա՝ որի մեջ ներդնում ենք անցյալի իմաստը։
«Սոցիալ-հոգեբանական հեղափոխություն» անվանում եք այն, ինչ ժողովուրդը վշտով, ցավով, պարտությամբ ու հիասթափությամբ է ապրել: Այդ ո՞ր պահից է ազգային ցավը, կորուստը դարձել հոգեբանական առաջընթաց։
Ոչ, նիկոլ Փաշինյան, դա հոգեբանական մանիպուլյացիա է՝ ուղղված ժողովրդին համակերպվելու պարտությանը և զիջումներին, և ոչ թե հաղթանակին, զարգացմանը ձգտելուն։
Առաջին անգամ չէ, որ Հայաստանի Հանրապետությունն ու հայրենիքի գաղափարը համընկնում են, բայց առաջին անգամ է, որ իշխանությունը փորձում է դրանք բաժանել ժողովրդի հոգուց:
Երբ 1918-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Սարդարապատի հերոսները չէին ասում՝ «մենք պաշտպանում ենք միայն էս բարձունքից այն կողմ»։
Նրանք կռվում էին ողջ ժողովրդի, հայրենիքի համար։
Արցախը ձեր «նոր հայրենասիրական դասակարգման» մեջ չի տեղավորվում։ Բայց մեր ազգի արյան մեջ է: Որտե՞ղ է Արցախը ձեր այդ «սոցիալ-հոգեբանական հեղափոխության» քարտեզում։ Թերևս՝ մոռացության բաժնում։
Բայց Արցախը մոռացվող չէ։ Արցախը, Անիի ավերակները, Կարսը, Վանում հնչած հայկական ձայնը մոռացվող չեն։ Հայրենիքը սահմաններով չես չափում, այլ՝ պատասխանատվությամբ և հիշողությամբ ։
Պետությունը կարող է հրաժարվել այդ ժառանգությունից՝ քաղաքական պայմանագրով, բայց ժողովուրդը չի կարող հրաժարվել ինքն իրենից։ Պետությունն առանց հայրենիք ընդամենը վարչական մեխանիզմ է։ Երբ պետությունը զրկվում է հայրենիքի գաղափարական հենքից, այն դադարում է լինել արժեք, դառնում է կառավարելի, վաճառվող ու նույնիսկ՝ հանձնվող։ Կիրանցի օրինակը ձեզ լավագույն վկայություն։ Լոկ սահման հասկացությունը, դրա ֆետիշացումը պատճառ դարձավ առանց ցավի զիջել եւ շարունակել զիջել։
Երբ Հայրենիքը չկա պետականության հիմքում, ապա պետությունն այդ պահին սկսում է ծառայել ոչ թե ժողովրդին, այլ միայն վարչակարգին։
Փաշինյանը Հայրենիք ու պետության հակադրության մեջ հայտարարում է, թե «բյուջեն, հարկը, օրենսդրությունը»՝ մեր հասարակության համար ատելի են, որովհետև դա պետական համակարգի ատրիբուտներն են։ Բայց դա չի որ իրականում մեր հայրենակցի համար ատելին է։ Քաղաքացին ատում է ոչ թե հարկը, այլ՝ անարդար գույքահարկը, հայտարարագրումը, որքան էլ իշխանությունը դրանք գունավոր փաթեթավորի, քանի որ դրանում անարդարություն է տեսնում իշխանավորի կողմից։
Այս իշխանությունը փորձում է ստեղծել մի նոր նարատիվ, որտեղ գոյություն ունի միայն խաղաղության օրակարգ, բայց առանց պատմության, առանց հիշողության, առանց ինքնության։
Մեզ հաճախ համոզում են, թե հայրենիքի մասին խոսելն անցյալամոլություն է, թե արժանապատվության պայքարը խանգարում է խաղաղությանը, և թե ազգային ինքնության պաշտպանության պահանջը ռևանշիզմ է։ Երբ պետությունը ձգտում է ազատվել իր անցյալից, նա իրականում փորձում է ազատվել պատասխանատվությունից։
Այս քաղաքականության շրջանակում միջազգային օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը։ Այն նույն Ցեղասպանությունը, որի մասին բարձրաձայնելը մի ժամանակ համազգային պայքար էր։ Բայց հիմա, կարծես, այդ ամենը պետք է մոռացվի՝ հանուն հերթական զիջման, հերթական խաղաղության հնարավորության։
Սիրելի հայրենակիցներ, մեր ազգը արժանի է հիշողության վրա հիմնված խաղաղության, ոչ թե մոռացության վրա կառուցված խաբկանքի։ Մեզ պետք է պետություն, որը չի վախենում բարձրաձայն ասել ճշմարտությունը։ Որովհետև առանց ճշմարտության չի կարող լինել ո՛չ արդարություն, ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ ապագա։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել մեր պետական դիսկուրսից։
Այս նույն տրամաբանությամբ ներկայացվում է Արցախը՝ որպես «միջազգայնորեն Ադրբեջանին ճանաչված տարածք», իբրև թե դա ինչ-որ ճշմարտություն է, որի հետ պետք է համակերպվել։ Բայց այդպես է խոսում միայն նա, ով պարտվել է, պատրաստ է զիջումների հանուն ոչ թե հայրենիքի ու պետության, այլ սեփական իշխանությունը պահելուն:
Ու վերջապես, արդյո՞ք կարող է որեւէ մեկը ստիպել այդ ժամանակավոր կորսված երկիրը Հայրենիք չհամարել։
Կարո՞ղ է որեւէ մեկը ստիպել Եռաբլուրում հավաքված մեր հայրենակիցներին, որոնք եկել էին խնկարկելու Արցախի Շահումյանի շրջանի հրամանատար, հայդուկային պայքարի լեգենդար ղեկավար Շահեն Մեղրյանի նահատակության 32-րդ տարելիցը, որ իրենք Շահումյանը, բռնակցված Շահումյանը չհամարեն իրենց Հայրենիքը։
Անհնար է ջնջել դա, հիշողությունը, կարոտը, վերադառնալու հույսը։
Հակառակ դեպքում եկեք ջնջեք մեր քաղաքների վրայից Արարատի ու Մասիսի անունները, Երեւանի համայնքներում անվանափոխենք Զեյթունը, Արաբկիրը, Մալաթիան, Սեբաստիան, արգելեք ծննդյան վկայականներում անվանակոչեն, օրինակ իմ զավակների անուններով՝ Անի եւ Տարոն, քանի որ դրանք Հայրենիքի այն հատվածում են, որ Հայաստանի տարծքը չէ, հորդորեք ձեր կուսակից Թալինի համայնքապետ, 1915 թվականի Ցեղասպանության ժառանգ Տավրոս Սափեյանին հրաժարվի իր անունից, քանի որ դա Սասունի Տավրոս լեռան անվանումն է, թույլ չտաք համերգասրահներում երգեն Քելե էրթանք մեր էրգիր, կամ Կոմիտասի Կռունը, քանի որ երկրեն խաբրիկ է սպասում։ Շարունակե՞մ այս շարքը։
Եվ հենց այդ հիշողության ուժով, հայրենիքի ոգով ինչպես ամեն տարի, այնպես էլ երկու օրից հայ երիտասարդը, հիշողությունը չկորցրած հայ մարդը ջահերով և ծաղիկներով քայլելու է դեպի Ծիծեռնակաբերդ՝ հիշելու մեր նահատակներին, դատապարտելու և պահանջելու պատասխանատվության ենթարկել ցեղասպանին, որ այլևս չկրկնվի ոչ Կարսում, ոչ Զեյթունում, ոչ Ստեփանակերտում և Հադրութում հայ մարդու կոտորածը, որ գալիք սերունդը ոչ թե կեղծ ու ժխտող արժեքներով ապրի, այլ ուժեղ և պահանջատեր պետությունը ունենա:
Սիրելի հայրենակիցներ, հայ մարդն արժանի է հիշողության վրա հիմնված խաղաղության, ոչ թե մոռացության վրա կառուցված խաբկանքի։
Սիրելի հայրենակիցներ, ես այստեղ եմ՝ ասելու, որ հիշողությունը պարտություն չէ։ Ճշմարտությունը ռևանշիզմ չէ։ Իսկ պայքարը՝ ոչ թե ատելություն է, այլ արժանապատվություն։
Եվ ինչպես մեծ գաղափարախոս դաշնակցական Սարգիս Զեյթլյանն է ասում.
«Հայրենիքին դավաճանելը սկսվում է նրան մոռանալով։ Երբ անունը այլևս ցավ չի պատճառում, երբ հիշատակն այլևս պայքար չի թելադրում՝ դու արդեն պարտված ես»։
Երբ դուք հայտարարում եք, որ հայրենիքը ավարտվում է քարտեզի եզրին, դուք ոչ միայն հրաժարվում եք անցյալից, այլ խոչընդոտում եք ապագան։ Երբ ասում եք՝ «ոչ մի Ղարաբաղյան շարժում այլևս», դուք ասում եք՝ «ոչ մի ժողովուրդ, որը պայքարում է իր իրավունքների համար», «ոչ մի ազգային ինքնություն, որը հիշում է իր պատմական ուղին», «ոչ մի երկիր, որն արժանապատվության վրա է կառուցվում»։
Հիշողությունը նաև հպարտություն է, ուժ է, դիմադրություն է։ Դա է, որ ձևավորում է ժողովուրդների դիմագիծը։ Եվ հենց այդ պատճառով է, որ ձեր թեզերը հակահայկական են։ Ոչ թե իբր «խիզախորեն այլընտրանքային», այլ՝ մեր կռված և հաղթանակ կերտած ժողովրդի դեմ ուղղված։
Ու ես այս ամբիոնից ասում եմ՝ այդ թեզերը չեն անցնելու։ Ոչ թե որովհետեւ ընդդիմություն է, այլ որովհետեւ հայ ժողովուրդը չի մոռանում, ազգային հիշողությունը չեք կարող վերացնել։ Ձեր քաղաքական օրակարգի ճանապարհը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է հայի հիշողությունը։ Իսկ մեր հիշողությունը դեռ կենդանի է՝ հաղթանակներով, պայքարով, զոհվածների անուններով, անպարտ շարժման ոգով։
Այո՛, մենք կեղծ փիլիսոփայական տարանջատում չենք անում պետության ու հայրենիքի միջեւ։ Մենք ասում ենք՝ ուժեղ պետություն է միայն այն, որն ունի հիշողություն, հայրենիքի բարձր արժեքը։ Որովհետեւ առանց հիշողության՝ պետությունը դառնում է վարչական միավոր, ոչ թե հայրենիք։ Իսկ մեր նպատակը վարչական սուբյեկտ չէ, այլ կենդանի, ուժեղ, արժանապատիվ հայրենիք։
Մանրամասն՝ տեսանյութում