կարևոր
1192 դիտում, 23 ժամ առաջ - 2025-04-18 14:37
Հասարակություն

Եթե իսկապես թալան եք ուզում վերադարձնել, ես կողմ եմ․Սամվել Շահրամանյանը հանդիպեց ակցիա իրականացնողնորի հետ

Արցախի ներկայացուցիչության շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարված էր այնքան ժամանակ, մինչև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ և սկսեց պատասխանել ակտիվիստների հարցերին։

Մինչ այդ՝ ոստիկանության միջնորդությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի 10 հոգի պետք է մուտք գործեին շենք՝ հանդիպելու նախագահի հետ։ Սակայն նրանք շուտով դուրս եկան՝ նախ հայտարարելով, որ նախագահը հրաժարվել է հանդիպումից, ապա նշելով, որ իրենք են ցանկացել մնալ ժողովրդի կողքին։

Եթե սկզբում ակտիվիստների պահանջը եղել է, որ նախագահը գնա իրենց հետ դատախազություն՝ հիմնադրամի գործի վերաբերյալ պահանջ ներկայացնելու, ապա հետագայում պահանջը վերաձևակերպվեց։ Ըստ նրանց՝ իրենց բուն դժգոհությունը վերաբերում է Արցախի ղեկավարության որոշմանը՝ առանց հանրային քննարկման փոխելու Սահմանադրությունը։

Սամվել Շահրամանյանը արձագանքեց այդ պահանջին՝ նշելով, որ շարժման կազմակերպիչներն արդեն մի քանի անգամ հնարավորություն են ունեցել հանդիպելու իր հետ, այդ թվում՝ ինչպես ներկայացուցչության շենքում, այնպես էլ դրսում։ «Մենք բազմիցս քննարկել ենք իրավիճակը, ներկայացրել թալանի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիայի նպատակը իսկապես թալանը վերադարձնելն է, ես ողջունում եմ այն և տեղեկացնում, որ 2023 թվականի նոյեմբերի 8-ին հայց եմ ներկայացրել, և այդ հարցով արդեն քննչական գործընթաց է ընթանում ՀՀ Քննչական կոմիտեում և Հատուկ քննչական ծառայությունում, էլեկտրոնային կրիչները առգրավվել են, և պետական պաշտոնյաներ արդեն հարցաքննվել են»,- ասաց նախագահը։

Նա ընդգծեց, որ իրավապահ մարմիններն ամբողջական պատկեր ունեն հիմնադրամի գործունեության վերաբերյալ՝ «մինչև վերջին 1000 դրամի շարժը»։ Նա նաև հիշեցրեց, որ այս ամենի մասին արդեն տարածվել է տեղեկատվություն պետական շտաբի կողմից, և իրենք հորդորել են ուժեղացնել իրավական ընթացակարգերը։ «Ակցիային իմ միանալու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ սա քաղաքացիական նախաձեռնություն է։ Բայց ես ողջունում եմ այն և ընդգծում՝ եթե լինի հանրային ճնշում, իրավապահ համակարգը կարձագանքի ավելի ակտիվ», -նշեց Շահրամանյանը։

Նա նաև անդրադարձավ կազմակերպիչների այն հայտարարությանը, թե իշխանությունները չեն աջակցել ՀԿ ստեղծելու գաղափարին։ «Նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ պայմանավորվել ենք, որ այդ հարցով կստեղծվի ՀԿ։ Բայց մինչ այժմ ոչ ոք չի ներկայացել՝ լիազորագիր ձևակերպելու համար»,- ասաց նա։

Վերջում նախագահը արձագանքեց իր առաջնորդության վերաբերյալ հնչեցված կասկածներին.
«Արցախի Սահմանադրությամբ մայիսի 21-ից հետո ցանկացած անձ կարող է դիմել ԱԺ և գրանցվել որպես նախագահի թեկնածու։ Բայց առաջնորդությունը միայն փողոցով չի որոշվում։ Եթե այդպես լիներ, ցանկացած հաղորդավար կլիներ առաջնորդ։ Դժվար ժամանակ ես եմ ստանձնել այդ պատասխանատվությունը։ Այստեղ գտնվելս դրա վկայությունն է։ Երկրորդ մարդ, ով ուղիղ բանակցել է Ադրբեջանի հետ՝ մեր ժողովրդին Արցախից դուրս բերելու համար, պարզապես չի եղել։ Մենք ստիպված ենք եղել բացել Հակարիի կամուրջը՝ փրկելու մեր զինծառայողներին ու քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարեց Շահրամանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում