կարևոր
1426 դիտում, 1 օր առաջ - 2025-02-19 17:19
Հասարակություն

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը դադարեցրել է ՀՀ դեսպանատան հետ համագործակցությունը. Լուլուկյան

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը դադարեցրել է ՀՀ դեսպանատան հետ համագործակցությունը. Լուլուկյան

Կառավարության էջում տարածված հայտարարությունը, թե Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի հետ՝ մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Այդ հանդիպմանը ներկա չեն գտնվել Գերմանիայում կարևորագույն կառույցները, ինչպես Գերմանիայի հայոց թեմը՝ իր 16 եկեղեցական համայնքներով, «Հայաստան» հիմնադրամը, ՀՕՄ-ը, իրավաբանների, գործարարների միությունները։ Մի խոսքով Գերմանիայում տասնյակ կազմակերպություններ կան, որոնցից որևէ մեկի ներկայացուցիչները հանդիպմանը ներկա չեն գտնվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը՝ ընդգծելով, որ փոխարենը որոշակի առումով իրականությանը մոտ կարող է լինել Նիկոլ Փաշինյանի իր սոցիալական էջերում տարածած ձևակերպումը, թե հանդիպել է մի խումբ հայրենակիցների հետ։

Ս. Լուլուկյանի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել Մյունխենի համայնքի նախկին նախագահը և հայ համայնքի նորընտիր վարչության անդամը։

Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցերի ու հայ համայնքի հետ նախորդ 3 հանդիպումների ընթացքում Լուլուկյանը սուր հարցեր էր ուղղել Փաշինյանին, ավելի՝ պահանջել նրա հրաժարականը։ «Հետաքրքրական է, որ նախորդ հանդիպումներում իմ հարցերը տեղադրվել էին Փաշինյանի էջում, բայց այս անգամ, թե Վաշինգտոնյան, թե Փարիզի հանդիպումների ձևաչափը փոխվել է։ Նա միայն տեղադրում է իր խոսքը կամ կարճ հոլովակներ և ասում՝ հանդիպում համայնքի հետ, մինչդեռ, այդ հանդիպումների ընթցքում հնչած հարցադրումները այդ տեսանյութերում չկան։ Իմ կարծիքով՝ նա չի ցանկանում հարցեր լսել, որոնք բարձրացվում են համայնքում և բավարարվում է իր տեսակետների ներկայացմամբ։ Իր մեջ վախ կա, թե անցանկալի է, և պատրաստ չէ իր հասցեին քննադատական խոսքեր լսել, դա արդեն չեմ կարող ասել»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Փաշինյանի առաջ քաշած գաղափարական նոր թեզերին՝ Լուլուկյանն ասաց, որ այդ շրջադարձի և Ցեղասպանության ուրացման փորձերին ի պատախան՝ Գերմանահայոց կետրոնական խորհուրդը և Գերմանիայի հայոց թեմը հայտարարություն են տարածել, որտեղ անընդունելի են համարել Ցյուրխում Փաշինյանի առաջ քաշած թեզերը։

«Մենք հայտարարել ենք, որ իր առաջ քաշած թեզերը տասնամյակներ շարունակ թուրքական պետության կողմից առաջ քաշած թեզերն են։ Թուրքական քարոզչամեքենան էր հայտարարում, որ պետք է թողնենք պատմաբաններին, որ պետք է պարզենք, թե ինչպես է դա եղել և ինչու։ Այսինքն, ակնհայտ է, որ Փաշինյանն իր այդ հայտարարություններով ջուր է լցնում թուրքական քարոզչամեքենայի ջրաղացին։

Մենք դա դատապարտել ենք և անընդունելի ենք համարել նաև այն պատճառով, որ դրանք վերաբերում են աշխարհասփյուռ հայությանը, այդ գաղափարական շրջադարձերով փորձ է արվում պառակտում մտցնել աշխարհասփյուռ Սփյուռքի մեջ։ Դրա համար էլ մենք այդ հայտարարությամբ նաև Սփյուռքի մեջ գտնվող համայն հայությանը կոչ ենք արել համախմբվելու և միասնական շարունակելու պայքարը թե Ցեղասպանության ճանաչման, թե մեր ինքնության պահպանման համար։ Այդ հայտարաության մեջ նաև Փաշինյանից պահանջել էինք հրաժարվել իր հայտարարություններից, իմ կարծիքով՝ նա նաև պետք է ներողություն խնդրի դրա համար, չնայած չեմ կարծում, որ դա կանի։

Ավելին, այդ հայտարարությունից հետո մենք Գերմանիայում ՀՀ դեսպանն հայտնել էինք, որ դադարեցնում ենք ՀՀ դեսպանատան հետ մեր համագործակցությունը»։

Լուլուկյանը նշեց, որ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ու Գերմանիայի Հայոց թեմը ավանդաբար դեսպանատան հետ միասին կազմակերպում էին Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներ, սակայն Գերմանիայում ՀՀ դեսպանին հայտնել են, որ Փաշինյանի հայտարարությունից հետո խզում են համագործակցությունը դեսպանատան հետ և պաշտոնապես Գերմանայում այլևս դեսպանատունը համակազմակերպիչ չի լինելու այդ միջացառմանը։

«Ենթադրում եմ, նաև այս հայտարարությունն է նաև պատճառը, որ մեզ այդ հանդիպմանը չեն հրավիրել, չեմ կարող ասել՝ ում են հրավիրել, ում՝ ոչ, սակայն ընդհանուր մթնոլորտն այնպիսին է, որ 10 կարևորագույն կառույցներից որևէ մեկի ներկայացուցիչ չի ցանկանում հանդիպել իր հետ։ Այսինքն, Սփյուռքի կառույցները, գոնե նրանք, ում հետ ես խոսել եմ՝ բոյկոտում են Փաշինյանին, որովհետև Ցյուրիխի հայտարարությունից հետո, նա շատ մեծ վնաս է հասցրել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, որի համար մենք տասնամյաներով պայքարում էինք, սա բոլոր «կամիր գծերի» հատում է, ու անթույլատրելի է։

Ավելին, իմ կարծիքով, այդ հանդիպումները բեմականացումներ են, շոուի նման մի բան է, ընդ որում՝ սա բեմականացման անհաջող փորձ է, որովհետև իր վարկանիշը շատ ցածր է, սա տեղավորվում է իր հեծանիվ քշելու ու ձվածեղ պատրաստելու տրամաբանության մեջ։

Ակնհայտ է, որ այս իշխանությունը լծվել է Սփյուռքը պառակտելու գործին, սա պատահական չէ, քանի որ եթե հիշում եք՝ Էրդողանը հայտարարում էր, որ Թուրքյիայի համար առաջին թշնամին հենց հայկական Սփյուռքն է, և հիմա իրենք փորձում են չեզոքացնել մեզ։ Ակնհայտ է, որ Թուրքիան նախապայման է դրել Փաշինյանի առջև ու հիմա էլ Փաշինյանը զբաղված է Սփյուռքը պառակտելով։ Ինչպես Հայաստանում էին ժողովրդին բաժանել «սևերի ու սպիտակների» նույնպես և հիմա Սփյուռքն են փորձում բաժանել «սևերի ու սպիտակների», բայց դա նրանց չի հաջողվում։

Ընդ որում՝ այս պրոցեցը նոր չեն սկսվել, դեռ 2022 թ-ին, երբ մեր խորհրդի վարչության ընտրություններն էին Հայաստանի իշխանությունները փորձում էին միաջամտել ու իրենց մարիոնետներին առաջ մղել, դա չստացվեց, ու հիմա մենք տեղեկություններ ունենք, որ փորձում են պրոիշխանական կառույցներ ստեղծել Սփյուռքի մեջ, բաց դա իրենց չի հաջողվում, քանի որ իրենք անգամ չեն էլ պատկերացնում, թե Սփյուռքը ինչ է։ Եթե կարծում են, որ 1-2 անձանց իրենց կողմ ներգրավվելով կկարողանան Սփյուռքը պառակտել, ապա, իհարկե, շատ են սխալվում»,-ընդգծեց Լուլուկյանը։