Փոխարժեքներ
05 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.71 |
EUR | ⚊ | € 409.96 |
RUB | ⚊ | ₽ 3.9979 |
GBP | ⚊ | £ 492.87 |
GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երևան քաղաքի դատախազության նախկին ավագ դատախազ Հայկ Հարությունյանը դատախազությունից տեղափոխվեց ոստիկանություն։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Հարությունյանն այսօր նշանակվել է ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանի՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից ազատման մասին պաշտոնապես հայտնի դարձավ հունվարի 31-ին՝ դատախազության հաղորդագրությունից։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ Հարությունյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Նա որպես հանրային մեղադրող ներգրավված էր մի շարք աղմկահարույց գործերով, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի, «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործերով։
«168 Ժամ» լրատվականն օրերս՝ մինչև գլխավոր դատախազի ՝ Հարությունյանին պաշտոնից ազատման հրամանը, գրել էր, որ Հարությունյանին իրականում «գցել» են՝ խոստանալով ԴԱՀԿ պետի տեղակալի պաշտոնը և հանգիստ կյանք, սակայն այդ պաշտոնում նշանակել են այլ անձի, երբ Հարությունյանն արդեն ազատման դիմում էր ներկայացրել։
Դրանից օրեր անց էլ «Անտիֆեյքը» հրապարակեց մի ձայնագրություն՝ գաղտնի ձայնագրված ուսանողներից մեկի կողմից, որի համաձայն՝ դասապրոցեսի ընթացքում Հարությունյանն իբրև ասել է, թե անձնական հակակրանք ունի Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, որ տեսնում է՝ ուզում է դատել։ Թե ինչպես է ստացվել, որ ուսանողներն այլևս խոսեցնում և գաղտնի ձայնագրում են իրենց դասախոսներին, ապա՝ փոխանցում՝ հանրայնացման՝ հարցի բարոյական կողմն է, իսկ թե ինչպես է ստացվում, որ դասախոս պաշտոնյաներն իրենց վարույթում գտնվող գործերով նման գնահատականներ են հնչեցնում՝ հարցի այլևս մասնագիտական դիտանկյունն է։ Այդուհանդերձ, աղմկահարույց գործերով ներգրավված դատախազ Հարությունյանը տեղափոխվել է ոստիկանություն։
Աղբյուր` Փաստինֆո