կարևոր
508 դիտում, 15 ժամ առաջ - 2025-01-08 19:42
Աշխարհ

Ինչո՞ւ է Էրդողանին անհրաժեշտ Օջալանը

Ինչո՞ւ է Էրդողանին անհրաժեշտ Օջալանը
Ֆիդանն իր հորդանանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում, անդրադառնալով Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գործունեությանը, հայտարարել է․ «բռնության կայսրությունը, որը նրանք (ՔԱԿ) կառուցել են՝ օգտագործելով մեր քուրդ եղբայրների վեհ զգացմունքները, պատրաստվում է փլուզվել»: Միեւնույն ժամանակ նա խոստովանել է՝ «ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրներ Սիրիայում օգտագործում են ՔԱԿ-ի մարտական ջոկատները վերածնված ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Բայց, ըստ նրա, դա «քաղաքականության քողարկում է, որն անհամատեղելի է իրականության հետ», եւ «մենք ոչ միայն ի վիճակի ենք դա տեսնել, այլեւ փչացնել ամեն ինչ»:

Բայց ինչպե՞ս: Թուրքիայի հետ փոխկապակցված սիրիական ընդդիմության զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արեւելքում մարտական գործողություններ են իրականացնում քրդական ստորաբաժանումների հետ, որտեղ ԱՄՆ-ն լրացուցիչ զորք է բերել: Իր հերթին, ըստ լիբանանյան Al Mayadeen պարբերականի, Իսրայելը չի բացառում ռազմական գործողության անցկացումը Սիրիայի տարածքում՝ հենվելով քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանութայն ջոկատների» վրա, որոնց Անկարան համարում է PKK-ի ստորաբաժանում: Սիրիայի քրդերն իրենք հայտնում են, որ «հաստատված կապեր ունեն Թել Ավիվի հետ»։ Նրանք նաեւ փորձել են բանակցություններ վարել Դամասկոսի նոր կառավարության հետ՝ Ահմեդ Ալ-Շարաայի գլխավորությամբ: Եվ ոչ միայն դա:

Թուրքական ԶԼՄ-ները պատմում են ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի կողմից նշանակված իր երկրորդ կաբինետի անդամների՝ Անկարայի համար հնարավոր հետեւանքների մասին: Նրանք նշում են՝ ապագա պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը եւ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդը նրանց թվում են, ովքեր լավ գիտեն քրդական հարցը եւ բացասաբար են ընկալում Էրդողանին: Նրանց կասկածում են «Սիրիայում, Իրաքում եւ ընդհանրապես տարածաշրջանում քաղաքական իսլամական շարժումներին համակրանքի եւ աջակցության մեջ»։ Նման իրավիճակը ստիպում է Էրդողանին «քրդական մանեւրներ անցկացնել՝ իրավիճակը ներսից վերախաղարկելու համար»։ Խոսքը ՔԱԿ-ի հետ հաշտվելու Էրդողանի նախաձեռնության մասին է՝ ցմահ բանտարկության մեջ գտնվող այդ կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին իր կողմը գրավելու միջոցով։ Այդ կապակցությամբ քրդամետ «Ժողովրդական հավասարություն եւ ժողովրդավարություն» (DEM) կուսակցության ներկայցուցիչներին թույլատրվել է բանտում այցելել Օջալանին եւ նրա հետ քննարկել Թուրքիայում քրդական խնդրի լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորությունը։ Օրերս DEM-ի պատվիրակությունը բանակցություններ է վարել Օջալանի հետ եւ դրանց արդյունքների մասին զեկուցել Էրդողանին։ Այդ բանակցությունների մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն հայտնի է դարձե՝լ հունվարի 11-ին Էրդողանը կայցելի Դիարբեքիր, որտեղ կոմպակտ բնակվում են քրդերը: Սա Թուրքիայի ղեկավարի առաջին այցն է այդ քաղաք այն պահից ի վեր, երբ սկսվել են քննարկումները՝ կապված ոչ միայն Օջալանի թուրքական քաղաքականություն հնարավոր վերադարձի հետ: Թուրք փորձագետները ենթադրում են՝ եթե նա համաձայնի թորքական կառավարության պահանջներին եւ պայմաններին, դադարեցնի «պայքարի զինված փուլը» եւ Սիրիայի քրդերին հրամայի հաշտվել Անկարայի հետ, ապա Թուրքիան «կկարողանա տարածաշրջանում իր ավելի կարեւոր դերը նշել հունվարի 20-ին Սպիտակ տուն Թրամփի ժամանման պահին կամ մինչ այդ»: Բայց գլխավոր առեղծվածն այն է, թե ինչ քաղաքական կարգավիճակ է տրվելու Օջալանին Թուրքիայում, եւ արդյո՞ք նրան կհաջողվի դրանից հետո պահպանել իր ազդեցությունը ՔԱԿ-ում: Դեռեւս հարց կա կապված իրադարձությունների ենթադրյալ ընթացքին ԱՄՆ-ի արձագանքի հետ, եւ արդյո՞ք կվերացվի Սիրիայում քրդական ինքնավարության խնդիրը: Եվ բանն այն չէր, որ Սիրիայի քրդերն իրական սպառնալիք էին թուրքակն պետության համար։ Վերջին տարիներին Սիրիայի քրդերը ձեռնպահ են մնացել թուրք-սիրիական սահմանը խախտելուց, մինչդեռ օրինակներ են եղել, թե ինչպես է Անկարան ջիհադական տարբեր խմբավորումների ձեռքով փորձել կռվել Սիրիայի քրդերի դեմ: Բացի այդ, Սիրիայի քաղաքացիական պատերազմին քրդերը չեն մասնակցել եւ պահպանել են «ինքնավար չեզոքություն»։ Վերջապես, Սիրիայի նոր ժամանակավոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի առանցքային պաշտոններից մեկում նշանակվել է քուրդ Ասհադ Հասան Շիբանին:

Եթե Սիրիայի քրդերը նոր Դամասկոսի հետ միասին հանդես գան ԴԱԻՇ-ի դեմ, ապա կարող են Սիրիայում ինքնավար կարգավիճակ ստանալ, ինչը կարող է Էրդողանին դրդել Օջալանին Դիարբեքիրում ինչ-որ վարչական պաշտոնի նշանակել։ Բայց հազիվ թե թուրք քրդերը բավարարվեն վիլայեթի (մարզային) կարգավիճակով։ Մի խոսքով՝ Էրդողանը ներքաղաքական խոշոր մանեւրներ է ձեռնարկում։ Մանեւրում են նաեւ քրդերը։ Սիրիայում րնանք արդեն ինքնորոշման մակարդակի վրա են, ինչպես դա իրականություն դարձավ Իրաքում։ Իսկ Անկարան հույս ունի կամ ռազմական ճանապարհով, կամ կուլիսային քաղաքական պայմանավորվածություններով դուրս գալ քրդական ծուղակից։ Նման իրավիճակում ԱՄՆ-ը կարող է հանդես գալ որպես միջնորդ Անկարայի եւ թուրք եւ սիրիական քրդերի միջեւ, որպեսզի նրանց համոզի այս փուլում միավորել ջանքերը ապագա սպառնալիքների առջեւ: Սպասենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի