կարևոր
1342 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-11 15:10
Աշխարհ

Սիրիա-թուրքական սագա եւ այլք

Սիրիա-թուրքական սագա եւ այլք

Դեռեւս 12 տարի առաջ Միջազգային ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի զեկույցում գտնում ենք. «Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում ընդդիմադիր խմբերի հետ կապերին՝ հույս ունենալով, որ նրանք իշխանության կգան Ասադի տապալումից հետո...»: Ցուցադրական են նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի խոսքերը, որոնք նա ասել էր 2014 թ-ին Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնում. «եթե պահանջվի, մենք Սիրիա կուղարկենք մեր մարդկանց»: Վերջապես, խորհրդանշական է Էրդողանի ընդամենը մեկ ամիս առաջ արված հայտարարությունը. «առաջիկա ժամանակահատվածում մենք լավ նորություններ կունենանք մեր ազգի համար, որոնք կապահովեն ինչպես մեր հարավային բոլոր սահմանների անվտանգությունը, այնպես էլ մեր ժողովրդի կյանքի ու ունեցվածքի անվտանգությունը»:

Խոսելով սիրիական ուղղությամբ Անկարայի հետապնդած նպատակների մասին՝ պետք է առանձնացնել երեք առավել նշանակալիցները։ Նախ, վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը նշում է, դրանց թվին պետք է դասել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ փոխկապակցված ուժերի ճնշումը, որը պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական է ճանաչվում, եւ նրանց առաջխաղացումը Սիրիայի ներսում արգելափակելը: Այդ ուժերի թվում են ժողովրդվարական միություն կուսակցությունը եւ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները։ Պատահական չէ՝ Դամասկոսի անկումից անմիջապես հետո «ազատության արշալույս» գործողության շրջանակներում Մանբիջ քաղաքի շրջանում հարձակում է սկսվել քրդերի դեմ։

Երկրորդ՝ Սիրիայում իշխանփոխությունը թույլ կտար մեղմել Թուրքիայի տարածքում բնակվող սիրիացի փախստականների հետ կապված խնդիրը (մոտ 3,5 մլն մարդ), որն ավելի ու ավելի է գրգռվում թուրքական հասարակության շրջանում։ Իզուր չէ, որ նոյեմբերի 29-ին սիրիական ընդդիմության շարունակական հարձակման խորապատկերկն Էրդողանը հայտարարեց՝ այժմ «սիրիացի փախստականների կամավոր վերադարձը հայրենիք պետք է արագանա»: Ընդդիմադիր խմբավորումների հետագա առաջընթացին եւ ռազմաքաղաքական հաջողություններին զուգընթաց՝ նույն կերպ արտահայտվեցին նաեւ Թուրքիայի ներքին եւ արտաքին գործերի նախարարները․․․․

Վերջապես, նշանակալի են նաեւ տնտեսական դրդապատճառները։ Որոշ փորձագետներ տեղին հիշեցնում են երբեմնի թղթի վրա գոյություն ունեցող գազատարի նախագծի մասին, որը պետք է սկիզբ առներ աշխարհի խոշորագույն Հյուսիսային/Հարավային Պարս նավթագազային հանքավայրից Քաթարի եւ Իրանի տարածքային ջրերում եւ, մասնավորապես, Սաուդյան Արաբիայով, Հորդանանով եւ Սիրիայով անցներ Թուրքիա՝ Եվրոպա հետագա մատակարարումների հեռանկարով։ Միեւնույն ժամանակ, այս նախագիծը, որն աջակցում է Արեւմուտքը, պոտենցիալ սպառնում էր ԵՄ գազի մատակարարումների ռուսական մենաշնորհին: Ընդ որում՝ պետք է հիշեցնել, որ դեռեւս 2012ին Ասադը որոշում է կայացրել Թեհրանի հետ հուշագիր ստորագրել, որում ամրագրված են իրանական գազի սիրիական տարանցումն Իրաքով եւ Լիբանանով Եվրոպա կազմակերպելու մտադրությունները՝ շրջանցելով Թուրքիան: Այդ փաստաթղթում նաեւ նշվում էր Միջերկրական ծովի ափին գազի հեղուկացման գործարան կառուցելու հնարավորությունը։ Արդյունքում, մի շարք, այդ թվում՝ արտասահմանյան մեկնաբաններ (օրինակ՝ ԱՄՆ նախագահի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը) նշել են՝Ասադի դեմ Վաշինգտոնի «չհայտարարված պատերազմը» սկսվել է այն բանից հետո, երբ սիրիական կողմը մերժել է Թուրքիայի տարածքով գազատարի կառուցման գաղափարը։ Այդ կապակցությամբ, ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների շարունակման հարցի լուծման նախաշեմին եւ համաշխարհային գազային շուկայում ռուսական ներկյության արժեզրկման հավաքական Արեւմուտքի աճող ագրեսիվ քաղաքականության խորապատկերին, տեղին է ենթադրել, որ այժմ, երբԱսադը տապալվել է, Քաթարա-իրանա-թուրքական գազատարի նախագիծը կարող է իրագործվել։

Համառ հարց է առաջանում նաեւ, թե ինչու ամեն ինչ տեղի ունեցավ հենց հիմա։ Որոշ վերլուծաբաններ պնդում են՝ ռազմական հարձակումը ծրագրվում էր շատ ավելի վաղ՝ հոկտեմբերի կեսերին, սակայն այն ժամանակ Թուրքիան այն կանգնեցրեց եւ հավանություն տվեց միայն այն բանից հետո, երբ Ասադի ռեժիմի հետ հարաբերւթյունների կարգավորմանն ուղղված նրա ջանքերը մերժվեցին: Սակայն, երեւում է, այս վարկածում կա նենգափոխության չափաբաժին, քանի որ հարաբրությունների կարգավորման համար Թուրքիայի առաջադրած պահանջները ակնհայտորեն հակադրվում էին Սիրիայի առաջնորդի հակընդդեմ առաջարկներին, այնպես որ «Անկարայի մեկնած ձեռքի» ժեստը թեեւ գեղեցիկ էր, բայց ավելի շուտ թատերական։ Ավելի փաստարկված է թվում «ամերիկյան հետքի» եւ Թրամփի ընտրության շուրջ սպասումների մասին վարկածը։ Առանձին մեկնաբաններ կարծում են՝ նոյեմբերին կայացած նախագհական ընտրություններում տարած հաղթանակից հետո Սպիտակ տան նոր տերն ակնհայտորեն առաջարկել է սիրիական դոսյեի «քաղաքական փոխանակումն» ուկրաինականի հետ, որի հետեւանքով նվազում է Վաշինգտոնի ներգրավվածությունը Կիեւի գործերում, սակայն ակտիվանում է ամերիկյան ներկայությունը Մերձավոր Արեւելքում։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման ճանապարհը «մաքրվում է» թուրքական ձեռքերով՝ կողմերի շահերի պահպանման դեպքում։ Նման վարկածն անուղղակիորեն հաստատվում է այն բանով, որ Դամասկոսի գրավումից անմիջապես հետո Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել է՝ Ուկրաինայի իշխանոթյունները կցանկանային խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, եւ կոչ է արել դադարեցնել կրակը, իսկ NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է՝ Կիեւը Վաշինգտոնում իշխանափոխությունից հետո չպետք է հույս դնի նույն քանակությամբ ռազմական օգնության վրա, որը կար Բայդենի վարչակազմի օրոք:

Հատկանշական է՝ Թուրքիայում տեղի ունեցածի գնահատականները բավականին տարբեր են։ Եթե իշխանամետ ուժերը սպասելիորեն լիակատար աջակցություն են հայտնում իրենց նախագահի գործողություններին, երբեմն նույնիսկ չափազանց հուզական տատանումներով (Թուրքիայի առաջորդի դուստր, ֆինանսների նախարարի տիկին.»Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց»,Բահչելի՝ազգայնկան շարժման կուսակցության առաջնորդ. «Սա միայն մենք չենք ասում, սա ճշմարտությունն է ասում...»), ապա խորհրդարանական ընդդիմությունը (մասնավորապես՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, Լավ կուսակցությունը) կոչ է անում հիշել Աթաթուրքի պատգամները եւ կենտրոնանալ ներքին խնդիրների լուծման վրա՝ հրաժարվելով ինտերնացիոնալիզմի քաղաքականությունից («Թուրքիան պետք է հեռու մնա անորոշ ելքով արկածախնդրություններից»,»թուրք ժողովուրդն այլեւս չի մեռնի ոչ մեկի համար, բացի իր հայրենիքից եւ ազգից»)։

 

Մարիա Կոլեսնիկովա

Աղբյուրը՝ interaffairs.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյան