կարևոր
1687 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-14 13:14
Հասարակություն

Տիկին Ժաննային մոլորեցրե՞լ են, թե ինքն է մոլորեցնո՞ւմ

Տիկին Ժաննային մոլորեցրե՞լ են, թե ինքն է մոլորեցնո՞ւմ

Ագրարային համալսարանին վերաբերող ՀՀ կառավարության 2024 թ. սեպտեմբերի 5-ի 1402 – Ն որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ աշխատաշուկայում ագրոպարենային ոլորտի մասնագետների մեծ պահանջարկի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից այդ պահանջարկին համապատասխանող կադրեր պատրաստելու կարողության մասին է վկայում այն փաստը, որ աշխատանքային կիսամյակ մեկնած (արտերկիր մեկնել լսել էինք, գործուղման մեկնել լսել էինք, բայց կիսամյակ մեկնել՝ ոչ - Yerkir.am) ՀԱԱՀ երրորդ կուրսի առկա համակարգում սովորող ուսանողների շուրջ 60 տոկոսը, դեռ դիպլոմ չստացած, արդեն հիմնական աշխատանքի են անցել աշխատանքային կիսամյակը ՀԱԱՀ հետ կազմակերպող գործատուների մոտ՝ բավականին մրցունակ աշխատավարձերով։

Նույն միտքը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կրկնել է ս.թ. հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների ժամանակ՝ նշելով, որ ագրարային համալսարանի ուսանողներից գրեթե բոլորը 3-րդ կուրսից սկսած աշխատում են իրենց մասնագիտական ոլորտի կազմակերպություններում և կարելի յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողների ցանկը վերցնել և տեսնել, թե որտեղ և ինչով են նրանք զբաղված:

Հաշվի առնելով վերոգրյալը, Yerkir.am-ը հարցադրում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, ըստ որի՝ ըստ ագրարային ոլորտի առանձին մասնագիտությունների (առանց տնտեսագիտական մասնագիտությունների և անուն-ազգանունները նշելու) 2024 թվականի ընթացքում քանի՞ ուսանող է մասնակցել աշխատանքային կիսամյակի և նրանցից քանի՞սն է անցել աշխատանքի: Օրինակ՝ Ագրոնոմիա մասնագիտության 3-րդ կուրսի աշխատանքային կիսամյակին մասնակցած 30 ուսանողներից աշխատանքի են անցել 20-ը: Խնդրել էինք նաև տրամադրել մասնագիտական ոլորտի այն կազմակերպությունների ցանկը, որտեղ ուսանողներն անցկացրել են աշխատանքային կիսամյակը, ինչպես նաև խնդրել էինք նշել, թե ո՞ր կազմակերպությունում քանի՞ ուսանող է անցել աշխատանքի: Հարցրել էինք նաև՝ արդյո՞ք օրինական է առկա համակարգի 3-րդ կուրսի ուսանողի հիմնական աշխատանքի անցնելը, և ինչպե՞ս են ուսանողները համատեղում ուսումնական գործընթացը հիմնական աշխատանքի հետ:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ստացել ենք հարցման պատասխանը, որում բառացի ասվում է. «Ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հասցեագրված ս/թ նոյեմբերի 8-ի Ձեր հարցման՝ առաջարկում եմ հայցվող տեղեկատվությունը ստանալու համար դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ որպես տեղեկատվություն տնօրինողի:

Միաժամանակ  անդրադառնալով Ձեր 3-րդ հարցին՝ տեղեկացնում եմ, որ այն առնչվում է աշխատանքային հարաբերություններին, որոնք ենթակա են կարգավորման ՀՀ աշխատանքային օրենսգրքով»:

Տիկին Ժաննայի, ըստ էության, չպատասխանին անդրադառնանք 3-րդ հարցից: Մենք շատ լավ գիտենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի տեղը: Սակայն կարծում ենք, որ կրթության ոլորտի պատասխանատուն գոնե պետք է մտահոգվեր և հստակ պարզաբաներ, թե ինչպե՞ս են թվացյալ հիմնական աշխատանք ունեցող ուսանողներն իրացնում կրթություն ստանալու իրավունքը, կամ ավելի պարզ՝ ինչպե՞ս են ոլորտի կազմակերպություններում հիմնական աշխատանքի անցած ուսանողները հաճախում ուսումնական պարապմունքներին:

Իսկ հիմա 1-ին և 2-րդ հարցերի վերաբերյալ:

Նախ, կառավարության նիստում որոշման նախագիծն ու հիմնավորումը ներկայացրել է հենց ինքը՝ տիկին Ժաննան: Ազգային Ժողովում ուսանողների աշխատելու մասին կրկին խոսել է ինքը: Ուստի զարմանալի և անտրամաբանական է այս հարցերի պատասխանները ստանալու մեր խնդրանքն ագրարային համալսարան ուղղորդելու տիկին Ժաննայի վարքագիծը: Թերևս այս հարցերի պատասխանները ագրարային համալսարանից ստանալը հենց առաջինը պետք է հետաքրքրեր տիկին նախարարին: Գուցե իրեն խաբե՞լ են…

Հետաքրքիրն այն է, որ թե՛ հիմնավորման մեջ, թե՛ ելույթում նախարարը ոչ թե խոսում է բացարձակ, այլ հարաբերական թվերով:

Կրթության նախարարի նշած 3-րդ կուրսի ուսանողներն ագրարային համալսարան ընդունվել են 2021 թվականին: 2021 թ. ագրարային ոլորտի 17 մասնագիտություններով  ընդունվել են, ուշադրություն, ընդամենը 32 դիմորդ: Ընդ որում, այդ 17 մասնագիտություններից երկուսում ուսանող ընդհանրապես չի ընդունվել, իսկ 10-ում ընդունվել է 1-3 դիմորդ: Օրինակ, ուղղակի անհասկանալի է, թե «Բույսերի պաշտպանություն» մասնագիտություն ընդունված 1 ուսանողի կամ «Հողաշինարարություն, հողային կադաստր» ընդունված 2 ուսանողի շուրջ 60 տոկոսը ո՞ր կազմակերպությունում և ինչպե՞ս է աշխատում:

Քանի որ տիկին Ժաննան խուսափել է մեր շատ պարզ հարցերին պատասխանելուց, ուստի կարող ենք դատողություն անել, որ թե՛ հիմնավորման մեջ, թե՛ իր ելույթում արտահայտած մտքերն ու թվերը չեն համապատասխանում իրականությանը:

 Հ.գ. Տիկի՛ն նախարար, մեզ ագրարային համալսարան ուղղորդելու փոխարեն գուցե խոսեիք նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի և Ձեր աշխատակից, հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Գրիգորյանի հետ:

 

Վ. Սարգսյան