կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-23 18:09
Հասարակություն

Մեքենայի խաղարկություն «Երևան մոլ»-ում. մոլորեցրե՞լ են, թե՞ թյուրիմացություն է

Մեքենայի խաղարկություն «Երևան մոլ»-ում. մոլորեցրե՞լ են, թե՞ թյուրիմացություն է

Շաբաթ օրը «Երևան մոլ» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել խաղարկություն, որի ժամանակ «Երևան մոլ»-ի հաճախորդները հնարավորություն են ունեցել շահելու տարբեր կենցաղային իրեր, իսկ ամենախոշոր շահումը ավտոմեքենան էր: Արդեն հինգ տարի է առևտրի կենտրոնում նման խաղարկություն է անցկացվում, սակայն այս անգամ այն հարթ չի անցել: Պատճառն այն է, որ ավտոմեքենան շահող կտրոնի համարը` 05671, եղել է  երկու անձի` Լալա Քասարջյանի և Լիանա Կիրակոսյանի կտրոնների վրա:

Yerkir.am-ի հետ զրույցում Լալա Քասարջյանի ամուսինը` Հարություն Քասարջյանը, պատմեց, որ կնոջ հետ «Երևան մոլ»-ի երկրորդ հարկում են եղել, և երբ հայտարարվել է իրենց կտրոնի համարը, շտապել են ներքև` մտածելով, որ շահողն իրենք են:

«Իջանք ներքև, տեսանք, որ ուրիշի են տալիս մեքենան: Ցույց տվեցինք, որ մեր կտրոնի համարն էլ է նույնը: Մի քիչ ապշած մնացին, չէին սպասում, որ երկու կտրոնների համարներն էլ կարող է նույնը լինել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Քասարջյանների կարծիքով` իրենց հետ անարդար են վարվել: Նրանց «Երևան մոլ»-ում պարզաբանել են, որ կտրոնի շահելու դեպքում պետք է համընկնի ոչ միայն կտրոնի համարը, այլև` անուն-ազգանունը: «Նրանց խաղարկության օրենքով ասվում է, որ անուն- ազգանուն-հայրանունը և համարը պետք է համընկնեն: Որ այդպես նայենք, Լիանայի անուն- ազգանունը և համարն է համընկել, իսկ մերը միայն համարն է նույնը, բայց նրանք պնդում են, որ տպագրության սխալ է: Մեզ 100 հազար դրամի նվեր քարտ առաջարկեցին, բայց մենք այն չընդունեցինք»,- մեզ ասացին Քասարջյանները:  Նրանք ասում են, որ միշտ հավատացել են խաղարկության արդարությանը և միշտ մասնակցել են, սակայն հիմա իրենց խաբված են զգում:

Կատարվածի մասին Yerkir.am-ը զրուցեց «Երևան մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեկոյանի հետ: Նա վստահեցրեց, որ իրենք ո’չ իրավաբանորեն, ո’չ բարոյական առումով խնդիր չունեն: «Ես կարող էի նույնիսկ չհանդիպել այդ մարդկանց հետ, որովհետև իրենց էլ եմ ասել` այդտեղ խնդիր չկա: Կա հստակ կանոնակարգ` շահող կտրոնը` լինի մեքենայի, թե` այլ իրի, ինդենտիֆիկացվում է 4 հատկանիշով` կտրոնի համար, անուն, ազգանուն և անձնագրի սերիա»,- պարզաբանեց Սեկոյանը:

Ըստ նրա` հնարավոր է համընկներ ոչ թե կտրոնի համարը, այլ անուն-ազգանունը, այդ դեպքում իրենք ստուգելու էին անձնագրի տվյալները: «Պատկերացրեք, թե քանի Գևորգյան Արմեն Արթուրի կարող է լինել, եթե երկու կտրոնի մեջ էլ անուն-ազգանունները համընկնեին, ի՞նչ պետք է անեինք, պետք է անձնագրի տվյալները ստուգեինք: Ես նրանց էլ բացատրեցի, նրանք հասկացան և ասացին` չէ, մենք մեքենա չենք շահել: Կա հստակ կանոնակարգ, որը հինգ տարի է` արդեն գործում է»,- ասաց առևտրի կենտրոնի տնօրենը:

Սեկոյանը նշեց, որ եթե իրենք մեքենան տային Լալային, այդ դեպքում Լիանան կբողոքեր` ասելով, որ իր մոտ ամեն ինչ համընկնում է:

Մեր ճշտող հարցին` չի՞ ստացվում, որ նախօրոք կանխորոշված է` ով է շահողը, Սեկոյանն արձագանքեց. «Մենք կոմերցիոն տնտեսվարող սուբյեկտ ենք, այդ մեքենան պետության փողերով ձեռք բերված չէ, մեր փողերով է ձեռք բերված: Եթե մենք մեքենա նվիրելու խնդիր ունենք, ոչնչով կաշկանդված չենք դա անել, ինչո՞ւ պետք է խաբեության գնանք»:

Դիտարկմանը` մարդկանց շահագրգռեն առևտուր անել, նա պատասխանեց, որ դրա իմաստը չկա, որովհետև Երևանը փոքր քաղաք է, ամեն ինչ մի օր ջրի երես դուրս կգա:  «Եթե խորանաք պրոցեսի մեջ, անհնար է կանխորոշել: Ինչքան դուք եք այդ կտրոնի մի հատը գցել թմբուկի մեջ, այդքան էլ` ես: Թմբուկն ամբողջ աշխարհի առաջ պտտվում է, և մի երեխա, որը կարդալ չգիտի, միջից հանում է կտրոն: Այդ կտրոնի համարը, անուն-ազգանունը կարդում են հավաքվածներին, դահլիճից տերն ասում է`  ես եմ: Որտե՞ղ է այդտեղ խնդիրը, ուզում եմ հասկանալ: Անհնար է դա սարքել, որովհետև երբ անուն- ազգանունը և կտրոնի մի մասը թմբուկի մեջ են, իսկ մյուսը ձեր ձեռքն է, թմբուկի մեջ կան հազարավոր այլ կտրոններ, դրանցից մեկն է դուրս գալիս: Հիմա դուրս է եկել մեկը, կարդացել են անուն-ազգանունը, համարը, այդ աղջիկը եղել է ներկա, եկել է անձնագրով: Լալան ասում է` իմ համարը համընկավ, լավ, ես էլ ասում եմ` համարը քիչ է, պետք է 4 կետերն էլ համընկնեն»,- պարզաբանեց տնօրենը:

Սեկոյանը նշեց, որ բոլորը կարող են ստուգել, և եթե մեքենան շահողի ու իր աշխատակիցներից որևէ մեկի հետ կապ գտնեն, այդ մարդն օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվի:  

Yerkir.am-ը կապ հաստատեց նաև մեքենան շահած Լիանա Կիրակոսյանի հետ: Նա սկզբում համաձայնեց մեզ տրամադրել իր շահած կտրոնի լուսանկարը, բայց ավելի ուշ մտափոխվեց: Շահող կտրոնի լուսանկարը մեզ ուղարկեցին «Երևան մոլ»-ից` տեսանյութից հանված տարբերակով:

Նշենք, որ, ըստ կանոնակարգի, որպեսզի  կտրոնն իսկապես համարվի շահող հարկավոր է տնօրենի նշած 4 պայմանների առկայությունը: