Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շատ շուտով կավարտվեն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում Ադրբեջանում, ուր նա ժամանել է մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի նիստին։
«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ։ Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի, և բոլոր պայմանները կստեղծվեն Վրաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ վերականգնելու համար»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նա դա կապել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի «հրավերի» հետ։
«Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է», - ասել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ մարտի դաշտում իրավիճակը «հնարավորություն է ստեղծում» հակամարտության դադարեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկել ոչ ուշ, քան 2025 թվականը:
«Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք շարժվելու դեպի խաղաղություն և կայուն կայունություն։ Ռազմի դաշտում տիրող իրավիճակը հնարավորություն է ստեղծում այս ընտրությունն անելու՝ վճռական գործողությունների ընտրություն՝ պատերազմն ավարտելու համար ոչ ուշ, քան 2025 թվականը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։