Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն կուսակցության փոխնախագահի՝ ծեծի ենթարկվելուց հետո Էրդողանին նկատողություն է արել և ասել, որ իր խոսքերը «բարեկամական նախազգուշացում» են:
Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար և նախկին վարչապետ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահը «խորքային պետության» (derin devlet)՝ մոխրագույն կարդինալների վերահսկողության տակ է: Թուրքիայում դա անվանում են «vesayet»՝ բառացիորեն «խնամակալություն»: Այսինքն, նրա կարծիքով, Էրդողանը լիովին ազատ չէ իր գործողություններում և ծանրաբեռնված է անհայտ ազդեցիկ շրջանակների առջև ստանձնած պարտավորություններով:
Հեղաշրջման փորձից հետո Էրդողանի վերաբերյալ կարծիքը կտրուկ փոխել են երկու քաղաքական գործիչներ՝ «գորշ գայլերի» առաջնորդ Դևլեթ Բահչելին («Ազգայնական շարժում» կուսակցություն – MHP) և Դողու Փերինչեքը ( «Հայրենիք» կուսակցություն - Vatan». հայտնի է իր ընդգծված հայատյացությամբ, Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հերքելու համար): Նրանց տեսակետները գաղափարապես տարբեր են: Մեկը աջ ազգայնական է, մյուսը՝ ձախ, բայց ևս՝ ազգայնական: Ոմանք համարում են, որ Բահչելին և Փերինչեքը «խորքային պետության» ներկայացուցիչներ են:
Ըստ Դավութօղլուի՝ Էրդողանին ոչ միայն ղեկավարում են, այլև շուտով նրան «գահընկեց կանեն» նույնիսկ ընտրություններում հաղթելու դեպքում: Դավութօղլուն կիրառել է «tasfiye» բառը, որն արաբական փոխառություն է և թարգմանվում է որպես «վերացնել, հեռացնել, մաքրել». դա ավելի շատ նշանակում է ինչ–որ պաշտոնից, աշխատանքից հետացում, այլ ոչ թե բռնության կիրառում։
Հետաքրքիր է, որ այս հայտարարությունները դուր չեն եկել ոչ միայն Էրդողանի կողմնակիցներին, այլև ընդդիմությանը: Նրանք կարծում են, որ Դավութօղլուն այս հայտարարություններով, կարծես, «սպիտակեցնում է» Թուրքիայի նախագահին: Դավութօղլուի խոսքով՝ Էրդողանը գտնվում է խնդիրների շրջանում, նա ցանկանում է ազատվել «ազդեցությունից», ուստի խոսում է բարեփոխումների մասին, բայց «խորքային պետությունը» չի ցանկանում, որ նա խոսի այդ մասին:
Դավութօղլուն «խորքային պետությունն» անվանում է «հետմոդեռն հեղաշրջում» իրականացրած ուժերի մնացորդներ: Եվ 1997-ի փետրվարի 28-ի այս հեղաշրջման առանձնահատկությունը, որն այն դարձրել էր «հետմոդեռն», այն էր, որ զինվորականները ստիպված չէին ուժ գործադրել, բավական էր մայրաքաղաք Անկարայի թաղամասերից մեկում մի քանի տանկ շարժել. այն ժամանակվա վարչապետ, Էրդողանի քաղաքական կնքահայր, իսլամական գաղափարախոս Նեջմեթթին Էրբաքանի կառավարությունը հրաժարական տվեց (այդ ժամանակ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետն էր):
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորքային պետության խնդիրն առկա էր մինչև Էրդողանի կառավարումը. խորքային պետությանն էին վերագրվում երկրում տեղի ունեցող ռազմական հեղաշրջումները, ահաբեկչությունները և այլ սկանդալային բացահայտումներ։ Էրդողանի կառավարումից ի վեր պայքար է մղվել խորքային պետության, ինչպես նաև աշխարհիկ զինվորականության դեմ, որի արդյունքում Թուրքիայի ներքին կյանքը հանդարտվել է։