կարևոր
1447 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-06 20:45
Հասարակություն

Ու՞ր են Մարտունու ԲԿ-ի միլիոնավոր դրամներն ու թանկարժեք գույքը

Ու՞ր են Մարտունու ԲԿ-ի միլիոնավոր դրամներն ու թանկարժեք գույքը

Yerkir.am-ը գրավոր երկու հարցումով (ս.թ. հուլիսին և հոկտեմբերին) դիմել էր համապատասխանաբար վարչապետի աշխատակազմին ու առողջապահության նախարարին և պարզաբանման ենթակա մի շարք հարցեր ուղղել վերջիններիս՝ կապված Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման սկզբնական նախագծի, դրա փոփոխման, նախագծի փոփոխման դրդապատճառների, փոփոխմամբ պայմանավորված ֆինանսական ծախսերի ավելացման կամ կրճատման, դրանց արդյունավետության, նախագծման աշխատանքների մրցույթի, ծրագրի նախնական արժեքի, Բժշկական կենտրոնի համար ձեռքբերված գույքի արժեքի, օգտագործված գույքի ճակատագրի և այլնի հետ: Պահանջվել էր նաև յուրաքանչյուր հարցին առնչվող համապատասխան փաստաթղթերի փաթեթը, որոնք, սակայն, չեն տրամադրվել:

Շատ հարցերի խուսափողական, կիսատ-պռատ և լղոզված պատասխաններից, այուամենայնիվ, հնարավոր եղավ առանձնացնել հետևյալ կետերը:

1 . Առաջին հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը նշում է, որ, հիմք ընդունելով Մարտունու ԲԿ-ի տնօրենի գրությունը՝ ավելացրել ենք մահճակալների թիվը և ստեղծել ռադիոլոգիական բաժանմունք, որի համար ծախսվել է  լրացուցիչ  224.309.515 գումար: Սակայն մեր հաջորդ հարցմանը ի պատասխան, այն է՝ ո՞ր մասնաճյուղում է ստեղծվել ռադիոլոգիական բաժանմունքը, ինչո՞ւ մինչև COVID-19-ը և ռազմական դրությունը նախատեսված չի եղել ռադիոլոգիական բաժանմունք, և ի՞նչ հագեցվածություն ունի այն, ԱՆ-ն պատասխանում է՝ ռադիոլոգիական բաժանմունքն ի սկզբանե նախատեսված է եղել և գործում է Ա մասնաշենքում: Երկրորդ պատասխանը  հակասում է առաջինին: Այսինքն՝ արձանագրում ենք, առաջին գրությամբ նախարարը փաստում է, որ հավելյալ գումարը ծախսվել է լրացուցիչ (ռադիոլոգիական) բաժանմունք ստեղծելու համար, սակայն, երկրորդ գրությամբ պնդում է, որ այդ բաժանմունքը նախատեսված է եղել ի սկզբանե հաստատված ծրագրով, ինչի համար, բնականաբար, հատկաված է եղել գումար: Հետևաբար, չի հիմնավորվում, թե ինչի վրա է ծախսվել պատկառելի գումարը՝ 224.309.515 դրամը

2. Հարցին՝ 14 մահճակալները ո՞ր բաժանմունքում են ավելացրել, ԱՆ-ն պատասխանում է, որ դա արտակարգ իրավիճակներում ծառայություններ մատուցելու համար է և կոչվում է ընդհանուր նշանակության բաժանմունք, որը ծավալվել է նկուղային հարկում: Փաստենք, որ արդեն շուրջ 5 ամիս է, ինչ մարտունեցի երեխաները հոսպիտալիզացվում են այդ նկուղային հարկում, այլ ոչ նրանց համար նախատեսված մանկական բաժանմունքում:  Հարց է առաջանում՝ եթե Մարունիում մանկական ինֆեկցիաների առումով արտակարգ իրավիճակ է (ելնելով նախարարի պատասխանից), ապա ինչո՞ւ չկա պատկան մարմինների կողմից, օրինակ, կառանտին հայտարարելու որոշումներ, ի՞նչ վիրուս է «թևածում» Մարունիում և ստեղծում արտակարգ իրավիճակ: Իսկ եթե մարտունեցի երեխաներին նկուղում բուժելու որոշումը նախարարի, մարզպետի և ԲԿ-ի տնօրենի քմահաճույքն է, ապա ո՞վ է թույլ տվել նրանց կայացնել նման որոշում և մարտունեցի երեխաներին բուժել նկուղում՝ խախտելով մի շարք սանիտարական նորմեր:  

Իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը հավանաբար զբաղված է նախարարին հաճոյանալով, այս և այլ խախտումների լուռ ականատեսն է:

3. Մարտունու ԲԿ-ի օգտագործված գույքին առնչվող մեր հարցերը մնացին անպատասխան: 2020-2023 թվականներին, երբ դեռ Մարտունու ԲԿ-ն գործում էր հին մասնաշենքում, մարզպետարանը խախտումներով կատարված գնումների արդյունքում (ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 187-Ա որոշում) տրամադրել էր թանկարժեք բժշկական սարքավորումներ, իսկ ԲԿ-ի արդեն նոր մասնաշենքի բացման ժամանակ նախարարը հայտարարեց, որ գույքը ամբողջությամբ նոր է: Այն է՝ գույքը չի բերվել հին մասնաշենքից և այն գնվել է Համաշխարհային բանկի համապատասխան վարկային ծրագրով: Այսինքն 1-2 տարվա թանկարժեք բժշկական սարքավորումների ճակատագիրը  մնում է անհայտ: Նաև հարց է առաջանում՝ եթե ընդամենը 1 տարվա ընթացքում պետք է նոր գույք ձեռք բերվեր Մարտունում ԲԿ-ի նոր մասնաշենքի համար, ապա ինչո՞վ էր արդարացված հին մասնաշենքի համար միլիոնավոր դրամ արժողությամբ գույքի գնումը պետական միջոցներով, այն էլ մրցույթի խախտումով:

4. ՀՀ կառավարության 14 հունիսի 2024 թվականի N 874-Ա հրամանով Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի  օգտագործմանը հանձնված՝ պետական սեփականություն համարվող 462,650,000 դրամ արժեքով գույքը ներդրվել է «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում`համաձայն հավելվածի: Խոսքը արդեն ԲԿ-ի նոր մասնաշենքի համար ձեռք բերված գույքի մասին է: Հավելվածում ներկայացված գույքի արժեքները խիստ անհասկանալի են և տարակուսելի, որը  համապատասխան մարմիների կողմից ստուգման անհրաժեշտություն ունի (հուշում՝ համեմատել շուկայական գների և մեկ ամիս հետո բացված Վայքի ԲԿ-ի գույքի գների հետ):

Վ. Սարգսյան