կարևոր
1093 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-11 13:10
Քաղաքական

Իմ ու իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, քանի երկիրն այս վիճակում է. Ռոբերտ Քոչարյան

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Ներկայացնում ենք ճեպազրույցի սղագրությունը։

Դուք ներկա եք եղել նիստին և կարծում եմ՝ տեսնում եք, որ այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդի ժանրից է և որևէ կապ չունի իրավաբանության հետ։ Երեք տարի այս գործը պահել են վճռաբեկ դատարանում, ՍԴ կազմը փոխելու օպերացիան ավարտել են, հետո ՍԴ-ն կայացրեց շատ տարօրինակ որոշում, հետո ուղարկվեց վճռաբեկ դատարան։ Այսպես ասած՝ մի օպերացիա էր մշակվել, որը տևեց երեք տարի։

Դրան գումարենք այն փաստը, որ ՍԴ-ում այդ որոշմանը քվեարկել են մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել։

Վահե Գրիգորյանի՞ն նկատի ունեք

Ե՛վ ինքը, և՛ Սասուն Խարատրյանի եղբայրը։ Գիտե՞ք, Հրայր Թովմասյանին չեն թույլատրել մասնակցել այդ հարցի քննարկմանը և հետաքրքիր պատճառաբանությամբ․ գիտե՞ք ինչ պատճառաբանություն էր՝ իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ ունի քավոր-սանիկական հարաբերություններ։ Իսկ հարազատ եղբայրը, պարզվում է, խոչընդոտող հանգամանք չէ։

Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված, դուք տեսել եք՝ որտեղ եմ նստած եղել այս դատական նիստին։ Իմ տպավորությամբ, այս գործը այս վիճակում ուղղակի գցել են առաջին դատարանի գրպանը՝ լուծում գտնելու համար։ Օրինական լուծում այս վիճակից ուղղակի չկա։

Դատավորը ինչպե՞ս կտանի դատավարությունը։

Ես չգիտեմ, եկեք սպասենք, չեմ կարող դատավորի անունից խոսել։ Եթե ունենա համարձակություն բավարար չափի, պետք է ուղղակի կարճի այս գործը և ավարտի։

Չունե՞ք մտավախություն, որ նորից կկալանավորվեք։

Դուք չե՞ք նկատել, որ ես նման բաներից չեմ վախենում։

Ինչո՞ւ այս պահին բերվեց այս գործը։

Երեք տարի տևեց ՍԴ օպերացիան։ Ենթդադրում եմ, որ ուղղակի հասցրել են այս ժամանակում անել այս գործը, որովհետև ՍԴ որոշ անդամների ժամկետը պետք է լրանար, ինչ-որ մարդկանց փորձեցին ճնշել, սա է։ Չեմ կապում այլ ինչ-որ կոնսպերոլոգիայի հետ։

Պարոն Քոչարյան, վերջին օրերին շատ են քննարկում ձեր՝ քաղաքականությունից դուրս գալու հարցը, Դուք պատրաստվո՞ւմ եք։

Ո՞վ է քննարկում։

Որոշ քաղաքական շրջանակներ, նաև հոգևոր դասից եղավ էդպիսի կարծիք։

Մի հատ հիշեցրեք՝ ինչպիսի կարծիք էր։ Եվ պատճառը ուզում եմ դուք ինքներդ ասեք։ Ես հիշեցնեմ ինչ է ասվել, եթե չեմ սխալվում, սրբազաններից մեկի կողմից, որ նախագահների ստվերը խանգարում է Բագրատ սրբազանին։ Հիմա ասեմ։ իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդն ունի փոքր ստվեր․ կոնկրետ Բագրատ սրբազանին, կարծում եմ, ոչ մեկի ստվերը չի խանգարի, և տարօրինակ է ինձ համար, նաև զարմանալի է՝ ինչու են մարդիկ նման որակում տալիս։

Ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում, մի քանի փորձեր եղան։

Հասկանում եմ, որ հիմա ծավալվելու ենք հարցերի լայն սպեկտորով, հասկանում եմ, որ շատ վաղուց հարցազրույցներ չեմ տվել և ենթադրում եմ, որ բավականաչափ հարցեր կուտակվել են նաև ձեր՝ լրագրողների մոտ։ Ես կմտածեմ, թե ինչպիսի ֆորմատով հանդիպել ձեզ հետ՝ այդ բոլոր հարցերին պարզաբանում տալու համար։ Դուք ինչ հարցնում եք, նշանակում է վերլուծություն, որոշակի լուրջ գնահատական տալ, չէի ցանկանա դատարանի դիմաց մտնել այդ հարցերի մեջ։

Դուք Բագրատ սրբազանի շարժմանը ֆինանսապես կամ այլ ռեսուրսներով աջակցե՞լ եք։

Ոչ, մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի հայտարարությունը, Ֆրակցիայի հայտարարությունը։ Դրանից այն կողմ որևէ աջակցություն չի եղել։ Ինքը նաև նման կարգի աջակցության չի դիմել՝ հենց նրա համար, որ ձեր լրատվամիջոցը չհամարի, որ Բագրատ սրբազանի շաժումը, այսպես ասենք, նախագահների պորոյեկտն է։

Ձեզ կաշկանդո՞ւմ է, որ դատավորը «Իմ քայլից» եղել է պատգամավորի թենածու։

Այս դատական նիստը եթե շարունակվի, ապա կա դատավորի ինքնաբացարկի միջնորդություն և ենթադրաբար, կարող է այդ միջնորդության մեջ նաև այդ հանգամանքը փաստաբանները նշեն։

Պարոն Քոչարյան, հիմա էլ զանգովի արդարադատություն կա՞։

Դուք չեք նկատո՞ւմ․ հիմա ընդհանրապես արդարադատություն կա՞ թե չէ։ Ես ավելի քան մեկուկես տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար, չեղած հոդվածով, և մինչ հիմա ինձնից ներողություն չի խնդրել ո՛չ դատախազությունը, ո՛չ ընդհանրպես որևէ պետական մարմին։ Ավելին, շարունակում են աճպարարությամբ այս գործը հետ բերել դատարան ինչ-ինչ նպատակներով։ Այն, ինչ կատարվում է ընդհանրապես, իրավական խուլիգանություն է, ավելի մեղմ բառ չեմ կարողանում օգտագործել։

Ոչ միայն այս գործի հետ կապած․ ընդհանրապես, դուք տեսնում եք կալանավորների քանակը, քաղաքական հետապնդումները։ Այն, ինչ անում են համայնքային ընտրություներից հետո, ոչ ցանկալի համայնքապետեր ընտրվելու պարագայում։ Սա անընդունելի է։

Դատախազությունը փորձւմ է վերաորակել մեղադրանքը պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով, այս մասով Ձեր դիրքորոշումը։

Դուք եղե՞լ եք ներսում, ուշադի՞ր եք եղել։ Ո՞նց կարելի է փոփոխել մի մեղադրանք, որը գոյություն չունի։ Վճռաբեկը վերացրել է, բայց վճռաբեկը չի վերացրել Սահմանադրական դատարանի որոշումը, որով 300․1 հոդվածը գոյություն չունի ընդունման պահից։ Այդ հաոդվածը ընդունման պահից գոյություն չունի։ Հետևաբար, այն մեղադրանքը, որ ինձ առաջադրել են 2018 թվականին, առաջադրման պահից չկա։ Հիմա ո՞նց կարող է․․․

Ձեր նկատմամբ հետապնդումը շարունակվում է։

Ոչ մի բան չի շարունակվում։ Եթե դա ձեր ցանկությունն է, որ շարունակվի․․․

Վճռաբեկը չի վերակենդանացրել 300,1 հոդվածը, այդ հոդվածը այլևս գոյություն չունի և երբեք չի ունեցել։ Ինչպե՞ս կարելի է փոխել մի բան, որը գոյություն չունի։ Ուրեմն պետք է նոր մեղադրանք առաջադրեն։ Խնդրեմ, թող առաջադրեն, բայց նման կարգի թատրոններ, տեսարաններ չստեղծեն։

Ըստ էության, գիտե՞ք ինչ է կատարվել։ ՍԴ որոշումը հետևյալի մասին է, ես ստիպված եմ կրկնել այն, ինչ փաստաբանները ինձնից ավելի լավ ասել են։ Ի՞նչ է ասել ՍԴ-ն․ որ ժամանակին, երբ այս գործը կարճվել է, դատախազները կարող էին վերաորակել, նման միջնորդությամբ հանդես գալ․ չեն արել, պահը կորցրել են։ Օրինական ճաապարհով այլևս չեն կարող ուղղել, որովհետև այդ սխալը գործել են։ Եթե սխա էր դատախազությունը, տվյալ դեպքում թող դատախազությունը մտածի, թե ինչ  անում։

Ձեզ համար ընդունելի է որ նիկոլ Փաշինյա՞նը շարունակի մնալ իշխանության, թե՞ Սերժ Սարգսյանը իր թիմով վերադառնալ։

Մի քիչ տարօրինակ չի՞ թվում ձեզ էդ հարցը։ Անկեղծ ասած՝ ինձ տարօրինակ է թվում, և տարօրինակ հարցերին պատասխանելու ցանկություն ուղղակի չունեմ։ Դուք մտածում եք, որ դրա մեջ կա ողջամտությո՞ւն, թե՞ դա ուղղակի ապուշություն է։ Իմ տպավորությամբ, էդ տրամաբանական շղթան ապուշություն է, շատ կներեք։ Ես ենթադրում եմ, որ դուք բավարար գիտելիքներ ունեք և վերլուծական ընդունակություն ունեք նման կերպ չմտածել։

Հավակնո՞ւմ եք Հայաստանի ղեկավարի պաշտոնին ապագայում, քաղաքականությամբ զբաղվելո՞ւ եք։

Ձեր հարցը ինձ համար հասկանալի չէ։ Եթե խոսքը գնում է քաղաքականությամբ զբաղվելու չզբաղվելուն, ապա ես 2008 թվականի ապրի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018 թվականին քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձնով։ Ես եղել եմ նախագահի պաշտոնում և վարչապետի պաշտոնում և այդ պաշտոնը էն քաղցրությունը չունի, չտես մարդիկ կարող են կպնել, և կարծել, թե դա իրենց կյանքի վերջին երզանքն է։

Ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի վտանգների տակ է հայտնվել և այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, և այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ։