Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն այնքան հստակ է, պարզ և հիմնավորված, որ ինձ համար անհասկանալի են, տեղ-տեղ` նաև ծիծաղելի որոշակի քաղաքական գնահատականները և այն մանիպուլյացիաները, որ փորձում են անել պաշտպանական կողմի ներկայացուցիչները: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներին, ինչն արգելված էր ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս Սահմանադրությամբ»,- ասաց նա` վերահաստատելով, որ զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներում անթույլատրելի է: «Զինված ուժերի ներգրավում կարող էր լինել միայն այն դեպքում, երբ հայտարարված լիներ ռազմական դրություն: Ինչպես գիտենք` ռազմական դրություն հայտարարված չի եղել»,- նշեց Խաչատրյանը:
Հարցին, թե արդյո՞ք ապօրինի չի եղել Քոչարյանին որպես վկա հրավիրելու, սակայն որպես մեղադրյալ հարցաքննելու որոշումը, Խաչատրյանը պատասխանեց, որ` ոչ: «Քրեական դատավարությունը դինամիկ գործընթաց է, այսինքն` ապացույցների ձեռք բերումն անընդհատ տեղի ունեցող գործընթաց է. ամեն ժամ, ամեն օր կարող են նոր ապացույցներ ստացվել: Անձի դատավարական կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա: Ենթադրենք` այսօր անձին մեղադրանք առաջադրելու համար չկա ապացույցների բավարար համակցություն, մեկ ժամ հետո` որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո, կարող է, այդ ապացույցը մյուս ապացույցների հետ համադրելով, վարույթն իրականացնող մարմինը գա եզրահանգման, որ այդ համակցությունը բավարար է անձին մեղադրյալի կարգավիճակ տալու համար: Տվյալ պարագայում, եթե անձը նման ապացույցների առկայության դեպքում հարցաքննվեր որպես վկա, մենք խախտած կլինեինք այդ անձի իրավունքները»,-նշեց նա:
ՀՔԾ պետը հայտնեց, որ քննչական գործողություններ սկսելուց առաջ Ռոբերտ Քոչարյանին ծանուցվել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ:
Խոսելով Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերի մասին` Սասուն Խաչատրյանը նշեց, որ կալանքի տակ պահելու կարևոր հիմքերից մեկը մեղադրյալի կողմից քրեական վարույթին մասնակցող, դատավարությանը մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է: «Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով` ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որպեսզի բացառվի նրա ապօրինի ազդեցությունը վարույթն իրականացնող մարմնի վրա»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը 2008թ. մարտի 1-ի դեպքերից մեկ տարի անց է խմբագրվել, Խաչատրյանը նշեց, որ ինքն այդ հարցին մի քանի անգամ անդրադարձել է, և որ Քոչարյանի պաշտպանները նույնպես ընդունել են, որ մեղադրանքն այդ հոդվածով ներկայացնելը հիմնավոր է: