կարևոր
3337 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-11 17:02
Հասարակություն

Ռեյդեր և շարունակական ողբերգություններ. ինչպե՞ս ազատվել տեղապտույտից

Ռեյդեր և շարունակական ողբերգություններ. ինչպե՞ս ազատվել տեղապտույտից

Ոստիկանությունը պարբերաբար ռեյդեր է անում, և ամեն ստուգումների արդյունքում կարդում ենք հաշվետվություն-հրապարակումը՝ հայտնաբերվել են, պայմանական ասած, 50 անձ առանց վարորդական վկայականի, 65 ոչ սթափ վարորդ, 74 մեքենա առանց տեխզննման, 86` առանց ԱՊՊԱ եւ այլն: Անցնում է որոշ ժամանակ, էլի պայմանական 2-3 շաբաթ, էլի նույն ռեյդը, էլի նույն հաղորդագրությունն ու նույն պատկերը: Այսինքն՝ զրո արդյունք, զրո ազդեցություն:

Վերոնշյալը փաստում է՝ կա հասարակության մի հատված, որը մշտապես գործում է օրենքից դուրս ու հաճախ պատճառ դառնում ողբերգությունների: Ի՞նչ պետք է անել, կամ ի՞նչ պետք է անի ոստիկանությունը, պետությունը, իշխանությունը:

Բերենք աշխարհից օրինակներ: Շատ երկրներում, օրինակ, առանց վարորդական վկայականի, կամ ոչ սթափ վիճակում վարելը հարբած, կամ հանդիպակաց գոտի դուրս գալը համարվում են ծանր հանցագործություն, և իրավախախտն անմիջապես համարվում է քրեածին տարր, որի համար նախատեսված է խիստ պատիժ, ընդհուպ մինչեւ ազատազրկում: Տրամաբանությունը պարզ է՝ այդ արարքները, որոնք պատճառ են դառնում ողբերգությունների, ոչ թե չգիտակցված են, այլ ճիշտ հակառակը: Որևէ մեկը չի կարող պնդել, որ ինքը չգիտակցված է ալկոհոլ օգտագործել, դուրս եկել հանդիպակաց գոտի կամ վարել առանց դրա իրավունքն ունենալու և նույնքան չգիտակցված էլ դարձել մարդկանց մահվան պատճառ: Այսինքն՝ մարդը գիտակցված կատարել է ծանր հետևանքներով հղի հանցագործություն:

Ի՞նչ պատկեր է ՀՀ-ում: Այստեղ, օրինակ, առանց վարորդական իրավունքի վարելն այնքան էլ մեծ հոգս չէ, քանի որ մարդը գիտի՝ դրա համար վճարելու է ընդամենը 25,000 դրամ: Ավելին, եթե նախկինում վերջինիս մեքենան դրա համար տարվում էր տուգանային հրապարակ (առանց վարորդականի չի կարելի քշել), ապա հիմա դա չեն անում: Ենթադրվում է՝ տուգանային հրապարակներում կարճ ժամանակում տեղ չի լինի այլևս: Հիմա վարորդին ասում են՝ կանչիր վարորդական ունեցող մեկին, որ նա նստի ու շարունակի վարել: Պարզ է՝ նման դեպքերում մեկին ձևական կանչում են, և պարեկների մոտից մի փոքր հեռանալուց հետո հրավիրյալ վարորդն իջնում, գնում է իր գործին, իսկ կարգազանցը շարունակում վարել:

Վարորդական չունենալու պարագան ծանրացուցիչ հանգամանք չի համարվում անգամ վթարի դեպքում, քանի որ պարեկներն այդ մասով առանձին ակտ են կազմում, տուգանում, և հետո դրանից լրիվ առանձին քննվում է վթարի դեպքը: Արդյո՞ք հենց վարորդի՝ վարորդական չունենալու, հետևաբար, քշել չիմանալու, պայմանական նշաններին չտիրապետելու և այլնի  արդյունքում չի տեղի ունեցել վթարը, դա արդեն որևէ մեկին հետաքրքիր չէ և ոչ մի կերպ չի փոխկապակցվում վթարի հանգամանքների հետ. վարորդական չունի, դրա համար առանձին տուգանվել է, և վե՛րջ: 

Փաստենք, որ «տուգանքի մատերիալ» հանդիսացող նման կարգազանց շատ վարորդներ արդեն իմունիտետ են ձեռք բերել տուգանքների հանդեպ, և իրենց վրա որևէ կերպ չի ազդում դա: Բերեմ օրինակ: Ինձ մի տաքսու վարորդ պատմեց, որ քարտով փոխանցումով չի աշխատում, քանի որ ունի 3 մլն դրամի չափ չմուծված տուգանքներ, և հարկադիր կատարման ծառայությունը հենց տեսնում՝ քաշում է փողը: Զարմացա՝ ինչպե՞ս կարող է 3 մլն դրամի տուգանք կուտակել: Վարորդս թե՝ դա չեմ էլ մուծելու, անցած տարիներին 12 միլիոնի չափ ունեի, դատարաններում ջրեցի, վրաս ոչ մի բան չունեմ, ասում եմ՝ սնանկ եմ, ջրում են, էս մեկն էլ էդպես կանեմ:

Փաստ է՝ մարդիկ ոչ միայն չեն վախենում ռեյդերից, տուգանքներից, այլև շատերն արդեն գիտեն դրանք շրջանցելու ձևերն ու մեթոդները: Այսինքն՝ ոստիկանության գործողությունների, միջոցառումների արդյունքում մարդկանց վարքագիծը չի փոխվում:

Այնինչ, պետությունը պետք է այնպիսի մեխանիզմ ստեղծի, որ մարդիկ ուղղակի սարսափեն դուրս գալ հանդիպակաց, վարել հարբած կամ առանց վարորդականի: Ավելին, պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ մարդկանց համար ավելի նախընտրելի լինի օրենքով սահմանված կարգով վարորդական ստանալը, քան դրա համար տուգանվելը: Օրինակ, վերացվեն ամիսներ տևող հերթերը, սուբսիդավորվեն ուսուցման կենտրոնները, պետությունն ինքը հիմնի կամ իր հովանու տակ վերցնի, զարգացնի այդ ոլորտը (նախկինում կային ավտոդպրոցներ, բայց չէին գործում և հանդիսանում էին գրանցվելու և վարորդական գնելու հարթակներ): Այսինքն, մարդիկ պետք է մտածեն ավելի շատ վարորդական ունենալու մասին, քան տուգանվելու ռիսկի տակ մտնելու: Մարդիկ պետք է ուղղակի սարսափեն ողբերգական հետևանքներ բերող վերոնշյալ մի քանի ռիսկային քայլերից:

Միայն վերոնշյալ և այլ համալիր մոտեցումները կազդեն քաղաքացու վարքագծի վրա, այլապես՝ հազար անգամ էլ ռեյդ արա, ոչնչի չես հասնի և կունենաս նույն պատկերը, նույն ցուցանիշները, անթիվ ողբերգություների պատճառ հանդիսացող նույն վարքագիծը:

Մենք շարունակելու ենք հետամուտ լինել այս խնդիրներին, պարբերաբար անդրադառնալով երթևեկության անվտանգությանն առնչվող այլևայլ խնդիրներին։

Կանոնները միասնական փաստաթուղթ են։ Դրանք պետք է կիրառվեն ամեն օր, ամեն րոպե և  ամբողջապես։ Պրոֆիլակտիկ աշխատանքը միայն ռեյդերով չէ, այն պահանջում է այլ տեսակի մոտեցումներ, որոնց կանդրադառնանք հաջորդիվ։

 

Վահե Սարգսյան