կարևոր
3226 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-29 20:14
Հասարակություն

ԿԶՆԱԿ֊ի` դասագիրքը քննադատող աշխատակցի բաժինը լուծարել են և աշխատանքից ազատել նրան

ԿԶՆԱԿ֊ի` դասագիրքը քննադատող աշխատակցի բաժինը լուծարել են և աշխատանքից ազատել նրան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գրառում է արել, ըստ որի՝ պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ծանուցում է ստացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ-ի (Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի) տնօրենից այն մասին, որ նրա ղեկավարած բաժինը մարտի 27-ից լուծարվում է, ու շատ հավանական է, որ Արման Մալոյանը և իր ղեկավարած բաժնի աշխատակիցները մնան առանց աշխատանքի: Միքայել Բադալյանը նշում է, որ Արման Մալոյանն այն գիտնականն է, որը հանգամանալից գրախոսական էր գրել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ու մատնանշել այնտեղ տեղ գտած բազմաթիվ սխալներն ու վրիպակները․

«Քիչ առաջ տեղեկացա, որ մեր գործընկեր, պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ծանուցում է ստացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ-ի տնօրենից առ այն, որ նրա ղեկավարած բաժինը մարտի 27-ից այլևս լուծարվելու է: Այսինքն, շատ հավանական է, որ Արման Մալոյանը և իր բաժնի աշխատակիցները մնան առանց աշխատանքի:

Հիշեցնեմ, որ Արման Մալոյանն այն գիտնականն է, որ հանգամանալից գրախոսական էր գրել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ու մատնանաշել այնտեղ տեղ գտած բազմաթիվ սխալներն ու վրիպակաները: Այդ ամենից հետո պարոն Մալոյանի նման պահվածքը կարծես թե այդքան էլ դուր չէր եկել տարբեր անձնաց: Ինձ հետ հանդիպման ժամանակ դասագրքի ստեղծումը իրականացրած Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել էր, որ իր կողմից ընդունելի չէ Արման Մալոյանի կողմից դասագրքի վերաբերյալ դիտարկումները, քանի որ վերջինս ԿԶՆԱԿ-ի աշխատակից է: Երբ գիտնականներով պետք է հանդիպեինք տիկին նախարարի հետ, սկսեցին խոչընդոտներ առաջանալ, որպեսզի Արման Մալոյանը մասնակցի այդ հանդիպմանը: Մինչդեռ կարծում եմ, որ հարկավոր է գնահատել սրտացավ, իր խոսքի իրավունքն օգտագործող գիտնականին: Դա բխում է պրոֆոսիոնալիզմի տեսանկյունից: Մենք դասագրքի վերաբերյալ ունենք մասնագիտական կարծիք, որը բխում է մեր երեխաների կրթության իրավունքներից և մեր պետությունում որակյալ կրթություն ունենալու շահերից:

Կարծում եմ ԿԶՆԱԿ-ի տնօրենը պետք է մեկնաբանի, թե ինչու է որոշվել լուծարել պարոն Մալոյանի ղեկավարած բաժինը և ինչպես է պատկերացնում Արման Մալոյանի նման պրոֆեսիոնալ և նվիրյալ աշխատակցի ապագան ԿԶՆԱԿ-ում»,-գրում է Միքայել Բադալյանը։

Խնդրի վերաբերյալ գրառում է արել նաև՝ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը․

«Ցավով տեղեկացա, որ ԿԶՆԱԿ-ը որոշել է լուծարել Arman Maloyan-ի ղեկավարած բաժինը: Պարզից էլ պարզ է, որ իրական պատճառն արհեստավարժ պատմաբանի քննադատությունն է Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի տխրահռչակ, անհաշիվ սխալներով լի նոր դասագրքի վերաբերյալ և նրա քաղաքացիական ազնիվ, անաչառ դիրքորոշումը: Տխուր է իրականում և մտահոգիչ, կարծես թե 37 թ. ոգին վերաարթնացել է... Փոխարենը գնահատեն և շնորհակալություն հայտնեն նման մարդկանց, փորձում են վարչական լծակներով լռեցնել: Ցավոք, սա էլ վերջը չէ...»։