կարևոր
2206 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-03 18:08
Քաղաքական

Ռուսական հարթակ վերադառնալ Ադրբեջանը չի ցանկանում, բայց դիվանագիտական հնարքով հասավ նրան, որ Հայաստանը հրաժարվեց ռուսների միջնորդությունից. Արա Պողոսյան

Ռուսական հարթակ վերադառնալ Ադրբեջանը չի ցանկանում, բայց դիվանագիտական հնարքով հասավ նրան, որ Հայաստանը հրաժարվեց ռուսների միջնորդությունից. Արա Պողոսյան

Հասկանալու համար, թե բանակցային գործընթացքում ռուսական մասնակցությունը ինչիպիսի հեռանկար է ապահովում Հայաստանի կամ Ադրբեջանի համար՝ պետք է դիտարկենք խնդիրը՝ նժարին դնելով ՌԴ շահերը, ընդ որում՝ շահերը Ադրբեջանի հետ և Հայաստանի հետ՝ հասկանալու համար, թե դրանց առանցքը Ռուսաստանի համար որտեղ է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, որ եթե Հայաստանը ցանկանում է երկկողմ բանակցել Ադրբեջանի հետ, ապա «ի սեր Աստծո»։

«Ցավոք, ներկայում հայ-ռուսական հարաբերությունների որակը, դրանց ամբողջ փիլիսոփայությունը, որը կառուցվել է հատկապես վերջին տարիներին, խոսում է այն մասին, որ հայ-ռուսական համագործակցության ներկայիս ճգնաժամային իրավիճակը հնարավորություն չի տալու այս կարճ ժամանակահատվածում ՌԴ-ի հետ կառուցելու այնպիսի հարաբերություններ, որպեսզի հնարավոր լինի ազդել ՌԴ-ի՝ տարածաշրջանում ձևավորվող շահային գոտու վրա։

Այսօր արդեն նկատելի է, որ ՌԴ-ն փոխում է իր ռազմավարությունը Հարավային Կովկասում և նոր ռազմավարության առումով կառուցելու է նոր անվտանգային կոնֆիգուրացիա ամբողջ հարավային Կովկասում, եթե ՌԴ-ին հաջողվի ներգրավվել այս գործընթացների մեջ։

Որքանով դա մարտահրավերներ կստեղծի ՀՀ-ի համար, սա է որ պետք է դնել նժարին»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ վերջին ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ թե տնտեսության, թե քաղաքական, թե դիվանագիտական, թե ռազմական ոլորտում, հուշում է, որ այն զարգանում է ՀՀ կենսական շահերի հաշվին։ «Հետևաբար, դրանց զարգացմանը զուգընթաց՝ փոխվում են նաև ՌԴ շահերը և վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, ինչով էլ պայմանավորված, նորացված ռիսկեր են առաջանում ՀՀ-ի համար։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ միայն ՌԴ-ի փոփոխվող շահերը չեն, այլ հայ-ռուսական հարաբերությունների փոփոխվող որակն է, ինչը չէի ասի, որ բեկվել է 2018 թվականից, այլ շատ ավելի վաղ»։

Դիտարկմանը, թե նախկինում Փաշինյանը բանակցային հարթակի փոփոխության մասին խոսելիս, նշում էր որ դա խնդրահարույց է, հատկապես, մյուս հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման առումով, հետևաբար, հնարավո՞ր է ասել, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք մինչև հիմա ձեռք են բերվել արևմտյան հարթակներում, դրանք այլևս մոռացված են՝ նա նշեց, որ բոլոր այն հարցերը, որոնք կապված են Հայաստանի հետ և բոլոր այն հարցերը, որոնք Հայաստանի համար խնդրահարույց իրավիճակ կարող են ստեղծել Ադրբեջանը ցանկացած պահի կարող է առոչինչ համարել։ «Բոլոր այն հարցերը, որոնք կապված են ադրբեջանական շահերի հետ, դրանց իրականացման համար ՀՀ-ն չունի ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ տնտեսական ներուժ դրանց դիմակայելու։
Ամենախնդրահարույցը թերևէ դիվանագիտական ու քաղաքական դաշտում մասնագիտական և քաղաքական ռեսուրսների պակասն է։

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը բոլոր հնարավոր օգուտները քաղելու է առաջիկայում, իսկ Հայաստանը շարժվելու է Ադրբեջանի կողմից տրված հնարավորությունների շրջանակներում»։

Նա հիշեցրեց, որ մինչ այս Հայաստանը ձգտում էր արևմտյան հարթակներ, բայց այն պահին, երբ Ադրբեջանն հայտարարեց, որ այլևս միջնորդների կարիք չկա, և առավել պրոդուկտիվ է Հայաստանի հետ բանակցությունները երկկողմ ձևաչափով շարունակել՝ հանկարծ ՀՀ իշխանությունները համաձայնեցին սրան ու գնացին երկկողմ բանակցությունների ճանապարհով։ «Եթե վաղը Ադրբեջանը կհաստարարի ու կցանկանա, որ բանակցություները ընթանան Արևտյան կամ ռուսական, կամ որևէ այլ հարթակներում՝ ինչ-որ պահից հետո ՀՀ իշխանությունները դրան էլ կհարմարվեն։

Ես համեզված եմ, որ ռուսական հարթակ վերադառնալ առաջին հերթին հենց Ադրբեջանը չի ցանկանում։ Ադրբեջանը հասավ դիվանագիտական հերթական հետաքրքիր հնարքի, հասնելով նրան, որ Հայաստանը հրաժարվի ռուսական միջնորդությունից, մի բան որ ավելի մեծ լարում է մտցնելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ, ինչը հոգուտ ադրբեջանական դիվանագիտության է լինելու»։

Անդրադառնալով Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը՝ Ադրբեջան ուղարկած խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարեւոր կետեր է դուրս թողել, եւ իրենք առաջիկայում Հայաստանին կներկայացնեն այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ համապատասխանում է մեր ազգային շահերին՝ քաղաքագետն ընդգծեց, որ բնական է, որ ադրբեջանական կողմը չէր ընդունելու համաձայնեցված կետերով պայմանագիրն ստորագրելու առաջարկը, քանի որ ադրբեջանական կողմին դեռևս անհրաժեշտ չէ փաստաթուղթ։

«Նաև այս փաստաթղթի անընդհատ հրապարակում լինելու հնարավորություն է Հայաստանի վրա անընդհատ ճնշումների։ Մինչդեռ, հայկական կողմին, Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ինչ-որ փաստաթուղթ ստանալ՝ հանրությանը ապացուցելու, որ իր խաղաղության թեզը կենսունակ է և հնարավոր է խաղաղության հասնել, մինչդեռ առայժմ որևէ էական առաջընթաց, փաստաթուղթ չկա։

Այս պատճառով էլ իրենց համար կենսական անհրաժշտություն է այդ փաստաթուղթն ունենալը։ Սա նաև մահակ կլինի, որ եթե որևէ ընդդիմադիր ուժ այլ թեզ առաջ քաշի՝ ասի, որ եթե հիմա դեմ եք խաղաղության պայմանագրին, ապա լինելու է պատերազմ, որը հասարակության համար ամենասարսափելի թեզերից մեկն է»։

Նա նաև ընդգծեց, որ վստահ է, որ միակ կետը, որի շուրջ պայմանավորվածության չեն կարողանում կողմերը հասնել՝ հենց ՀՀ սահմանադրության հարցն է։