կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 17:10
Քաղաքական

Ռուսաստանը կհրաժարվի՞ միջնորդությունից

Ռուսաստանը կհրաժարվի՞ միջնորդությունից

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը հասկանում եմ Ռուսաստանի նախագահի զգացմունքները: «Բանակցություններն այն ձեւով, ինչպես վարում է ադրբեջանական կողմը, իմաստազրկվում են, ինչը եւ արտահայտել է Մեդվեդեւը». անդրադառնալով ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակմանը` ԵՐԿԻՐ-ին ասաց նա:

«Դեռ նախորդ հանդիպման ժամանակ` Սանկտ Պետերբուրգում, Մեդվեդեւը շատ դժգոհ էր մնացել Ադրբեջանի նախագահի պահելաձեւից, եւ հետո թույլ էր տվել իրեն ասել, որ նա անընդհատ փոխում է իր կարծիքը տարբեր խնդիրների վերաբերյալ»,- նշեց Գ. Հարությունյանը:

Մեր դիտարկմանը, որ եթե հիասթափվածությունը Ադրբեջանից է, ուրեմն ինչո՞ւ է հոդվածում շեշտվում կողմերի, եւ ոչ թե հստակ որեւէ կողմի մասին, Գ. Հարությունյանը պատասխանեց. «Դա դիվանագիտական ձեւ է, որով նա արտահայտվել է, բայց հասկանալի է, որ խոսքը Ադրբեջանի մասին է»:

Նշենք, որ ռուսական «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր Կրեմլի աղբյուրը, գրել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այնքան հիսթափված է կազանյան գագաթաժողովի արդյունքներից եւ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը: «Եթե մոտ ապագայում Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստակամություն չցուցաբերեն` լուծելու կուտակված խնդիրները, մենք կհամարենք, որ միջնորդական այս առաքելությունն ավարտված է»,- ասել էր թերթի աղբյուրը: