Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կլիմայական գլոբալ փոփոխություններն արդեն իրենց դրսևորումներ են ունենում Երկիր մոլորակի տարբեր անկյուններում ̀ հիմնականում բնական աղետների տեսքով։ Երկրագնդի մի հատվածը ջերմաստիճանի բարձրացման պատճառով զրկվում է ջրային ռեսուրսից, մյուս հատվածում էլ մեծանում է տեղումների քանակը՝ պատճառ դառնալով ավերիչ և կործանարար ջրհեղեղների։ Ընթացիկ տարվա մայիսի 26-ին չորս մարդու կյանք խլած Լոռու մարզի ջրհեղեղը նախազգուշացումն էր այն մեծ աղետների, որոնց առաջ կարող է կանգնել նաև Հայաստանը կլիմայական փոփոխությունների հետևանքով։
Մարդն անկարող է ազդել գլոբալ կլիմայական փոփոխությունների վրա, դրանք երկրագնդի միլիոնավոր տարիների զարգացման շրջափուլային ընթացքի հետևանք են։ Սակայն ժամանակի կարճ հատվածում մարդը կարող է դիմակայել դրանց։ Մեր երկիրը երկրագնդի այն հատվածն է, որտեղ առաջիկա տասնամյակներում և հարյուրամյակներում ջերմաստիճանը բարձրանալու է։ Գիտական կանխատեսումների համաձայն կլիմայական փոփոխությունների հետևանքով Հայաստանի տարածքում մինչև 2030 թվականը միջին ջերմաստիճանը կաճի 1.7 աստիճանով, մինչև 2070 թվականը՝ 2.9 աստիճանով, իսկ մինչև 2100 թվականը՝ 4.4 աստիճանով։
Հայաստանը կլիմայական առումով ամենախոցելի երկրներից է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Հանրապետությունն արդեն առերեսվում է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի հետ, հաճախակիացել են աննախադեպ եղանակային երևույթները և դրանց հետևանքները՝ երաշտներ, վարարումներ, սողանքներ և անտառային հրդեհներ։ Վերջիններս աղետաբեր ազդեցություն կունենան Հայաստանի բնաշխարհի վրա։ Կանխատեսվում է, որ մեր երկրի տարածքում տեղումների քանակը կկրճատվի 7-10 %-ով և մեր հարուստ ու ինքնատիպ լանդշաֆտներում կարձանագրվի հողերի դեգրադացիա, կվտանգվի էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը։
Կլիմայի այս փոփոխությունը կհարվածի հանրապետության գյուղատնտեսության ոլորտին, և ագրարային մեծ ներուժ ունեցող պետությունը կկանգնի պարենային անվտանգության խնդրի առջև: Սա այն դեպքում, երբ արդեն իսկ պարենի անբավարարության խնդիրը հավակնում է առաջիկայում դասվել համամարդկային հիմնահարցերի շարքին։
Աշխարհի հետ միասին, Հայաստանն էլ չի կարող կասեցնել կլիմայական փոփոխությունների ընթացքը, բայց կարող է հարմարվել դրան՝ մեղմելով կամ չեզոքացնելով բացասական հետևանքները։ Երկրագնդի գլոբալ տաքացմանը դիմակայելու համար աշխարհի այլ երկրների հետ միասին մեր երկիրն էլ ստանձնել է պարտավորություններ, առաջին հերթին՝ ջերմոցային գազերի, մասնավորապես ածխաթթու գազի արտանետումները կրճատելու ուղղությամբ, որի շրջանակներում, մինչև 2030 թվականը Հայաստանը մտադիր է 40 %-ով կրճատել մթնոլորտ վնասակար արտանետումների քանակը։ Այդ նպատակով կատարվելիք համապատասխան գործողությունների շարքում նախատեսվում է Հայաստանում ավելացնել անտառածածկ տարածքների չափաբաժինը։
Հայաստանի հոշոտված անտառները
Հայաստանի անտառային պետական ֆոնդը կազմում է երկրի տարածքի 11.7%-ը՝ մոտ 407 հազար հեկտար, որից 11.2% -ը կամ 334.1 հազար հեկտարն է անտառածածկ տարածք։ Անտառային ֆոնդի մոտ 50 հազար հեկտարն արհեստական անտառներն են։ Մեր երկրի անտառներն իրենց ծառատեսակներով ու բուսածածկույթով պատկանում են Կովկասյան և Հայկական-իրանական տարածաշրջաններին։ Մեր անտառներում գերակշռում են հաճարենի, բոխի, թխկի, կաղնի ծառերի շատ տեսակները, խնձորենի, լորենի, կեռասենի, դժնիկ, թեղի, հացենի և այլ ծառատեսակներ։
Մասնագետների հաշվարկներով կլիմայի փոփոխությանը դիմակայելու տեսանկյունից Հայաստանի համար օպտիմալ անտառածածկը 20.1 %-ն է: Որպեսզի ապահովվի այդ տոկոսը, լրացուցիչ պետք է տնկվի շուրջ 270 հազար հեկտար անտառ։ Իրականում Հայաստանի համար նախընտրելի է մոտ 600 հազար հեկտար անտառ ունենալը: Համեմատության համար նշենք, որ Բելառուսի համար օպտիմալ անտառածածկի մակերեսը հաշվարկվել է 35 %-ը, Վրաստանի համար՝ 40 %։ Արցախի տարածքի շուրջ 35 %-ն է ծածկված անտառներով, իսկ Ադրբեջանում անտառածածկը ներկայումս 12 % է, որը, բնականաբար, հեռու է պահանջված ծավալներից։
Հայաստանում, անկախացումից ի վեր, մեծ ծավալներ են կազմել ապօրինի անտառահատումները։ Երկար տարիներ՝ սկսած էներգետիկ ճգնաժամի ժամանակահատվածից, անխնա անտառահատումները շարունակվում են մինչև այսօր։ Անտառների զգալի հատվածներ այնքան են նոսրացել ապօրինի ծառահատումների պատճառով, որ դժվար է այդ հատվածները, էկոհամակարգային առումով, անտառ համարելը, թեև այդ տարածքները հաշվարկվում են 11.2% անտառածածկ տարածքների շրջանակում։ Ապօրինի ծառահատումներն արձանագրվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի անտառային տարածքներում։
Ծառահատումների քանակը տարբեր տարիներին էականորեն տարբեր ցուցանիշներ է գրանցել: Օրինակ՝ 2000 թվականին արձանագրվել է 61 219 ծառի ապօրինի հատման դեպք, իսկ արդեն 2008 թվականին մոտ՝ 2150, 2009 թվականին` 2287: Անհամեմատ մեծ են եղել մինչ այդ արձանագրված ապօրինության դեպքերի թվերը։ Այսպես՝ 2003 թվականին անտառային տարածքներում հայտնաբերվել են 42.236, 2004-ին` 32.766, իսկ 2005-ին` 21.703 ապօրինի հատված ծառեր: 2006 թվականին «Հայանտառի» անտառային տարածքներում արձանագրված ապօրինի ծառահատումները կտրուկ նվազեցին՝ հասնելով 5784-ի, 2008-2010 թվականներին հայտնաբերվել է մոտ 2000-2500 ապօրինի հատված ծառի կոճղ:
2016 թվականից հետո ռեկորդային քանակի ապօրինի ծառահատում է բացահայտվել, 2017 թվականին՝ 30,720 հատ, իսկ հաջորդ տարիներին դրանց թիվը նվազել է: Արդյունքում 2018 և 2020 թվականներին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է մոտ 13.000 ծառի հատում, իսկ 2019 թվականին՝ 7.228:
Թվերի նման տատանումը բացատրվում է միայն բացահայտումների գործոնով. այն տարիներին, երբ ապօրինի ծառահատումների թիվը քիչ է արձանագրվել, նշանակում է քիչ է բացահայտվել, իսկ այն տարիներին, երբ արձանագրվել է մեծ թիվ, պատճառն այն է, որ հայտնաբերվել են նաև նախորդ տարիների ապօրինի հատված ծառերի կոճղերը, հետևաբար, կարելի է ասել, որ տարեկան միջինը Հայաստանում ապօրինի հատվել է 15.000-20.000 ծառ։ Եթե սրան գումարենք նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրականացրած օրինական սանիտարական հատումները, որոնց արդյունքում տարեկան հատվում է մոտ 17-20 հազար խորանարդ մետր փայտանյութ, ապա այդ թիվը շատ մեծ կդառնա։
15-20 տարի առաջ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում օրինական թույլատրելի հատումները կազմում էին 35-50 հազար խորանարդ մետր։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին 5 տարում փայտանյութի ամենամեծ քանակի մթերումները կատարվել են 2018 և 2020 թվականներին՝ հասնելով, համապատասխանաբար, գրեթե 43 հազար և 48 հազար խորանարդ մետրի: 1 հեկտար անտառը տարբեր մասնագիտական հաշվարկներով, ընդհանուր առմամբ, տալիս է 969 դոլարի տնտեսական արժեք, որի մեջ ներառված է նաև կլիմայի կարգավորիչ դերը: 1 տոննա ածխածնի կլանման դեպքում էլ գնահատվում է 20 եվրոյի տնտեսական արժեքը:
Ստացվում է, որ կենսական անհրաժեշտության բնական ռեսուրսը վերածվել է բավականին շահութաբեր բիզնեսի, որը նաև շրջանցում է պետական բյուջեն։ Տարբեր փորձագիտական գնահատականներով ապօրինի ծառահատումները տարեկան 500 հազար խորհանարդ մետրից մինչև 1 մլն խորանարդ մետրի են հասնում։ Խոսքը շուրջ 35-45 մլն դոլարի շրջանառության մասին է։ Հետևանքը՝ Հայաստանի անտառային տարածքների 70 %-ը դեգրադացված է, իսկ անտառածածկ տարածքներն աստիճանաբար վերածվում են խոտհարքների։
Անտառների վերականգնումը՝ կենսական պահանջ
Անտառների պահպանման և դրանց տարածքների ընդլայնման ուղղությամբ՝ հիմնականում միջազգային բնապահպանական և դոնոր կազմակերպությունների միջոցով, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել և իրականացվում, որոնց շնորհիվ հնարավոր է եղել մեղմել ապօրինի ծառահատումների հետևանքները, գոնե պահպանել եղած անտառածածկ տարածքները՝ թեկուզ խաթարված էկոհամակարգով։
Խնդրի կարևորությունը գիտակցելով՝ հիմնականում սփյուռքի մեր հայրենակիցների միջոցներով և ջանքերով Հայաստանում նույնիսկ ստեղծվել են ծառատնկմամբ, անտառվերականգնմամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ։ Հայաստանում և Արցախում գրեթե 30 տարի գործել է «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) հասարակական կազմակերպությունը, որի միջոցներով 1994 թվականից ի վեր տնկվել է ավելի քան 8 միլիոն ծառ։ Տնկարկների թվով «Էյ Թի Փի»-ն Հայաստանի ամենախոշոր հասարակական կազմակերպություններից մեկն է, այն անցկացնում է նաև էկոկրթական ծրագրեր, որոնց այս տարիներին մասնակցել են 57 000 ուսանող և ուսուցիչ։ Կազմակերպությունը Արցախում նույնպես ակտիվ գործունեություն էր ծավալում։
2019 թվականին Հայաստանում հիմնադրվեց «My Forest Armenia» հասարակական կազմակերպությունը, որը, չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին, հասցրել է 650 հեկտարի վրա տնկել 2 միլիոնից ավելի ծառ։ Անտառի պահպանման առաքելությամբ ստեղծվել և գործում են այլ ՀԿ-ներ, օրինակ՝ «Հայաստանի անտառներ»-ը և այլն։
Իր գործառույթի շրջանակներում անտառի պահպանման մշտական աշխատանքներ է տանում նաև Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։ Վերջինս պետական բյուջեի միջոցներով իրականացնում են ոչ միայն ծառատնկման այլև անտառվերականգնման աշխատանքներ, որոնք ենթադրում են նաև հատված ծառերի կոճղաշիվային վերականգնման աշխատանքներ։ Այդ կառույցի իրականացրած աշխատանքների ծավալները, սակայն, պետության կողմից բավարար միջոցներ չտրամադրելու պատճառով շատ փոքր են։
Կլիմայի փոփոխությանը դիմակայելու տարբեր միջազգային ծրագրերի շրջանակում, ինչպես նաև Գլոբալ կլիմայական հիմնադրամի միջոցներով Հայաստանում նոր փուլ են թևակոխել անտառվերականգնման և ծառատնկման աշխատանքները։ Հայաստանի՝ կլիմայի մասով ստանձնած պարտավորությունների, մասնավորապես՝ Փարիզի համաձայնագրի շրջանակներում ազգային մակարդակով որոշվող մասնակցության (NDC) համատեքստում մեծ ուշադրություն է դարձվում անտառտնկմանը։
Հայաստանի նորացված 2021-2030 թվականների NDC–ի շրջանակներում ջերմոցային գազերը 1990 թվականի մակարդակի համեմատ 40 %-ով նվազեցնելու համար խնդրադրվել է նաև անտառային տնտեսության ավելի լավ կառավարման հարցը, որի առաջին փուլով նախատեսվում էր մինչև 2023 թվականը անտառային ծածկույթը հասցնել մինչև 12.9 %-ի, ինչպես նաև ազգային լանդշաֆտի վերականգնման ռազմավարություն մշակել, որում ներառված կլինեն նաև մասնավոր հատվածի ներգրավումը անտառածածկ տարածքների ընդլայնման գործում։ Անտառային լանդշաֆտի վերականգնման գնահատականները հիմք են հանդիսանալու և կարևոր գործոն են լինելու առաջիկայում նախատեսվող «Կանաչ Հայաստան» հարթակի համար, որը ստեղծվելու է միջազգային դոնորների, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ, աջակցելու և խթանելու է Հայաստանի «կանաչ» վերականգնումը։
Քանի որ անտառները համարվում են նաև ջրային ռեսուրսների աղբյուր և պաշար ապահովող, նոր անտառածածկերը նախատեսվում է ստեղծել հենց գետերի ջրհավաք ավազաններում։ Ոլորտի փորձագետների գնահատմամբ այդ հատվածներում նախատեսվում է անտառի ծածկույթը հասցնել 25 %-ի, բնակավայրերի կանաչապատ տարածքները, մեկ շնչի հաշվով պետք է հասցվեն 50 քառակուսի մետրի, իսկ քաղաքամերձ տարածքներում պետք է ապահովվի 300 քառակուսի մետր կանաչ տարածք, դաշտապաշտպան և հողապաշտպան անտառաշերտեր:
Անտառը՝ մարդկային կապիտալ
Հայաստանի գործող կառավարության օրոք պետական մակարդակով նախաձեռնվեց 10 մլն ծառի տնկման ծրագիր, որը պետք է խորհրդանշեր աշխարհով մեկ սփռված 10 մլն հային, սակայն, ինչպես հանրապետության կենսագործունեության մյուս ոլորտներում, այնպես էլ այստեղ ձախողում գրանցվեց։ Հիմնավորումը համավարակն ու պատերազմն էր, սակայն ծրագիրը մինչ այդ էլ արդեն սպասվելիք տեմպերով չէր ընթանում։
Հետպատերազմյան Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, սակայն, չպետք է հետին պլան մղի բնապահպանական այս հիմնարար խնդրի լուծումը։ Հանրապետության անվտանգային համակարգն այսօր խաթարված է բոլոր ոլորտներում, իսկ իրավիճակի շտկումը հնարավոր է միայն խնդիրների համալիր լուծմամբ։ Հնարավոր չէ միայն սպառազինվելով երկրի անվտանգություն ապահովել, վերջինս ունի մի շարք անքակտելի բաղադրիչներ։ Դրանց թվում առաջնայիններից է մարդկային կապիտալը, որը շրջակա միջավայրի աղտոտվածության գերխնդրի պայմաններում, ռիսկային գործոնների ազդեցության տակ է հայտնվել։ Առողջական խնդիրները, որոնք հիմնականում շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանք են, մեր օրերում առաջին պլան են մղվում։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ որոշ մահաբեր հիվանդությունների շատ ցածր մակարդակ գոյություն ունի անտառամերձ հատվածներում, կամ անտառապատ տարածքներում գտնվող բնակավայրերում, բայց դրանց թիվը մեծ է անտառազուրկ տարածքներում, հատկապես խոշոր քաղաքներում, որտեղ կանաչ տարածքները ծայրահեղ քիչ են։ Երևան քաղաքում, վերջին 15 տարվա ընթացքում 60 %-ով աճել են չարորակ նորագոյացությունների հայտնաբերման դեպքերը, իսկ տարեկան մահացությունն ավելացել է 67 %-ով, որի մեջ ինսուլտներից և ինֆարկտներից մահացածները 25% են, թոքի քաղցկեղից՝ 40 %, թոքի այլ հիվանդություններից՝ 30 %-ից ավելի։
Կանաչ տարածքների ծայրահեղ պակասը բերում է մարդկային կապիտալի որակի և քանակի խնդրի՝ պետության անբավարար ռեսուրսների զգալի հատվածն ուղղելով առողջապահության ոլորտին։ Հետևաբար, առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է կանաչ ու մաքուր շրջակա միջավայր, ասել է թե՝ «Կանաչ մեծ տուն», որի կառուցումը յուրաքանչյուրիս գործն է։ Այն միշտ էլ գիտակցված է եղել մեր ժողովրդի կողմից և լիովին օրինաչափ է, որ ծառ տնկելու մշակույթը դարերի խորքից և ավանդաբար է եկել-հասել մեր օրեր։
Արմեն Վարդանյան