կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-20 16:16
Հասարակություն

Հոշոտված Հայաստան. մաս 1

Հոշոտված Հայաստան. մաս 1

Ավրորա Մարդիգանյանի պատմությունը

ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է հատվածներ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմություն»(Ravished Armenia. The Story of Aurora Mardiganian, the Christian Girl, Who Survived the Great Massacres) գրքից: Մեծ եղեռնը վերապրած Ավրորան (Արշալույս) նաև նկարահանվել է գրքի հիման վրա էկրանավորված «Հոգիների աճուրդ» կինոնկարում։ Արշալույսը ծնվել է Չմշկածագի Վարի թաղամասում բնակվող վաճառականի ընտանիքում։ Նա Մարդիգանյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արշալույսի հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտ։ Նա զբաղվում էր նաև մետաքսագործությամբ՝ գունավոր մետաքս Ամերիկա արտահանելու նպատակով։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր։

«Իմ պատմությունը սկսվում է 1915 թվականի ապրիլից՝ Զատկի առավոտից: Մամուրեթ ուլ-Ազիզի վիլայեթի գլխավոր քաղաք Խարբերդից քսան մղոն հեռավորութեամբ գտնվող մեր Չմշկածագում չկային ավելի երախտապարտ մարդիկ Հայաստանի տևական խաղաղության համար, քան իմ հայրը, մայրը, քույրս՝ Լուսինեն և ես: Չնայած ընդամենը 14 տարեկան էի, իսկ Լուսինեն 17 էլ չկար… Ախր Հայաստանում մինչև իսկ փոքր երեխաներն են մշտապես վախի մեջ ապրել:

Ես շատ էի հուզվել Զատկի  սուրբ օրվա առթիվ հորս պատրաստած նվերից, նա խոստացավ շուտով ինձ ուղարկել եվրոպական որևէ դպրոց՝ շարունակելու և ավարտելու կրթությունս, ինչպես վայել է վաճառականի աղջկան, իսկ Լուսինեն պատրաստվում էր ամուսնության…

…Մեր դարպասների մոտ կանգնած էին երեք թուրք ժանդարմներ՝ զինված հրացաններով, կազմ ու պատրաստ: Նրանց թևերին հատուկ թևկապեր կային՝ ապացույց, որ նրանք Հուսեյն փաշայի՝ մեր շրջանի զինվորական կառավարչի անձնական թիկնապահներն էին:

Մեծահարուստ, բռնակալ Հուսեյն փաշան՝ սուլթանի բարեկամը, երկար ժամանակ ցանկանում էր ինձ իր հարեմը տանել:

Շրջակա քաղաքներից նա իր ապարանք էր բերել տասնյակից ավելի քրիստոնյա գեղեցկուհիների: Հայաստանում մութասարիֆը՝ գավառապետը, կամ զինվորական կառավարիչը անսահմանափակ իշխանութիւն ունեին: Նրանք ոչ մի այլ հրամանի չէին ենթարկվում բացի անմիջականորեն սուլթանի վեզիրնեից տրված հրամաններից և, որպես կանոն, սարսափելի անխիղճ էին ու բռնակալ:

Հայ ծնողի համար վտանգավոր էր նահանգապետին զայրացնելը: Երբ սուլթանի ներկայացուցիչը մի սրիուն հայ աղջիկ էր տեսնում, ցանկություն էր հայտնում նրան իր հարեմը տանելու: Նպատակին հասնելու համար շատ միջոցներ կային, Հուսեյն փաշան բացահայտ պահանջում էր կամ վաճառել ինձ, կամ նվիրել իրեն, և դա հաճախ ուղեկցվում էր քողարկված սպառնալիքներով: Մերժելու դեպքում աղջկա հորը հալածում էին:

Երեք անգամ Հուսեյն փաշան պահանջել էր, որ հայրս ինձ տար իրեն, երեք անգամ էլ հայրս արհամարել էր ու մերժել: Փաշան վախենում էր պատժել մեզ, քանի որ հայրս հարուստ էր և Անգլիայի հյուպատոսի՝ պարոն Սթիվենսի հետ ունեցած բարեկամական կապերի շնորհիվ ձեռք էր բերել Մամուրեթ ուլ-Ազիզի նահանգապետի՝ վալիի հովանավորութունը: Բայց հիմա պաշտպան հյուպատոսը հեռացել էր ,և վալին ոչ ոքից այլևս չէր վախենում: Արդեն Հուսեյն փաշան կարող էր անել այն ինչ կամենար:

Ես փաթաթվեցի մորս ու Լուսիներին, իսկ երկու փոքրիկ քույրերս կպան փեշերիս: Մենք լսում էին հորս ու կառավարչի խոսակցութունը:  Հուսեյն արդեն ոչ թե խնդրում էր, այլ պահանջում:

-Շուտով Կոստանդնուպոլսից հրաման կգա, և ձեզ՝ բոլոր քրիստոնյա շներիդ կքշենք այստեղից: Ոչ մի մարդ, կին կամ երեխա, ով իսլամ չի ընդունի, չի մնա այստեղ,-հոխորտում էր նա:-Երբ այդ ժամանակը գա, ոչ ոք քեզ չի փրկի, ինձնից բացի: Տուր ինձ աղջկադ՝ Արշալույսին, և ես քո ողջ ընտանիքը կպաշտպանեմ: Մերժիր և հետո կհասկանաս, թե ինչ է սպսում ձեզ:

Վանում կոտորած է սկսվել. Թորքերը տղամարդկանց, կանանց ու երեխաներին կտոր-կտոր են անում, սպանում: Քրդերը աղջիկներին գողանում են:

Վանը Հայաստանի ամենամեծ քաղաքն էր: …քաղաքը Արամ թագաորն էր կառուցել Ավետարանում հիշատակված ջրհեղեղից հետո ազատված ցամաքի կենտրոնում՝ այն սուրբ վայրում որտեղ Նոյի տապանը կանգ էր առել: Վանը շատ սիրելի է հայերի համար. այն մեր հոգևոր ու ազգային կենտրոններից է: Վանը գտնվում է Չմշկածագից 200 մղոն դեպի արևելք: Քաղաքը ավելի քան հիսուն հազար հայերի հայրենիքն է: Վանի վալին Ջևդեթ բեյը, Հայստանում թուրքական իշխանության գլխավոր ներկայացուցիչն էր և ամենադաժան իշխանավորը: Վանի հայերի կոտորածը ազդանշան էր որ շուտով այն տարածվելու էր ողջ Հայաստանով մեկ:

Խարբերդից եկած ձիավորին բերեցին մեր տուն: Հայրս փորձեց հարցուփորձ անել, բայց նա միայն կրկնում էր.

-Բոլոր հայերին կոտորեցին, բոլորը մեռան, բոլորին սպանեցին: Խարբերդում լուրը  ստացել էին հեռագրով, իսկ ձիավորը մեր քաղաքից էր, շտապել էր մեզ զգուշացնելու:

Ես աղաչեցի, պաղատեցի հորս ու մորս, որպեսզի թույլ տան ինձ՝ վազեմ գնամ Հուսեյն փաշայի պալատը և ասեմ նրան, թե ինչ կամենում ես համաձայն եմ, միայն թե փրկիր իմ ընտանիքը, նախքան տեղահանութեան ու կոտորածի հրամանը կհասնի:

…Հուսեյն փաշան հրամայեց շրջանի բանտերի դռները բացել, բոլոր հանցագործներին, ելուզակներին ու մարդսպաներին ազատ արձակել և հավաքել իր պալատի շուրջ:

Մեկ ժամ հետո այդ ելուզակներին ժանդարմական համազգեստ հագցրին, յուրաքանրյուրին տվեցին հրացան ու մի երկար դաշույն: Նրանց հրապարակում շարքի կանգնեցրին, թե սպասեք հրամանի: Սա է թուրքական մեթոդը, երբ կեղտոտ գործեր էին կատարվելու:

Կեսօրին ժանդարմները կամ ինչպես իրենց անվանում են զաբթիեները, շրջեցին քաղաքի փողոցներով՝ հայտարրություններ փակցնելով պատերին:

Այդ ժամանակ պատկերացնել անգամ չէինք կարող, թէ ինչ է թաքցնում այդ հրամանը, չէինք կարող հավատալ, որ այդ «հավաքը» նշանակում է կանխամտածված, ծրագրված զանգվածային ջարդեր, և այդ միջոցը ընտրվել էր, որպեսզի բոլոր հայերը տանը լինեին, և զաբթիեների գործը հեշտանար:

Ժամը 4-ին ժանդարմները, և նրանց հետ նաև բանտից ազատված ելուզակները շարժվեցին դեպի քաղաքի ամենահարուստ մարդկանց տները՝ հրամայելով նրանց ներկայանալ Հուսեյն փաշայի ընդունելությանը:

Երբ մայրս մեր դռանը մոտեցող սպային բացատրեց, որ հայրս տանը չէ, զաբթիեն, կոպտորեն մորս մի կողմ հրելով, խուզարկեց տունը: Հետո նրանք պահանջեցին հորս աշխատավայրի բանալին: Լուսինեն վազեց վերին հարկ՝ բնալիները բերելու, սպան պնդեց միասին գնալ: Երբ Լուսինեն ուղղվեց դեպի հորս սենյակը, զաբթիեն գրկեց քրոջս՝ պատառոտելով նրա զգեստը: Լուսինն ճչաց: Զաբթիեն այնպես ուժգին ապտակեց Լուսինեի դեմքին, որ քույրս փռվեց հատակին: Մեր պատուհանից երևում էր հրապարակը: Զաբթիեները այնտեղ էին հավաքել քաղաքի հիսուն երևելի տղամարդկանց:

Փոխանակ իրենց գերիներին փաշայի պալատ առաջնորդելու՝ պահակները նրանց տարան ուրիշ ուղղությամբ: Հետո միայն իմացանք, որ նրանց տարել էին ոչ թե մութասարիֆի մոտ՝ ընդունելության, այլ՝ բանտ: Այդ նպատակով էր մութասարիֆը բնատերը դատարկել:

…Ողջ գիշեր բանտի բակից լսվում էին տանջալլուկ մարդկանց ճիչերն ու աղաղկները: Կանայք սպասում էին բանտի պարսպից դուրս, խելագարվում էին: Լուսաբացին զինվորներն աշխատեցին հեռացնել նրանց՝ հավատացնելով թէ իրենց ամուսինները շուտով տուն կվերադառնան: Հենց որ կանայք տեսադաշտից հեռացան, զինվորները դուրս բերեցին կտտանքների ենթարկված տանջահար մարդկանց, կապեցին իրար մի երկար պարանով և տարան դեպի քաղաքից 10 մղոն հեռավորությամբ գտնվող Մուրադ գետը: Հասնելով գետի ափը զինորները հարձակվեցին նրանց վրա և սվիններով ծակծկեցին մարմինները:

Զինվորները շրջեցին փողոցներով՝ հայտարարելով, որ 18 տարեկանից բարձր բոլոր տղամարդիկ հավաքվեն հրապարակում: Եթե 18տարեկանից բարձր որևէ մեկը հրապարակում չլինի, տեղնուտեղը կգնդակահարվի:

Մայրս, ես ու Լուսինեն նետվեցինք հայրիկի գիրկը: Մեզանից ամեն մեկն աշխատում էր փաթաթվել նրա վզով: Նա շատ տխուր էր ու լուռ: …Փոքրիկ Սառան յոթ տարեկան էր, իսկ Հովնանը՝ վեց. նրանց գրկեց ու երկար պահեց գրկում:

Պողոսը հետրեց հայրիկին, որպեսզի մի քիչ ավելի երկար նրա հետ լինի: Երբ հայրիկը արդեն հրապարակում էր, Պողոսն ուզեց վերադառնալ, բայց զինվորը տեսավ նրան ու բռնեց օձիքից՝ ասելով. «Դու էլ արի… հարկ չի լինի վաղը կանանց հետ քեզ քարշ տալու»: Հայրիկը բողոքեց, թէ Պողոսն ընդամենը 15 տարեկան է, բայց զինվորը չլսեց:

Եղբայրս այլևս տուն չվերադարձավ…»:

Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը/Ա. Մարդիգանյան.-Երևան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2015, էջ 31-44: