կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-22 14:25
Տնտեսական

Վերականգնենք անտառները

Վերականգնենք անտառները

Անտառագետները պնդում են, որ Հայաստանի անտառները հիմնականում ունեն բնապահպանական նշանակություն, եւ եթե նախկինում (20-25 տարի առաջ) դրանք էական դեր չեն ունեցել երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, բացառությամբ 230 անտառամերձ համայնքների, ապա այսօր անտառի դերն ու նշանակությունը փոխվել է անտառամերձ համայնքների համար` ծառայելով որպես լրացուցիչ եկամտի աղբյուր, օրինակ՝ անասնակերի ապահովման կայուն բազա, համայնքի ջրային ռեսուրսների պահպանման միջոց, վառելիքի շտեմարան եւ այլն:

 

Այսօր, ըստ մասնագետների, անտառային կենսաբազմազանությունը զգալիորեն աղքատացել է, արդյունքում` զգալիորեն վնասվել են բնական աճելավայրերը՝ բազմաթիվ հազվագյուտ տեսակներ անհետացման վտանգի առաջ կանգնեցնելով: Այս հանգամանքից ելնելով` Եվրամիությունն արդեն երրորդ տարին է` Հարավային Կովկասի երեք երկրներում իրականացնում է «Անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագիրը: Հայաստանում վերոհիշյալ ծրագիրն իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան)` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ` պիլոտային տարածքներում՝ Գուգարքի (Սպիտակի՝ 72 հա) եւ Նոյեմբերյանի (Նոյեմբերյանի՝ 78 հա) անտառտնտեսություններում:

 

WWF-Հայաստանի անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանի խոսքերով` անտառի տրանսֆորմացիայի ծրագրի նպատակն է միատարր անտառները դարձնել ավելի կայուն կլիմայի փոփոխության նկատմամբ, դրանով իսկ բարելավել կենսաբազմազանությունը եւ զարգացնել տեղի բնակչության ապրուստի միջոցները:

 

1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին մեծածավալ ծառահատումների արդյունքում, անտառածածկ տարածքների կրճատումից բացի, տեղի է ունեցել ծառատեսակային կազմի անցանկալի փոփոխություն՝ բարձրարժեք հաճարի, սոճու, կաղնու ծառուտներին փոխարինելու են եկել ցածր արդյունավետության ծառատեսակները:

 

«Տնկման եւ ցանքի աշխատանքներում օգտագործվել են միայն տեղական ծառատեսակների սերմերը եւ տնկիները՝ թխկին, կաղնին, հացենին, խնձորենին եւ տանձենին»,- նշում է Ա. Ալավերդյանը՝ հավելելով, որ ծրագրում ներգրավված անտառտնտեսությունները ցանկապատվել են` մարդածին բացասական ազդեցությունները մեղմելու համար:

 

Վերոհիշյալ ծրագրով նաեւ կարեւորվել է անտառամերձ համայնքների հզորությունների եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, ստեղծվել են նաեւ աշխատատեղեր:

 

Գ. ՆԱՆՅԱՆ

Լոռու մարզ- Երեւան

Լուսանկարները՝ հեղինակի