Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
4 տարի առաջ Արթուր Պետրոսյանի մոտ քաղցկեղ է բացահայտվել։ 15 կուրս քիմիոթերապիան չի օգնել նրան հաղթել հիվանդությունը՝ 3 կուրս ստացել է Ստեփանակերտում, այնուհետև «Կարմիր խաչի» միջոցով շրջափակման օրերին տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, որտեղ ևս 12 կուրս բուժում է ստացել։ Դրան հաջորդել է վիրահատությունը։ Սակայն այս ամենը բավարար չէին հիվանդությունը հաղթահարելու համար։ Վերջերս պարզվել է, որ Ա․ Պետրոսյանը պետք է ևս 12 կուրս քիմիոթերապիա ստանա, որից հետո ևս մեկ բարդ վիրահատություն պետք է տանի։ Այն պետպատվերի շրջանակում է, իսկ քիմիոթերապիայի կուրսը՝ ոչ։
-1 կուրսի համար վճարել եմ 520 հազար դրամ։ Դեղերի կտրոնները պահպանել և հանձնել եմ Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարություն։ Այդ գումարները ինձ պետք է փոխհատուցեին, որպեսզի կարողանամ շարունակել իմ բուժումը,-պատմում է Ա․ Պետրոսյանը։
Արցախի Հանրապետության Կառավարության որոշմամբ քաղցկեղով հիվանդների համար գործում էր աջակցության ծրագիր՝ մինչև 5 մլն․ դրամի ֆինանսական օգնություն և դեղորայքի, քիմիոթերապիայի և վիրահատության փոխատուցում։ Այդ ծրագրի շահառուներից էր նաև մեր զրուցակիցը։ Դեռևս 2023թ․ դեկտեմբերին նա անհրաժեշտ փաստաթղթերն ու կտրոնները ուղարկել էր նախարարություն, սակայն այդպես էլ ծրագրից օգտվել չի ստացվել։ Այսօր ո՛չ կառավարության կայքը կա՝ համապատասխան որոշմամբ, ո՛չ պատասխանատուները։
Բռնի տեղահանումից հետո չգիտի՝ ուր և ում դիմել։
ՀՀ-ում քիմիաթերապեւտիկ բուժումը համավճարային սկզբունքով է՝ տարեկան մինչեւ 300 հազար դրամի չափով
Արցախի օրենսդրությունն ու այնտեղի առողջապահական ծառայությունները տարբերվում էին ՀՀ-ում տրամադրվողից՝ ասում է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը։
«ՀՀ-ում քիմիաթերապեւտիկ բուժումը համավճարային սկզբունքով է իրականացվում․ տարեկան մինչեւ 300 հազար դրամի չափով փոխհատուցում է պետությունը՝ անկախ նրանից, թե քանի սեանս է իրականացվելու՝ առավելագույն գումարը 300 հազար է, իսկ մնացած գումարն արդեն պացիենտներն են վճարում՝ հաստատված չարորակ նորագոյացություններ ունեցող պացիենտների քիմիաթերապեւտիկ բուժման մասին է խոսքը»,-մանրամասնում է Լիանա Բարսեղյանը։
Ընդ որում, նա ընդգծում է, որ այդ 300 հազար դրամը պացիենտին առձեռն չի տրամադրվում․ նա պետք է դիմի իրեն սպասարկող պոլիկլինիկայի կամ ամբուլատորիայի բժշկին՝ ընտանեկան բժշկին, եւ հիվանդանոցային քիմիաթերապեւտիկ բուժման ցուցումների դեպքում նրան կուղեգրեն համապատասխան բուժհաստատություն։ Այդ բուժհաստատությունում նա կստանա ծառայությունը, որի դիմաց պետությունը այդ բուժհաստատությանը կփոխանցի տարեկան մինչեւ 300 հազար դրամ։ Բոլոր դեպքերում պետությունը փոխհատուցումը տրամադրում է հիվանդանոցին, ոչ թե պացիենտին։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք հաշվառվեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող առաջնային բուժսպասարկման օղակում, որտեղ էլ նրանց ընտանեկան բժիշկ կկցվի եւ բոլոր ծառայությունները կստանան այնտեղ կամ կուղարգրվեն համապատասխան հաստատություն։
Արցախցիների անձնագրի նմուշը՝ 070 կոդովը, փախստականի կարգավիճակը կամ ՀՀ քաղաքացիություն ստացած լինելը, ըստ Լիանա Բարսեղյանի, որեւէ կապ չունի՝ բոլորը իրավունք ունեն ստանալու անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնություն ՀՀ-ում։ Սա սահմանվել է Կառավարության որոշմամբ, որում նրանք ճանաչվել են որպես բռնի տեղահանված եւ տուժող անձինք եւ իրավունք են ստացել օգտվելու անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնությունից։ Ի դեպ, այս նույն ծառայություններից անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվում են նաեւ սոցիալական խմբերում ընդգրկված ՀՀ քաղաքացիները։
Արտոնյալ համարվում են այն ծառայությունները, որոնք համավճարային սկզբունքով են մատուցվում, ինչպես օրինակ քիմիաթերապեւտիկ բուժումը, որը ինչպես ՀՀ սոցիալապես անապահով քաղաքացիների, այնպես էլ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվում է տարեկան առավելագույնը 300 հազար դրամ բուժհաստատությանը փոխանցելով։ Իսկ վիրահատական եւ ճառագայթային բուժումը իրականացվում է անվճար։
Քաղցկեղով հիվանդ արցախցի 48-ամյա մեր հայրենակիցը միայնակ կրում է 7 հոգանոց ընտանիքի հոգսը
Քաղցկեղով հիվանդ 48-ամյա մեր հայրենակիցը միայնակ լուծում է 7 հոգանոց ընտանիքի՝ այդ թվում 4 զավակի հոգսը։
-Մեծ ընտանիք ենք՝ հայրս, կինս, ես և 4 երեխաներս։ Միայն ես եմ մեր տանը աշխատում՝ դասավանդում եմ երաժշտական դպրոցում։ Արդեն պետք է սկսեմ բուժման 2-րդ փուլը, որը պարունակում է քիմիոթերապիայի 12 կուրս։ Գումարի խնդիր կա, չեմ կարողանում դեղ ձեռք բերել։ Այդ պատճառով մինչև հիմա չեմ սկսել բուժումս,-պատմում է Ա․ Պետրոսյանը։
Արցախում ֆինանսական խնդիր չունեին, ընտանիքի բոլոր անդամներն աշխատում էին, նաև տուն էին տրամադրում վարձակալությամբ։ Այդ գումարը բավարարում էր ապրելու և հիվանդության դեմ պայքարելու համար։ Չնայած այդ ամենին, բուժման համար նաև գործընկերներն են օգնել։ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է․ ընտանիքը զրկված է ամեն ինչից՝ միակ եկամուտը իր աշխատավարձն է և բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10 հազար դրամ աջակցությունը, որը, ամենայն հավանականությամբ, գործելու է մինչև տարվա վերջ։
Հայրենիքի, տան, եկամտի աղբյուրների կորստից հետո կյանքի ու մահվան պայքար տվող արցախցին մենակ է իր բաժին մարտում։ Ամեն օրը կարևոր է, որոշիչ։
Հարազատների միակ հույսը հանրությանը դիմելն է դրամահավաք կազմակերպելու համար, սակայն մեր պատմության հերոսը չի պատրաստվում նման քայլի գնալ։
-Այսօր քննարկվում է բնակապահովման ծրագիր, ՀՀ քաղաքացիության հարց և այլն։ Ես չգիտեմ՝ հասցնելո՞ւ եմ օգտվել նման ծրագրերից, թե՞ ոչ։ Իմ միակ խնդիրը որքան հնարավոր է երկար ապրելն ու ընտանիքիս և երեխաներիս սատար կանգնելն է,-ցավով է նշում բոլորիս օգնության կարիքն ունեցող արցախցին։
Ի՞նչ ծառայություններից կարող են արտոնյալ պայմաններով օգտվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները
Ինչպես սոցիալական խմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները իրավունք ունեն անվճար օգտվելու առողջության առաջնային պահպանման օղակում տրամադրվող բոլոր ծառայություններից՝ մասնագիտական խորհրդատվություններ, լաբորատոր ախտորոշիչ գործիքային հետազոտություններ, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, օրինակ՝ ՄՌՏ, ԿՏ, կորոնարոգրաֆիա։ Եթե կարիքը լինում է՝ ընտանեկան բժիշկը պացիենտին ուղեգրում է հետազոտության։
«Հիվանդանոցային ծառայություններից կարող են օգտվել պետության կողմից երաշխավորված պայմաներով․ դրանց մեջ մտնում է նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները, ինչպիսիք են սրտի վիրահատությունները, թանկարժեք մետաղական կոստրուկցիաներով կիրառվող վնասվածքաբանական ծառայությունները, նյարդավիրաբուժական թանկարժեք ծառայությունները եւ այլն։ Վիրահատությունները անվճար են՝ սրտի բաց վիրահատությունը, սրտի փականների պրոթեզավորումը, աորտայի անեւրիզմաների վիրահատությունները, ստիմուլյատորների տեղադրումը, սրտի ռիթմը վարող սարքերի տեղադրումը․․․ այդ ամենը անվճար է»,-վստահեցնում է Լիանա Բարսեղյանը։
Արցախից բռնի տեղահանված անձինք, որպես բռնի տեղահանված անձ, արդեն դիտարկվում են որպես սոցիալական խումբ եւ, սոցխմբերում ընդգրկված ՀՀ քաղաքացիների պես, նրանց համար եւս անվճար են նշված բոլոր ծառայությունները։
«Նաեւ ստոմատոլոգիական ծառայություններից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք՝ ատամի թերապեւտիկ բուժում, ատամի հեռացում։ Պրոթեզավորել էլ կարող են՝ օրթոպեդիկ ստոմատոլոգիան իրենց համար անվճար է։ Ընդգրկված են բոլոր այն ատամնաբուժական կամ այլ բժշկական հաստատություները, որոնք առողջապահության նախարարության հետ կնքել են պետպատվերի պայմանագիր։ Եթե առողջության առաջնային պահպանման օղակում բժիշկը դեղ է նշանակում՝ կառավարության 642 Ն որոշման համաձայն նրանք էլ անվճար այդ դեղերը կարող են ստանալ, եթե դրանք գրանցված են հիմնական դեղերի ցանկում։ Անվճար է նաեւ ծննդօգնությունը»,-վստահեցնում է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը։
Արթուր Պետրոսյանի կյանքը փրկելու մեխանիզմ պետությունը չունի՝ միակ հույսը բոլորիս նվիրատվություններն են
Քանի որ կառավարության որոշմամբ՝ միայն 300 հազար դրամի չափով հնարավոր կլինի փոխհատուցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակցի քիմիաթերապեւտիկ բուժման ծախսը, իսկ իրականում անհրաժեշտ է դրանից մի քանի անգամ ավելին, հրապարկում ենք հաշվեհամար, որին բոլոր ցանկացողները կարող են գումար փոխանցել։
7 հոգանոց ընտանիքի միակ կերակրողի եւ տաղանդավոր երաժիշտի ու մանկավարժի կյանքը փրկելու համար ամեն օրը նշանակություն ունի։
ELINA PETROSYAN ACBA BANK
220591156215000AMD 220591820471958RUR
220591511211002EUR
Իրինա Հայրապետյան
Աննա Բալյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ: