կարևոր
8821 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-07 13:40
Քաղաքական

ՀՀ անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության հիմնաքարն է․ Արփի Աբրահամյան

ՀՀ անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության հիմնաքարն է․ Արփի Աբրահամյան

1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունն ընդունեց ՀՀ Սահմանադրությունը.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը» :
Ներկայումս ՀՀ ազգադավ իշխանությունը քայլ առ քայլ իրականացնում է հայոց պետականության իրավական հիմքերի կազմաքանդումը, հերթական անգամ իրագործում թուրք-ադրբեջանական դաշինքի պահանջները.

Ալիևի պահանջով ՀՀ իշխանությունը ցանկանում է ընդունել Հայաստանի նոր սահմանադրություն, որպես Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագրի» կնքման նախապայման։
Այսինքն՝ Հայաստանը պետք է ունենա թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող սահմանադրություն այնպիսի դրույթներով, որոնք ոչ միայն կապ չեն ունենա ՀՀ ներկայիս սահմանադրության հետ, այլև՝ տրամաբանորեն ընդհանրություն չեն ունենա ՀՀ Անկախության հռչակագրի հետ:

ՀՀ Անկախության հռչակագրի 12-րդ կետում ասվում է.

Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ` փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության մշակման համար (23 օգոստոսի 1990 թվականի, քաղ. Երևան հ.0072-1) :

Հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական թիրախում ՀՀ Սահմանադրության հիմնաքարն է՝ ՀՀ Անկախության հռչակագիրը:

Չէ՞ որ ՀՀ Անկախության հռչակագիրը հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնում է 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները:
Թուրք-ադրբեջանական դաշինքի նպատակը ոչ միայն ՀՀ նոր սահմանադրության ընդունումն ու ՀՀ խորհրդանիշների փոփոխումն է, այլև նոր սահմանադրությամբ ՀՀ Անկախության հռչակագրի իրավական ուժի չեղարկումը, իսկ դա նշանակում է դադարեցնել ՀՀ անկախ պետականության սուբյեկտայնությունը:

Անդրադառնանք ՀՀ Անկախության հռչակագրի որոշ դրույթների, հասկանանք, թե ինչ իրավական ուժից են ցանկանում մեզ զրկել.

-Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: -Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: -ՀՀ ամբողջ տարածքում գործում են միայն ՀՀ Սահմանադրությունը և օրենքները:

-Հայոց պետականության կրողը ՀՀ ժողովուրդն է, որն իր իշխանությունն իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով` ՀՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա:
-Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է ՀՀ քաղաքացիություն: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: ՀՀ քաղաքացիները գտնվում են պետության պաշտպանության և աջակցության ներքո (Նոր սահմանադրությամբ, անկասկած, սփյուռքահայերի համար քաղաքացիություն ձեռք բերելու «նոր պայմաններ» կթելադրվեն, ներկայումս օտարազգիների արհեստական մեծաքանակ առկայությունը ՀՀ-ում հեռահար նպատակ է հետապնդում՝ հայի ինքնության, գենի ոչնչացման):

-Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը (նոր սահմանադրությամբ թուրք-ադրբեջանական դաշինքը կիրագործի իր հեռահար նպատակը, ինչպես Արցախում՝ զինաթափել Հայաստանը, ՀՀ զինված ուժերը):

-Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն Գերագույն խորհրդի որոշմամբ (ՀՀ և ՌԴ միջև 1995 թ. մարտի 16-ին կնքվել է պայմանագիր ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին: Պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականն է : Նոր սահմանադրությամբ, անկասկած ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կմղվի Հայաստանից: ՀՀ իշխանությունը գնում է ռազմաքաղաքական վեկտորի փոփոխության):

-Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն (նոր սահմանադրությամբ, անկասկած, Հայաստանը որպես սուբյեկտ կդադարի գոյություն ունենալուց):

-Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով (ինչպես Արցախում է ներկա պահին տնօրինում թուրք-արդբեջանական դաշինքը, նույնը սպասվում է Հայաստանին):

-Հայաստանի Հանրապետությունն ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառնությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ (նոր սահմանադրությամբ կշարունակվի, իրավական ուժ կունենա Հայոց պատմության աղավաղումը, ազգային մշակույթի, ազգային հիշողության ոչնչացումը):
-Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին (նախապայմանի ընդունումը նշանակում է չեղարկել ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը, հետ կանգնել պահանջատիրությունից, հայը իրավունք չի ունենա ցեղասպանության մասին նույնիսկ խոսել) և այլն:

ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ նոր սահմանադրության ընդունման դեպքում գոյություն չեն ունենա՝ հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը, հոդված 15. Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությունը, հոդված 19. Հայկական Սփյուռքի հետ կապերը, հոդված 20. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները և այլն:

Անդրադառնանք ՀՀ Սահմանադրության հոդված 18-ի 1-ին կետին. Հայաստան Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում :

Ինչպես նաև՝ 2007 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում առանձնահատուկ ներկայացված է, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, բարոյական, սոցիալական և մշակութային գործունեությանը:

ՀՀ ներկայիս իշխանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը նվազեցրել է. 2020-ի ազգային անվտանգության ռազմավարությունում Հայ ժողովրդի ազգային արժեքներ բաժնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դասվել է Հայ կաթողիկե եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու շարքում :

2018-ից սկսվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հալածանքները: Եկեղեցու դերը նվազեցնելու նպատակով աղանդներին հավասարեցնում են Հայ առաքելական եկեղեցուն:
ՀՀ իշխանության հակահայ քաղաքականությունը, հայ հասարակության բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության թերի վիճակը հայ ազգին կանգնեցրին Հայոց պետականության գոյութենական պայքարի առջև:

Այս խոսքը Անկախության Սրբազան պայքարի կոչ է համայն հայությանը.

Հայ ազգով համախմբվենք ազգային ազատագրական պայքարի, քանդենք թշնամու հայադավ ծրագրերի շղթան, տեր կանգնենք Հայոց պետականությանը, Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին:

Արփի Աբրահամյան

«Դրօշակ» թիվ 7, 2024թ.