Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը գրում է․
«Էսէռական, գրող եւ բժիշկ` Լեւոն Աթաբեկեանը ՀՅԴ-ի մասին
Լեւոն Աթաբէկեանը ծնուել է Շուշիում 1875թ., ազնուական Աթաբէկեան մելիքական գերդաստանի մէջ, որի տոհմական բնակավայրն էր Ջրաբերդ գաւառի Կուսապատ գիւղը: Նախնական կրթութիւնը ստացել է Շուշուայ ռէալական դպրոցում եւ աւարտել 1893թ.: Նոյն թուականին մօր հետ մեկնել է արտասահման եւ յաճախել Լայպցիգի համալսարանի հասարակական գիտութիւնների բաժանմունք: 1897թ. փոխել է ընտրած մասնագիտութիւնը, տեղափոխուել Ցիւրիխի համալսարանի բժշկական բաժանմունք եւ աւարտել 1903թ․:
Աթաբեկեանը վերադառնալով հայրենիք՝ 1905թ. հաստատուել է Շուշիում, ուր զբաղուել թէ՛ բժշկութեամբ եւ թէ՛ հասարակական-յեղափոխական գործունէութեամբ՝ ՀՅ Դաշնակցութեան շարքերում: Լեւոն Աթաբէկեանը աստիճանաբար քննադատական վերաբերմունք է դրսեւորել ՀՅԴ գաղափարախօսութեան եւ գործելակերպի նկատմամն, բայց այդ հանգամանքն արգելք չի հանդիսացել, որպէսզի 1904-1907թթ․ դառնայ յիշեալ կուսակցութեան եռանդուն եւ ազդեցիկ անդամը: Ի վերջոյ հրաժարուել է ՀՅԴ շարքերից 1907թ. եւ յարել Ռուսաստանի Սոցիալիստ-Յեղափոխական կուսակցութեանը (էսէռ): Մահացել է 1918թ․, Հայաստանի անկախութիւնից առաջ։
(Տես՝ Զաքարեան Անուշաւան, «Ազգային գործիչը. Լեւոն Աթաբեկեան» աշխատութիւնը)
Աթաբէկեանը (ծածկանուամբ՝ Ռիխարդ), որպէս մի խումբ երիտասարդ դաշնակցականներից բաղկացած «անջատականներ»-ի խմբի գլխաւոր ղեկավար, աչքի է ընկել Վահան Նաւասարդեանի բնորոշմամբ՝ «մոլի հակադաշնակցական» հրապարակային գրութիւններով եւ ելոյթներով։ Այդուհանդերձ Լեւոն Աթաբեկեանն այսպէս է արտայայտուել Դաշնակցութեան մասին․
«Որքան էլ ժխտական լինի մեր վերաբերմունքը դէպի Դաշնակցութիւնը, որքան էլ որ մեծ լինեն նրա մեղքերը հայ ժողուվուրդի առաջ, այնուամենայնիւ մենք չենք կարող չխոստովանել, որ նա ընդունակութիւն ունի ականջ դնելու հայ ժողովուրդի զանգուածների զարկերակին, իսկ հայ ժողովրդական զարկերակը գերազանցապէս յեղափոխական է: Եւ երբ ինքը Դաշնակցութիւնը կամենայ լինել ռէակցիոն՝ յետադիմական, հայ աշխատաւոր մասսանները կը խանգարեն նրան»։
(Յառաջ օրաթերթ, ՀՅԴ Երեւանի ԿԿ-ի պաշտօնաթերթ, Երեւան, 1920 մայիսի 8, էջ 3)
Հանգամանքներն անշուշտ փոխուել են անհամեմատելիօրէն, սակայն «մոլի հակադաշնակցական»-ի բնորոշած՝ հայ ժողովրդական զարկերակին անսալու ընդունակութիւնը, որն իդէպ ասոսացուած է ՀՅԴ էութեան հետ, եբթակայ չի կարող լինել որեւէ փոփոխութեան։
Խորապէս հաւատում եմ նաեւ Լեւոն Աթաբեկեանի միւս հաստատմանը, համաձայն որի․ «հայ ժողովրդական զարկերակը գերազանցապէս յեղափոխական է»»։