Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայում միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված է շուրջ 1,5 միլիարդ ամերիկյան դոլարի հայցապահանջ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից:
Ընդհանուր առմամբ, ներկա պահին միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում քննվում է Հայաստանի մասնակցությամբ 7 վեճ:
«Հարկ է նկատի ունենալ, սակայն, որ հայցապահանջների չափերը հայցվորների կողմից միակողմանի ներկայացված գումարներ են, որոնք ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ քննության արբիտրաժային տրիբունալների կամ օտարերկրյա դատարանների կողմից՝ գործով ապացույցների լույսի ներքո»,-հայտնել են Գրասենյակից, որպես օրինակ մատնանշելով Rasia FZE and Joseph K. Borsowski-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործը, որով հայցվորները Հայաստանի Հանրապետությունից պահանջել էին շուրջ 225 մլն ԱՄՆ դոլար, սակայն արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է պահանջը:
Նշենք, որ միջազգային արբիտրաժային գործերի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու համար ՀՀ կառավարությունը ներգրավվել է մի շարք միջազգային իրավաբանական գրասենյակների: Միջազգային արբիտրաժային գործերով իրավաբանական և փորձագիտական ծառայությունների համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում պետբյուջեից:
Մինչ օրս Հայաստանի Հանրապետության դեմ ամենամեծ գումարային պահանջը՝ շուրջ 1,2 մլրդ դոլարի, ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝ Walnort Finance Limited –ը: Հիշյալ ընկերությունը Հայաստանի կառավարությանը մեղադրում է իրենց ներդրումային հնարավորությունը խաթարելու համար: Ըստ ընկերության, երբ Պղնձամոլիբդենային կոմբինատի 75 տոկոսի հիմնական բաժնետերը՝ գերմանական Cronimet ընկերությունը վաճառում էր իր բաժնետոմսերը, իրենց պիտի տրվեր բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք, սակայն իրենք չեն կարողացել այդ իրավունքից օգտվել:
« «Վոլնըրթ»-ի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությունում, խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել Զանգեզուրի Կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելու», - նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում:
ՀՀ կառավարության դեմ արբիտրաժային վարույթ սկսելու վերաբերյալ հայցադիմումը 2024թ. հունիսի 21-ին ներկայացվել է միջազգային ներդրումային վեճերի կարգավորմամբ զբաղվող Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն:
Հայցի առնչությամբ դեռևս հունիսին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ ստացել են իրավական վեճի և վեճը արբիտրաժի միջով լուծելու ծանուցումներ, և որ Հայաստանի Հանրապետությունը դեռ պետք է ներկայացնի իրավական դիրքորոշում ի պատասխան ներկայացված պահանջների:
Աղբյուրը՝ NEWS.am