Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Թշնամիները արդեն մտել են Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածք։ Գյուղի դպրոցից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա են։ Տեղացիներն արդեն մտահոգվում են՝ չպատկերացնելով, թե ինչպես են սեպտեմբերին իրենց երեխաներին դպրոց ուղարկելու։
Կիրանցի բնակիչները ևս մեր քույրերն ու եղբայրներն են, և նրանց անվտանգության ու բարեկեցության համար պիտի ջանքեր գործադրենք, բայց շատ անկեղծ ասեմ՝ որպես ազգային գործիչ' խորապես վիրավորված եմ Կիրանցի բնակիչներից (մեծ մասից):
Դեռևս 2021 թվականից, երբ ընկերոջս՝ Վահե Սարգսյան-ի հետ մեկնում էի Տավուշ ու մարդկանց հետ խոսում սպասվող վտանգների մասին, ցույց տալիս կոնկրետ գծերը, որոնք Նիկոլը տալու է թշնամուն՝ հայերի երեխաների կյանքը վտանգի ենթարկելով, շատերը, այդ թվում Կիրանցի հանդիպող բնակիչները մեղադրում էին, թե մի ասեք, որ չլինի, ուր գնում եք, հանձնվում է։ 2021-ի մայիսի վերջին , երբ Նիկոլը հանձնում էր Սյունիքի Իշխանասարի գագաթն ու Սև լիճը, ես Տավուշում զգուշացնում էի' պետք է կանգնեցնել Նիկոլին, քանի որ հերթը հասնելու է նաև այստեղ, իսկ Կիրանցի բնակիչներից շատերը անձամբ ինձնից պահանջում էին Նիկոլին բան չասել, քանի որ նա է իրենց փրկիչը։
2021-ի հունիսի արտահերթ ընտրությունների ժամանակ Կիրանց գյուղի 301 ընտրողից 121-ն ընդհանրապես չքվեարկեց ու անտարբեր մնաց, իսկ 182-ը գնաց քվեարկության, որից 140-ը իր ձայնը տվեց Նիկոլի ՔՊ կուսակցությանը' վստահելով իր ապագան շնագայլերին։
Համարեցինք, որ խաբվեցին քարոզին։
Ես և ընկերներս շարունակեցինք Տավուշի վտանգված բնակավայրերում մարդկանց տեղեկացնել սպառնացող վտանգների մասին ու ներկայացնել դրանք կանխելու միջոցներ։ Դա կարող էինք, իշխանական ռեսուրսներ ու փող չունեինք, որ ավելին անեինք։ Եղան քիչ մարդիկ, որոնք ընդառաջ քայլ արեցին, միասին ամրացրինք, ուժեղացրինք Կիրանցի առաջնագծի դիրքերը՝ քողարկիչներ և այլ կարևոր բաներ... բայց 2023-ի վերջին, հետո արդեն 2024-ի սկզբին իմանում ենք, որ Նիկոլը գնում է Կիրանց, հանդիպում տեղացիների հետ, ինչ-որ խոստումներ տալիս ու միաժամանակ խնդրում գաղտնի պահել իրենց խոսակցության բովանդակությունը, որ ինքը կարողանա պաշտպանել Կիրանցը։
Ու այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ խաբվել են Նիկոլից և միաժամանակ անշահախնդիր օգնություն ստացել ինձնից ու ինձ նման մարդկանցից, մեզնից խիստ գաղտնի են պահում Նիկոլի հետ խոսակցությունը։ Հետո Կիրանցի բնակիչները պատվիրակություն են ուղարկում Երևան, էլի հանդիպում են Նիկոլի հետ, դուրս են գալիս լացակումած, բայց էլի գաղտնի են պահում բոլոր խոսակցությունները' չվստահելով ոչ լրագրողներին, ոչ ազգային գործիչներին, ոչ որևէ ընդդիմադիրի։
Նիկոլը խոստացել էր իրենց հարցերը լուծել։
Նիկոլը, իրոք, լուծեց Կիրանցի հարցերը՝ գյուղի մի մասը նվիրելով թշնամուն։ Ու այն ժամանակ, երբ թշնամու քարոզչությունը հորթի հրճվանքով պատմում էր Նիկոլից ստացած հերթական նվերի մասին, Կիրանցի որոշ բնակիչներ թաքուն բանակցում էին Տավուշի մարզպետի կամ նրա ներկայացուցչի հետ' իրենց ունեցվածքի դիմաց փող ստանալու համար։ Ոմանք երևի ստացան ու լռեցին, ոմանք էլ սկսեցին օգնության կանչել ընդդիմադիրներին և իրենք էլ մտան պայքարի մեջ, բայց արդեն ուշ էր։
Ժողովուրդը ասում է՝ Զատիկից հետո կարմիր հավկիթը պետք չի...
Կիրանցը հնարավոր էր ամուր պահել, եթե մարդիկ հեռատեսություն ունենային։
Հիմա, ցավոք սրտի, Կիրանցից շատերը կլքեն գյուղը։ Մարդիկ չեն ապրի մի վայրում, որից մետրեր այն կողմ զինված թշնամին է։ Նույնը եղավ Սյունիքի Շուռնուխում, Որոտանում, Դավիթ Բեկում, Ներքին Հանդում և այլուր։
Կիրանցի բնակիչները, նույնիսկ նրանք, ովքեր այդքան մեծ վիրավորանք են անձամբ ինձ հասցրել իրենց վարքով, շարունակում են մնալ ինձ համար եղբայրներ և քույրեր, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են' հաճախ միամիտ, դյուրահավատ, երբեմն էլ Նիկոլի ու նրա մանկլավիկների խոստացած մեծ փողերից խաբված։ Բայց Կիրանցը մերն է, Կիրանցի բնակիչն էլ է մերը, հետևաբար ինքս և իմ ընկերները կշարունակենք պայքարը հանուն հայրենիքի, որքան էլ սկզբում մեղադրեն մարդիկ, հետո օգնության կանչեն։
Հայրենիքը պետք է սիրել՝ անկախ այնտեղ եղած քաղաքական ռեժիմից և ժողովրդի վարքից»։